«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ «ԱրմենՏել» ընկերությունն այսօր կնքեցին երկարատեւ համագործակցության հուշագիր, որով «ԱրմենՏելը» կհովանավորի հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրեր:
Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց, որ արդեն 3 տարի է, ինչ «ԱրմենՏելն» իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր: Իրականացվել է 80 ծրագիր եւ, ըստ Իգոր Կլիմկոյի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը կապահովի կայուն զարգացում՝ տնտեսական առաջընթացի ծրագրերը չեն վնասի բնությանը:
Հիմնադրամն ու «ԱրմենՏելը» նախատեսում են Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան, Արմավիրի մարզի Շենիկ, Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան գյուղերի ավելի քան 100 ուսուցչի համար կազմակերպել համակարգչային գիտելիքների, ինտերնետում աշխատելու, տեղեկատվական ռեսուրսներն օգտագործելու դասընթացներ:
Բացի սրանից, կշարունակվի հիմնադրամի «Ես ճիշտ տոպրակ եմ» ծրագիրը. կկարվեն կտորե տոպրակներ, որոնք անվճար կբաժանվեն մեր համաքաղաքացիներին՝ պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելու նպատակով:
Կարդացեք նաև
Համագործակցության հուշագիրը կնքված է առայժմ մեկ տարով, գումարի չափը չի նշվում, սակայն կողմերը պատրաստակամ են հաջող արդյունքի դեպքում ավելացնել թե պայմանագրի գործողության ժամկետը, թե տրամադրվելիք գումարը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ