Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալը երկու երես ունի

Հունվար 31,2012 14:02

Ինսբրուկում ավարտված ձմեռային պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի երեք ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին:

Անդրադառնալով մեր պատանի մարզիկների մասնակցությանը՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Armnoc.am»-ին տված հարցազրույցում, չժխտելով, որ դա կանխատեսելի էր, նշել է, թե այդուհանդերձ, ափսոսում է, որ Հայաստանից ընդամենը երեք մարզիկ է հանդես եկել: Հարցին, թե նախապես մերոնց թույլ պատրաստվածության մասին տեղյակ լինելով, այնուամենայնիվ, նրանք գործուղվել են օլիմպիական խաղեր եւ ո՞ր կազմակերպությանը կամ ո՞ւմ պետք է մեղադրել անհաջողության համար, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանել է. «Դուք դե՞մ եք, որ դահուկորդների ենք ուղարկել մրցումների: Իսկ ես ափսոսում եմ, որ ընդամենը երեք մարզիկ է ներկայացրել մեր երկիրը: Կուզեի, որ խաղերի ծրագրում ընդգրկված բոլոր մարզաձեւերի մրցաշարերում ունենայինք ներկայացուցիչներ: Մեր նպատակն է՝ առաջին հերթին համալիր մրցումների ուղարկել պատանիներին, որպեսզի նրանք հարստացնեն իրենց մրցափորձը, տեղյակ լինեն մարզական անցուդարձին: Ավելին ասեմ. մերոնք առաջին անգամ նստեցին ինքնաթիռ:

Հարցնում եք մեղավորների մասին: Թյուր կարծիք կա, թե ընդհանրապես օլիմպիական խաղերի արդյունքների համար պատասխանատու է ՀԱՕԿ-ը: Միանգամից ասեմ, որ մեր համակարգում չունենք համապատասխան մարզադպրոց: Իսկ հայրենական սպորտին կառավարության հատկացրած գումարը տնօրինում է ոչ թե սպորտի նախարարությունը, ինչպես եղել է նախկինում, այլ մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաները: Նրանք են կազմում մարզական միջոցառումների տարեկան օրացույցը, պլանավորում ուսումնամարզական հավաքները, մրցումները, կազմում թիմերը եւ այլն: Բայց հանդերձավորման եւ օլիմպիական մրցուղերթների հետ կապված բոլոր հարցերին լուծում է տալիս ՀԱՕԿ-ը, որը ՄՕԿ-ի անդամ է ու պարտավոր է նրա հովանու ներքո անցկացվող միջոցառումներին արձագանքել»:

Խոսելով ձմեռային մարզաձեւերի ուղղությամբ մարզերում տարվող աշխատանքների մասին՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Մեկ ամսից ձմեռը կվերջանա, իսկ մեզանում հատուկենտ միջոցառումներ են տեղի ունեցել: Մինչդեռ, երկրի շատ մարզերում, ասենք՝ Շիրակում, Գեղարքունիքում, Սյունիքում, Արագածոտնում, Կոտայքում, կան բնակավայրեր եւ տեղանքներ, որտեղ կարելի է սահել ու մրցել նույնիսկ մինչեւ հունիս ամիսը: Խոսեմ փաստերով: Տարիներ շարունակ մայիսի 28-ին Արագած լեռան լանջերին դահուկորդների մրցումներով է նշանավորվել ձմեռային մրցաշրջանի փակումը: Կամ՝ ԽՍՀՄ օրոք, այսպես ասած, լճացման տասնամյակների ընթացքում, Հայաստանի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների ծրագրերում տեղ են գտել ձմեռային մարզաձեւերի դասաժամերը: Հիմա նույնիսկ հանրակրթական դպրոցներում դահուկներ չկան եւ ոչ ոք այս առումով չի անհանգստանում: Էլ չեմ ասում նախկինում անցկացվող դպրոցականների ձմեռային ամենամյա սպարտակիադաների, միջշրջանային, համաքաղաքային ու հանրապետական մրցումների մասին… Այսօր, երբ ընդհանուր վիճակը բարդացել է, մեր ցանկությունն է՝ ամեն ջանք գործադրել՝ մարզաձեւերը չմեռցնելու, նրանց գոյությունը պահպանելու համար, մինչեւ լավ օրերի գալը: Կարծում եմ, այս հարցով պետք է անհանգստանան նաեւ ԿԳ նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանների, տարածքային կառավարման մյուս կազմակերպությունների պատասխանատուները:

Ամեն բանից անկախ, ՀԱՕԿ-ը մշտապես աջակցել է հայրենական սպորտին եւ կշարունակի այդ գործընթացը»:

Ամբողջությամբ համաձայն ենք պարոն Հ. Ռոստոմյանի արտահայտած մտքերին: Այո, ՀԱՕԿ-ը աջակցում է հայկական սպորտին ու անում հնարավոր ամեն բան՝ այն զարգացնելու համար: Բայց խնդիրները դրանից ոչ միայն չեն նվազում, այլեւ, ըստ երեւույթին, լուրջ պարզաբանումների ու, գուցե, գործնական միջամտության անհրաժեշտություն ունեն: Այժմ կառավարության՝ սպորտին հատկացվող գումարները տնօրինում են հանրապետական ֆեդերացիաները: Հասկանալի է, որ ֆինանսավորվում են ներկայացված եւ հաստատված ծրագրերը: Հարց է առաջանում. այդ նույն ֆեդերացիաների գործունեությունն արդյո՞ք վերահսկվում է, ո՞վ է հետեւում, թե հատկացված գումարները, որոնք իրականում քիչ են, բայց, միեւնույն է, տրամադրվում են առանց այդ էլ սուղ պետբյուջեից, ամբողջությամբ նպատակայի՞ն են ծախսվում եւ արդյունավե՞տ: Կա՞ ինչ-որ մեկը, որ տարվա, սեզոնի ընթացքում հետեւի ֆեդերացիաների աշխատանքին ու ծախսերին: Թե՞ բավարարվում ենք տարեվերջին ներկայացվող հաշվետվություններով միայն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031