Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնը «փակվում» է

Հունվար 31,2012 13:59

Առաջիկայում վերջապես  կհիմնանորոգվի 1933 թվականին բացված  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը, որը ոչ միայն խարխուլ է, այլեւ  զուրկ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներից: «Առավոտի» այս տեղեկությունը մեզ հետ զրույցում  հաստատեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Նշենք, որ ի սկզբանե բեմը նախատեսված է եղել զանգվածային համերգների, բայց ոչ երբեք օպերային եւ բալետային ներկայացումների համար: 1979-80թթ. թատրոնի շենքը վերանորոգման ենթարկվեց, սակայն բեմը մնաց ուշադրությունից դուրս: 2001-2002թթ. «Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարվեց շուրջ 2 մլն դոլարի վերանորոգման աշխատանք, արդյունքում՝ լիովին վերանորոգվեց տանիքը, տեսքի բերվեց դահլիճը, կառուցվեց կաթսայատուն, օդափոխիչ համակարգ եւ այլն: Բեմում էլ կատարվեցին ընդամենը կոսմետիկ բնույթի  աշխատանքներ:

Կ. Հովհաննիսյանը մտաբերեց 90-ականների սկիզբը, երբ Ադրբեջանը փակել էր Հայաստան եկող գազատարը, ինչի հետեւանքով թատրոնի ստեղծագործական խմբերը փորձերն անցկացնում էին  ծանր պայմաններում, իսկ  ներկայացումներ ցուցադրվում էին միայն ամռան ամիսներին: Սկսած 2003-ից՝ թատրոնն աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ:

Կամո Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հավանաբար մարտի վերջերից կսկսվեն բեմի արդիականացման, վերազինման աշխատանքները. «Օրերս Ավստրիայից կժամանեն Waagner  biro-ի մասնագետները: Մեր բեմի տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է 1960-ականների ստանդարտներին: Վերջին շրջանում էլ աշխատում ենք լարախաղացների կարգավիճակով, ամեն վայրկյան սպասելով ձախողման, չեմ էլ ուզում մտածել հնարավոր դժբախտ պատահարների մասին…»: Տնօրենը  մանրամասնեց, որ մինչ բեմի վերազինման աշխատանքները սկսելը, պետք է քանդել հինը, որից հետո սկսել ժամանակակից տեխնիկայի տեղադրումը: Այս ամենի համար կպահանջվի 4-5 ամիս:

Ռեպլիկին՝ փաստորեն թատրոնը փակվելու է, Կ. Հովհաննիսյանը հուսադրեց. «Բեմի վերանորոգման ու վերազինման ընթացքում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվները կաշխատեն երկու օպերային եւ երկու բալետային պրեմիերաների ուղղությամբ՝ Բիզե՝ «Կարմեն», Պուչինի՝ «Բոհեմ», Չայկովսկի՝ «Շչելկունչիկ» եւ Ադան՝ «Ժիզել»: Ուսումնասիրում ենք հայաստանյան մարզային դահլիճները՝ այս կամ այն ներկայացումները այնտեղ խաղալու նպատակով: Հավանաբար խաղացանկային որոշ ներկայացումներ կցուցադրվեն Գյումրիում, Վանաձորում, Կապանում: Ինչ վերաբերում է մեր ներկայացումները Երեւանի այլ թատրոններում բեմ բարձրանալուն, այս պահին դժվարանում եմ ասել՝ կոնկրետ որ օջախում կլինեն դրանք: Օրինակ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմը կարծես նորմալ է մեզ համար, սակայն այնտեղ չկա նվագախմբային «փոս» կամ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի նվագախմբային «փոս», այն էլ փոքր է մեր նվագախմբի կազմի համար… Մի բան հաստատ է՝ մի քանի ամիս նեղություն կքաշենք, բայց գոնե ի վերջո կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող բեմ: Իհարկե, այս ամենը մեր նախագահի ու վարչապետի աջակցության շնորհիվ է, այն էլ համաշխարհային ճգնաժամի պայմաններում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031