Լրահոս
Օրվա լրահոսը

Որ սարերը մեր՝ չմնան անտեր

Հունվար 31,2012 13:49

Տավուշի մարզում 47 հազար հա արոտավայր կա, որի մեծ մասը հեռագնա սարերում է եւ գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Այդ խնդիրը լուծելուն է ուղղված Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 2011թ. սկզբից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Այն կշարունակվի մինչեւ 2015 թվականը: Ծրագրի Տավուշի մարզային թիմի համակարգող Պավել Ցուցուլյանը հայտնեց, որ մարզից ընդգրկված է 10 համայնք՝ 6-ը՝ Իջեւանի, 4-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից: Ծրագրի «Հեռագնա արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման» բաղադրիչով նախատեսվում է սարամասերում եւ համայնքների տարածքում անասունների համար խմելու ջրի ապահովում, սարերի աղբյուրների հենքի վրա անասունների ջրարբիացման հրապարակների կառուցում եւ խմոցների տեղադրում:

Իջեւանի Ներքին Ծաղկավան գյուղում անցյալ տարի պիլոտային ծրագիր է իրականացվել: Դրա շրջանակներում համայնքի սարում՝ 4 եւ գյուղում՝ 1 խմոց է տեղադրվել, Ներքին Ծաղկավանի, Սեւքարի եւ Կիրանցի սարամասերն իրար կապող ճանապարհն է բարելավվել, այնտեղ տեղադրվել է ջրահեռացման 6 խողովակ: Մինչեւ հունվարի վերջ կկատարվեն Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Աչաջուր, Լուսաձոր համայնքների անասունների ջրարբիացման եւ սարամասերի ջրահեռացման ծրագրերի նախագծա-նախահաշվային աշխատանքները: Նախատեսվում է հեռագնա սարերի էլեկտրիֆիկացում: Իջեւանի սարերում խորհրդային տարիներից առկա են էլեկտրական հոսանքի գծեր, առաջիկայում հոսանքի հենասյուները, լարերը եւ տրանսֆորմատորները կնորոգվեն: Լուսաձորի եւ Նոյեմբերյանի սարերում էլեկտրական հոսանքի գծեր նոր պիտի կառուցվեն: Ծրագրով մարզի 10 համայնքներում ստեղծվել են արոտօգտագործողների կոոպերատիվներ: Ակնկալվում է, որ սպառողական այդ կոոպերատիվներում կընդգրկվի գյուղերի անասնատերերի 70-80%-ը: Իջեւանի 6 համայնքներում կոոպերատիվներն արդեն գրանցվել են պետռեգիստրում: Իսկ Նոյեմբերյանի տարածքի 4 համայնքներում ստեղծված կոոպերատիվները փետրվարին կգրանցվեն: Փետրվարին կարվեն նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում իրականացվելիք ծրագրերի նախագծա-նախահաշվային աշխատանքները: Համայնքներում անասունների կերի լրացուցիչ բազա կստեղծվի, կոոպերատիվների անդամների հողերում կցանվի գարի՝ կորնգանի ենթացանքով: Ցանքի ծախսի կեսը կհոգա ծրագիրը, կեսը՝ ֆերմերը: Նախատեսվում է նաեւ կոոպերատիվների համար ձեռք բերել «Բելոռուս» տրակտորներ՝ խոտհնձիչով, խոտ հավաքող մեխանիզմով եւ այլն: Նախնական տվյալով՝ տրակտորների գնման գումարի 50 տոկոսը կտրամադրի ծրագիրը, 20 տոկոսը՝ կոոպերատիվը, 30 տոկոսը՝ դոնոր մի կազմակերպություն: Նախատեսվում է նաեւ էրոզիայի ենթարկված արոտավայրերի բարելավում. հողի մակերեսային շերտը տրակտորով կփոցխվի եւ շարքացանով կցանվեն խոտաբույսերի սերմեր:

Ծրագրով նաեւ ֆերմերներին գյուղատնտեսական գիտելիքներ են ուսուցանվելու: Մարտ-ապրիլ ամիսներին Իջեւանի Աղբղա սարում կսկսվի կաթի ընդունման եւ վերամշակման արտադրամասի շինարարությունը, 6 կոոպերատիվները կմիավորվեն, շենք կկառուցեն, կաթի ընդունման եւ վերամշակման սարքավորումները կտրամադրի ծրագրի իրականացման գրասենյակը: 10 համայնքներից յուրաքանչյուրում, ընդհանուր առմամբ, կարվեն 240 հազար դոլարի աշխատանքներ: Պավել Ցուցուլյանին հարցրի՝ մտավախություն չկա՞, որ սուղ բյուջե ունեցող համայնքները չեն կարողանա ծրագրի արժեքի 5% ներդրումները կատարել: Նա ասաց, որ համայնքների ղեկավարները հավաստիացրել են, որ ի վիճակի են պահանջվող ներդրումներն ապահովելու: «Առավոտն» արդեն գրել է, որ Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերը բնականոն էլեկտրասնուցում չունեն: Այս ծրագրով կառավարությունը հեռագնա սարերն է էլեկտրիֆիկացնելու: Կողմ լինելով հեռագնա արոտավայրերի էլեկտրիֆիկացմանը, կարծում ենք, որ գյուղերի խնդիրն ավելի կարեւոր է: Խնդիրներ կարող են ծագել նաեւ կաթի ընդունման եւ վերամշակման արտադրամասի գործունեության հետ կապված: Մի քանի տարի առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Իջեւանի Ազատամուտ, Բերդի տարածաշրջանի Նորաշեն եւ այլ համայնքներում կաթի ընդունման կետեր բացեց: Դրանք մինչ օրս անգործության են մատնված: Տա Աստված, որ այս ծրագրով ստեղծվելիք կաթի ընդունման եւ վերամշակման արտադրամասը լիարժեք գործի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031