«www.datalex.am» կայքը ստեղծվել է դատական գործերի մասին տեղեկատվություն տալու համար: Այն, իմ գնահատմամբ, լավագույն նախաձեռնություն է եւ շատ է հեշտացնում շահագրգիռ անձանց ու հատկապես փաստաբաններիս գործը: Այս կայքի միջոցով մարդ աշխարհի յուրաքանչյուր ծայրում կարող է հետեւել իր գործի ընթացքին:
Բայց վերջերս կայքի աշխատանքը սկսել է կաղել, գործերի մասին տեղեկությունները չեն տեղադրվում, եւ մարդիկ մոլորության մեջ են ընկնում:
Այսպես, թիվ ՎԴ/6601/05/11 գործով՝ Ա. Վարտանովն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի եւ «Արդշինբանկ ԲԲԸ» լուծարվող բանկի, կայքում տեղեկություն է տեղադրված միայն այն մասին, որ 05.12.2011թ.-ին միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերվել եւ այն մակագրվել է Աշոտ Սարգսյանին: Այն մասին, թե բողոքը վարույթ ընդունվել է, դատական նիստը երբ է նշանակվել, տեղեկություն առկա չէ:
Թիվ ՎԴ/0676/05/08 գործով՝ «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության, կայքում տեղադրված վերջին տեղեկությունն այն մասին է, որ 30.11.2011թ.-ին վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան) եւ այդ մասին որոշումն ուղարկվել է 05.12.2011թ.-ին: Իսկ թե երբ է դատական նիստ նշանակվել, նշված չէ, այն դեպքում, երբ 26.01.2012թ.-ին հրապարակվել է բողոքն ըստ էության լուծող դատական ակտը:
Կարդացեք նաև
Թիվ ԱՎԴ1/0338/02/08 գործով՝ «Մովսիսյան» ՍՊԸ-ն ընդդեմ Արարատի մարզպետարանի եւ այլնի, կայքում տեղադրված վերջին տեղեկությունը վերաբերում է 2009թ. փետրվարին, այն դեպքում, երբ 2010 եւ 2011թթ. բազմաթիվ դատական նիստեր են տեղի ունեցել, որոշումներ են կայացվել, իսկ 09.12.2011թ.-ին դատարանը (նախագահող դատավոր՝ Գ. Բալյան) վճիռ է կայացրել:
Թիվ ԵՔԴ/0150/02/08 հործով՝ Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Մարատ Գրիգորյանի, Լոլիտա Գրիգորյանի եւ Ջուլիետա Ասրյանի, կայքում տեղադրված վերջին տեղեկությունը վերաբերում է 05.10.2010թ.-ին, այն դեպքում, երբ դրանից հետո, ավելի քան 1 տարի գործը գտնվում է վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան), ավելին, բանավոր տեղեկացել ենք, որ օրերս նաեւ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում է կայացվել, որը նույնպես կայքում տեղադրված չէ (բոլոր տվյալները 26.01.2012թ. երեկոյան են կայքից վերցվել):
Այսպես շարունակվելու դեպքում կայքը կդառնա անպիտան մի բան, այն դեպքում, երբ ի սկզբանե մտահղացումը լավն էր եւ այն պահել ու զարգացնել է պետք:
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան
«Առավոտ» օրաթերթ