Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության թանգարանի տնօրենը լավ լուր ունի

Հունվար 31,2012 13:33

Կնորոգվի հուշահամալիրի շենքը, նոր մասնաշենքում էլ դեղատուն, սրճարան ու համակարգչային կենտրոն կբացեն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցումից ի վեր չի վերանորոգվել: Այն կանգուն է 50 տարուց ավելի, եւ մաշվածության պատճառով հուշահամալիրի սալիկները շարքից դուրս են եկել ու թափվում են: Անցուղիների եզրաքարերը բացակայում են, որոնք էլ կան՝ ծռմռվել ու հնացել են:

Ոռոգման նպատակով անցկացված հաստ ու բարակ խողովակների մեծ մասը օգտագործման համար այլեւս պիտանի չի: Ճեմուղիներում ժամանակին տեղադրված նստարաններն էլ հանվել են կամ ջարդվել, լուսավորման բազմատեսակ միջոցներից որոշները չեն գործում, իսկ այստեղի անտառ-պուրակի ծառերը եւ թփուտները հիմնականում անմշակ են եւ անխնամ: Այս մասին իր մտահոգությունը «Առավոտին» հայտնեց Ծիծեռնակաբերդի տարածքում հաճախ զբոսանքի ելնող թոշակառուներից մեկը՝ Օթարի Հակոբյանը՝ նկատելով, որ գոնե Մեծ եղեռնի 100-ամյակի առիթով պետք է այս խնդիրները լուծել: Նրան մեկ այլ խնդիր էլ է հուզում. հուշահամալիրի եւ անտառ-պուրակի ամբողջ տարածքում կա ընդամենը մեկ զուգարան. «Տղամարդկանց եւ կանանց համար իրար կից տաղավարներ են, որոնք գրեթե միշտ, հատկապես ձմռանը փակ են: Առեւտրի տարատեսակ օբյեկտներ այս տարածքում ունենալը գուցե ճիշտ չէ, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների, ասենք՝ զուգարան եւ դեղամիջոցների մի փոքրիկ կրպակ պետք է»:

Հուշահամալիրն իր տարածքով պատկանում է «Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին»: Այս առնչությամբ «Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի» տնօրեն Հայկ Դեմոյանը պարզաբանեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նախկինում 2 անգամ նորոգվել է, սակայն վերջին նորոգումից հետո առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ թանգարանի շենքի եւ հուշահամալիրի հետ կապված. «Այդ հարցը մենք 2007 թվականին բարձրացրեցինք եւ հայտնեցինք նախագահ Սերժ Սարգսյանին: Նա եկավ, ծանոթացավ տարածքին: Խնդիրներ կային կանաչ գոտու, ոռոգման համակարգի, հուշասյան եւ բուն սալարկների մասով: Իհարկե, այն ժամանակ տրվեցին հանձնարարականներ, եւ որոշ կոսմետիկ բնույթի աշխատանք մենք կատարեցինք, որովհետեւ մեծ միջոցներ չկային: Հիմա ես ուրախ լուր ունեմ հայտնելու: Սփյուռքի բարեգործների եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար հատկացված գումարներով սկսվելու են շինարարական աշխատանքներ: Երեկ շինարարական կազմակերպության եւ հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ հանդիպել ենք իմ գրասենյակում, 2 ժամ մենք թանգարանի ամբողջ շենքն ու հուշահամալիրն ենք նայել եւ քննարկել հիմնավերանորոգման խնդիրները: Այս աշխատանքներն անելու համար առաջին մեծ հատկացումն արդեն եղել է, քանի որ մոտակա տարիներին Մեծ եղեռնի 100-ամյակն է լրանում: Առաջին փուլով նախատեսված է հիմնանորոգել գործող թանգարանային շենքը, այսինքն՝ կրկնապատկվելու է թանգարանային ցուցադրական տարածքը, նոր հարմարություններ են ստեղծվելու: Շինարարությունը կսկսի այս տարի, հընթացս հիմնանորոգվելու է թանգարանի հին շենքը: Հետո հուշասյունն է ամբողջովին սալապատվելու, սալարկները փոխվելու են ավելի հաստ բազալտե սալարկների, դրենաժային համակարգ է անցկացվելու, որպեսզի հուշարձանը պատրաստ լինի արդեն 2014 թվականին»: Անտառ-պուրակի ոռոգման համակարգի մասին խոսելով՝ Հայկ Դեմոյանն ասաց, որ այն արդեն 40% արդիականացվել է: Բացի այդ, վերջին 5 տարվա մեջ տնկվել է 7 հազար ծառ եւ թուփ: Ինչ վերաբերում է հանրային զուգարանին, ապա, ըստ նրա, իրենք ունեն հիմնանորոգված հանրային զուգարան, որը ձմռան մեկ ամսին՝ հունվարին, փակ է, որովհետեւ չկա այցելու. «Հիմա մենք արձակուրդում ենք: Զուգարանը հիմնանորոգված է, որի նմանը չկա Երեւանի որեւէ անկյունում»:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի ամբողջ տարածքում դեղատուն չլինելուն՝ նա ասաց. «Մեր թանգարանն այնպիսի տեղ է, որտեղ մարդիկ հաճախ ուշաթափվում են, հուզվում են, եղել են նաեւ այցելուների ոտքը սահել է եւ ընկել են: Այդպիսի դեպքերի համար նոր մասնաշենքում, ի թիվս այլ բաների, ունենալու ենք նաեւ՝ դեղատուն, մինչ քաղաքից կհասնի առաջին բուժօգնությունը»: Ըստ նրա, նոր մասնաշենքում կլինի նաեւ համակարգչային կենտրոն, փոքրիկ կինոսրահ, թանգարանային գրախանութ-սրճարան, ինչպես ընդունված է նման թանգարաններում:

ԱՆՈՒՇ  ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031