Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանների մտահոգությունները՝ «Կիկոսի մա՞հը»

Հունվար 31,2012 13:25

Պաշտոնյաները հորդորում են կառուցվելիք ատոմակայանը դեռ չծնված՝ չթաղել

Նոր ատոմակայանի անվտանգության պահանջների վերաբերյալ թեեւ փաստաթղթերը պատրաստ են, սակայն աշխարհում այլ՝ նոր չափանիշներ են սահմանվում, ուստի մեր նոր կառուցվելիք ատոմակայանի նախագիծը դեռ վերջնական չէ: Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարը ահազանգ էր աշխարհին, որպեսզի մասնագետներն առավել լուրջ մոտենան անվտանգության նոր չափանիշներին: Այս տարվա ամռանը կհրապարակվեն ատոմակայանների անվտանգության նոր չափանիշները: Մինչ այդ, ինչպես մասնագետներն են փաստում՝ ի պատասխան բնապահպանների ահազանգերին, Հայաստանում կառուցվելիք ատոմակայանի ռիսկերի կառավարման եւ առհասարակ՝ անվտանգության մասին վաղ է խոսել:

Օրերս մեր թերթի հունվարի 27-ի համարում հրապարակված «Նոր ատոմակայանով հարցը չի լուծվի» հոդվածում ներկայացրել էինք բնապահպանների մտահոգությունները նոր կառուցվող ատոմակայանի շուրջ:

Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրեց պաշտոնական տեսակետն այս հարցի շուրջ: Նա բնապահպանների՝ նոր ատոմակայանի վերաբերյալ անհանգստությունը որակելով որպես հեքիաթ՝ ասաց. «Դարձել է Կիկոսի մահը, դեռ չծնված՝ թաղում են: Նոր ատոմակայանի ռիսկերի մասին խոսելը դեռ շուտ է, մենք սպասողական վիճակում ենք՝ մինչեւ ՄԱԳԱՏԷ-ն, Եվրամիության համապատասխան կազմակերպությունները նոր որոշում կայացնեն»: Բնապահպանները մասնավորապես պնդում են, որ նոր ատոմակայանը կառուցելուց հետո պարզ չէ, թե ինչպես եւ որտեղ են թաղվելու ռադիոակտիվ նյութերը: Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը սա եւս լուրջ եւ բարդ խնդիր է համարում. «Այո, նման խնդիր կա, եւ դա ամբողջ աշխարհի համար էլ շատ լուրջ եւ դժվար խնդիր է: Մենք ունենք բարձր, միջին եւ ցածր ակտիվության ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ: Ցածրը եւ բարձրը լցված են 15-20%-ով: Միջին ակտիվության պահեստարանն իսկապես խնդիր է: Եվրամիությունը գումարներ է տրամադրել, որպեսզի մեր եւ միջազգային կազմակերպությունները համատեղ մշակեն ռադիոակտիվ թափոնների աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ազգային ծրագիր: Կառաջարկեի՝ սպասենք, տեսնենք, ազգային ծրագիրը մշակվի, հետո նոր խոսենք: Ծրագրում հաշվի են առնվելու Հայաստանի տարածքի եւ կլիմայի առանձնահատկությունները, թափոնների ակտիվությունը, բնութագրությունն ու քանակը, եւ կընդունվի այն տարբերակը, որը մեզ եւ միջազգային հանրության համար ընդունելի կլինի»:

Ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանի սարքավորումների մաշված եւ ժամկետանց լինելուն, ապա պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ հիմնական եւ կարեւորագույն սարքավորումների՝ ռեակտորի, շոգեգեներատորի շահագործման նվազագույն ժամկետը 30 տարի է, որը կլրանա 2016 թվականին. «Ատոմակայանի բոլոր սարքավորումները՝ հիմնականներն ու օժանդակները, բոլորը գտնվում են հսկողության տակ, եւ ցանկացած շեղման դեպքում ենթարկվում են լրացուցիչ մանրամասն ստուգման, ապա քննարկելով արտասահմանյան մեր գործընկերների հետ՝ որոշում է ընդունվում՝ այս կամ այն սարքը փոխել, թե ոչ»: Մեր այն հարցին, թե երբ է վերջին անգամ որեւէ կարեւորագույն սարքավորում փոխվել, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Դա անընդհատ գործընթաց է: Ատոմակայանում գործում է սարքեր-սարքավորումների, կոնստրուկցիաների ծերացման ծրագիր, ըստ որի՝ ստուգվում է բազմաթիվ սարքավորումների տեխնիկական իրական վիճակը: 2000 թվականին փոխվել են պաշտպանիչ փականները, չնայած դրանց ժամկետը դեռեւս չէր լրացել՝ մոտ 10 տարի ունեին: Բայց գտանք, որ դրանք բարոյապես էին մաշվել, չէին համապատասխանում ժամանակակից պահանջներին, եւ որոշեցինք փոխել»:

Բնապահպանների այն դժգոհություններին, որ ՀԱԷԿ-ի սարքավորումների նորացման խնդիրն իրենցից խիստ գաղտնի են պահում, պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց. «Եթե մեզ դիմեն, մենք ցույց կտանք բոլոր փաստաթղթերը, արտասահմանյան մասնագետների եզրակացությունները կան այս հարցի վերաբերյալ»:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն էլ հ/կ-ների մտահոգություններին ի պատասխան՝ հայտնեց, որ 2011-ին ՀԱԷԿ-են այցելել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մի շարք պատվիրակություններ՝ ստուգելու ատոմակայանի անվտանգությունը: Նախարարությունից վստահեցրին, որ ստուգումներից հետո տրվել են հանձնարարականներ եւ առաջարկություններ, որոնք ՀԱԷԿ-ում արդեն սկսվել են. «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների հետ կապված՝ 2009թ.-ից սկսվել են ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկության եւ հրաբխային վտանգի գնահատման հետ կապված հետազոտությունների իրականացման աշխատանքները եւ կազմվել հաշվետվություն, որը 2010-ին ներկայացվեց ԱԷՄԳ մասնագետների փորձաքննությանը, որոնց կողմից արվեցին առաջարկություններ եւ դիտողություններ: Հաշվետվության լրամշակված տարբերակը 2011-ին ներկայացվեց ԱԷՄԳ-ի երկրորդ փորձաքննությանը, որը խմբագրական բնույթի դիտողություններ է կատարել եւ առաջարկել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ՝ կապված Երեւանի խզվածքի հետ, որը գտնվում է ՀԱԷԿ-ի հարթակից բավականին հեռու եւ ներառված չէր հետազոտության տեխնիկական առաջադրանքում: Ճապոնական «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն առաջարկեց ԵՄ հարեւան երկրների ատոմակայաններում նույնպես անցկացնել «ստերս-թեստ»: ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը ՀԱԷԿ-ում էլ անցկացնել, եւ ներկայումս սկսվել են «ստերս-թեստի» հաշվետվության նախապատրաստական աշխատանքները»:

Նախատեսվող նոր միջուկային էներգաբլոկի ջրամատակարարման վերաբերյալ էլ նախարարությունից պատասխանեցին. «Ըստ հաշվարկների՝ նոր միջուկային էներգաբլոկի համար ջրօգտագործման միջին տարեկան ծախսը կկազմի 1840 լ/վ: Սեւջուր գետի հաշվարկված ջրի ծախսը պոմպակայանի ջրառի կետում (ոռոգման դերիվացիոն ամբարտակի հարեւանությամբ) կազմում է նվազագույնը 11000 լ/վրկ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031