Հարցազրույց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի հետ
– Դուք արդեն երեք անգամ ընտրվել եք Հրազդանի քաղաքապետ, հիմա նորից եք փորձում, ինչո՞ւ, ի՞նչ չեք հասցրել անել, արդյոք չե՞ք հոգնել նույն գործից:
– Այո՛, ես երեք անգամ ընտրվել եմ Հրազդանի քաղաքապետ, արժանացել եմ իմ համաքաղաքացիների վստահությանը եւ հիմա եւս ակնկալում եմ հրազդանցիների վստահությունը, որպեսզի կարողանամ շարունակել սկսած գործը, ավարտուն տեսքի բերել կատարված աշխատանքը: Անդրադառնամ Ձեր հարցին, թե ինչ եմ հասցրել անել ու ինչ չեմ հասցրել. արել եմ շատ բան: Հրազդան քաղաքում մինչեւ 2002 թվականը որեւէ աշխատանք կատարված չէր. մարդիկ այսօր փորձում են ասել, որ մինչեւ 2002 թվականը վատ տարիներ էին, ոչ մի վատ բան էլ չկար, օրինակ՝ 2002-ից հետո մենք քաղաքում գցեցինք 1000 քմ ասֆալտ, թող ուրիշներն էլ իրենց այդ վատ տարիներին անեին հարյուրը կամ ինչու հարյուր՝ նույնիսկ 10 քմ չեն արել: Շատ գործեր ենք արել. 2002 թվականին Հրազդան քաղաքի 250 մլն դրամանոց բյուջեն ուներ 1 մլրդ 350 մլն դրամի պարտքեր, որոնց մի մասը բնակիչներին մատակարարվող ջերմամատակարարման պարտքերն էին. եկանք ու սկսեցինք մարել մեր նախորդներից ժառանգություն ստացած պարտքերը, հետո, բնականաբար, սկսեցինք քաղաքաշինական ծրագրերը: Ինչպես արդեն նշեցի՝ կատարեցինք հսկայական ասֆալտապատում, քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները սարսափելի վիճակում էին՝ մեզ հաջողվեց քաղաքի շուրջ 350 բազմաբնակարան շենքերի տանիքներ բարեկարգել, քաղաքի 85 տոկոսն ապահովեցինք գիշերային լուսավորությամբ, այնինչ Խորհրդային Միության փլուզումից հետո Հրազդանը հայտնվել էր անմխիթար վիճակում եւ խավարում: Մեզ հաջողվեց լուծել քաղաքի առջեւ ծառացած մի բարդագույն խնդիր՝ ջրամատակարարման խնդիրը: Եթե այդ ծրագիրը չիրականացնեինք, Հրազդանն այս պահին ջրազրկված կլիներ, ու հետեւանքները, կարծում եմ, պարզ է, թե ինչպիսին էին լինելու: Չնայած այսօր մեր մրցակիցները փորձում են փնովել այդ ամենը, ասել, որ հատկապես ջրամատակարարման ծրագիրը մեզ հետ կապ չունի, իսկ ո՞ւմ հետ կապ ունի, այն մարդկա՞նց, ովքեր շուրջ 20 տարի քաղաքականության մեջ են, հասցրել են պատգամավոր ու քաղաքապետ աշխատել եւ այս քաղաքի համար ոչ մի մնայուն բան չեն արել: Այսօր միայն փնովում են արվածը, այդ դեպքում թող կարողանային իրենց ամենալավ տարիներին մի ծրագիր գոնե քաղաք բերել, չարեցին եւ այսօր խոսելու տեղ էլ չունեն: Մի խոսքով՝ երկար չխոսեմ ծրագրերից, պարզապես ասեմ, որ շատ գործեր ենք արել եւ, բնականաբար, շատ բաներ էլ ունենք անելու: Աշխարհագրական մեծ ձգվածություն ունեցող եւ մի ծայրից մյուսը 25 կմ հեռավորություն ունեցող Հրազդանում կախարդական փայտիկով չէին կարող բոլոր խնդիրները լուծվել՝ հատկապես, որ խնդիրների մի մասն էլ ժառանգություն ստացանք մեր նախորդներից: Ասեմ, որ չեմ հոգնել, սիրում եմ իմ աշխատանքը, աշխատանքային տարիների ընթացքում հասցրել եմ լիովին ճանաչել իմ համաքաղաքացիներին, գիտեմ յուրաքանչյուրի հոգսերն ու խնդիրները, ես իրենց եմ վստահում, իրենք ինձ են վստահում, քաղաքը երբեք չեմ դարձրել թատերաբեմ ու հիմա էլ ունեմ աշխատելու վճռականություն եւ փետրվարի 12-ից հետո շարունակելու եմ առավել ծավալուն աշխատանքներ իրականացնել Հրազդանում, որպեսզի հրազդանցիները զգան մեր 10 տարվա կատարածի շոշափելի արդյունքը:
– Ձեր մրցակիցը ընդդիմության թեկնածու է եւ բավականին ակտիվ է աշխատում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր վերընտրվելու շանսերը;
Կարդացեք նաև
– Նայած թե Դուք ակտիվ աշխատանք ասելով ինչ նկատի ունեք: Մրցակցի ակտիվ աշխատանքի ժամանակը իր քաղաքապետ եւ պատգամավոր եղած ժամանակը պետք է լիներ, պետք է մի մնայուն, լուրջ, շոշափելի գործ արված լիներ քաղաքում, որ այսօր համարեինք աշխատանք: Իսկ եթե նախընտրական ակտիվության մասին է, ապա ասեմ, որ մրցակիցներն այս պահին ընդամենը ակտիվ ու հրապարակայնորեն վարկաբեկում են պաշտոնյաներին, որն իրենց, բնականաբար, հաջողություն չի բերելու: Մոռանում են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է խոսեն իրենց արածից ու անելիքներից: Մրցակցի քարոզարշավը նմանվում է սպառված մարդու հոգեվարքի, որը լի է սրա-նրա հասցեին հնչող փողոցային արտահայտություններով եւ վայրահաչությամբ: Այսօր ժողովուրդն ունի ավելի կառուցողական խոսքի, կատարված աշխատանքը ճիշտ ներկայացնելու, առաջիկա ծրագրերի մասին հիմնավոր խոսելու կարիք, քան ասեկոսեների մակարդակի խոսակցությունների: Այսօր մեր քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը ցանկանում է կայուն ու խաղաղ պահել քաղաքի մթնոլորտը եւ վստահում է մեզ, տեսել են ու գիտեն, որ մենք կայունության կողմնակիցն ենք, տասը տարի թույլ չենք տվել մեր քաղաքի մթնոլորտը անկայունացնել, հիմա էլ թույլ չենք տալու: Հասարակությունը հասունացել է, եւ այլեւս հրազենով ու վախեցնելով ձայներ կորզելու, ժողովրդին հնազանդեցնելու ժամանակն անցել է, իսկ մենք այդ ճանապարհով չենք եկել ու այդ ճանապարհով էլ հիմա չենք շարժվում: Իհարկե, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում կան երկու թեկնածուներ, ունեն իրենց ընտրազանգվածը, բայց վայրկյան անգամ չեմ կասկածում մեր թիմի հաղթանակի հարցում, ինչպես Դուք եք նշում՝ վերընտրվելու շանսերը շատ բարձր եմ գնահատում եւ համոզված եմ, որ Հրազդանի բնակիչների մեծամասնությունը կողմ է լինելու մեր քաղաքականությանը:
– Արդեն տեղեկություններ կան, որ Դուք չարաշահում եք իշխանությունը, մարդկանց եք կաշառում, ասում են՝ Հրազդանում ընտրակաշառքը 5 հազարից հասնում է 20 հազարի, այդպե՞ս եք ուզում ընտրվել:
– Այդպիսի տեղեկություններ տարածողները Հրազդան քաղաքին ընտրակեղծիքների սովորեցնողներն են, այսինքն՝ մեր այսօրվա մրցակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին զենքով ու զրահով գալիս էին տեղամասեր, կատարում լցոնումներ, իրենց կամքը թելադրում բոլոր ընտրողներին, ընտրակաշառք բաժանում եւ այլ ընտրակեղծիքներ թույլ տալիս, հիմա եկել ու այդ ամենը վերագրում են ուրիշի: Մենք ընտրակաշառք չենք բաժանելու, ես երբեք այդպես չեմ ընտրվել ու հիմա էլ այդպես չեմ ընտրվելու: Գուցե մրցակիցներս են այդ մասին մտածում եւ հիմա փորձում են վերագրել ինձ. ես այդպիսի գործունեությամբ չեմ զբաղվում, գրագետ քարոզարշավ եմ իրականացնում, մարդկանց ճիշտ ներկայացնում եմ տասը տարիների կատարվածը ու առաջիկայում ծրագրված անելիքները, մարդիկ ողջունում են այդ գործընթացները եւ փետրվարի 12-ին իրենց քվեարկությամբ կվավերացնեն այդ ամենը:
– Ըստ որոշ տեղեկությունների՝ Դուք նաեւ մոբիլիզացրել եք դպրոցների, մարզպետարանի եւ այլ հիմնարկների աշխատողներին եւ բոլորին պարտադրում եք աշխատել Ձեր օգտին:
– Գիտեք ինչ, այսօր այնքան դժվար է մարդուն ինչ-որ բան պարտադրելը, ստիպելը, նորից պետք է կրկնեմ՝ հասարակությունն այսօր շատ հասունացել է, եւ այդ մեթոդներով չես կարող առաջ շարժվել: Այդ տեղեկությունները տարածողներին եւս պետք է հիշեցնեմ իրենց անցյալը, թող հիշեն, թե այս քաղաքին ինչեր են պարտադրել, ինչեր են արել, ինչպիսի ուժ գործադրելու գնով ինչերի են հասել. այդ ամենը թող հիշեն եւ նոր գան ու նման տեղեկություններ տարածեն: Մենք որեւէ մեկին չենք պարտադրում, մեր աշխատանքը թիմային աշխատանք է, ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ, կուսակցության Հրազդանի շրջանային կառույցի նախագահն եմ: ՀՀԿ գործադիր մարմինը կայացրել է իր որոշումը, պաշտպանել է իմ թեկնածությունը, եւ Հրազդան քաղաքի մեր կուսակցականներն էլ, բնականաբար, իրենց կուսակցական պատկանելության սահմաններում համախմբվել եւ օժանդակում են իրենց թեկնածուին. ինչո՞ւ են մարդիկ այդ ամենում վատ բան տեսնում. թող տեսնեն, դա իրենց գործն է, իսկ մենք որեւէ վատ բան չենք անում, մեր գործն արդար է:
– Ըստ որոշ տեղեկությունների՝ Դուք եւս բավականին մեծ հարստության տեր եք, ասենք՝ բնակարաններ ունեք ոչ միայն Հրազդանում, այլեւ Երեւանում եւ անգամ Ֆրանսիայում, ի՞նչ միջոցներով եք գնել դրանք:
– Դա ծիծաղելի է, զավեշտ, նույնիսկ չեմ ուզում այդ հարցին պատասխանել, բայց միանգամից ասեմ, որ ինչ էլ ունեմ՝ հաստատ Հրազդանի ու հրազդանցիների հաշվին չէ, ես ճանապարհ անցած, աշխատող մարդու ընտանիքից սերված անձնավորություն եմ: Այս տարիներին ինձ մտերիմ մարդկանց, եղբայրներիս հետ միասին կարողացել եմ իրականացնել որոշակի մասնավոր աշխատանքներ, կողքից ունենալ իմ բիզնեսը, դրանում վատ բան չեմ տեսնում, բիզնես եմ ունեցել, եւ ինչի էլ որ հասել եմ, այդ ճանապարհով եմ հասել, ոչ մեկին էլ չեմ անհանգստացրել, այլ փորձել եմ նույնիսկ ես իմ ունեցածով ներդրումներ անել քաղաքում ու ի հեճուկս շատ եւ շատ մարդկանց՝ ես իմ ունեցածից բաժին եմ հանել քաղաքին, այլ ոչ թե քաղաքի ունեցածից եմ բաժին հանել ինձ: Ես այս տարիներին միայն մտածել եմ քաղաքի մասին, ու կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է: Լավատեսներն ասում են՝ շատ գործեր ենք արել, հոռետեսներն ասում են՝ չենք արել, մենք էլ ասում ենք՝ արել ենք, բայց դեռ շատ անելիքներ էլ ունենք, իսկ այս ամենի ոսկե միջինը մեր ժողովրդի իմաստնությունն է, իսկ ժողովրդի իմաստուն ու ողջամիտ մեծամասնությունն այսօր մեր կողքին է:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ