Լրահոս
Օրվա լրահոսը

Կենացները գնալով քաղցրանում են

Հունվար 31,2012 13:04

Քոչարյանական ուժերը փորձում են հարձակմա՞ն անցնել

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին իրեն հիշեցնել տվեց: Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանելով հարցին, թե՝ մինչ ընտրությունները սպասե՞նք հայտարարության, պատասխանել է. «Ենթադրում եմ՝ երկրորդ նախագահը հայտարարությամբ, իրոք, հանդես կգա: Ի՞նչ եք կարծում՝ մինչեւ ընտրությունները Ռոբերտ Քոչարյանն ասելիք չի՞ ունենա, իհարկե՝ կունենա»: Իսկ մինչ Քոչարյանը կսպասի իր հայտարարությունն անելու ավելի պատեհ առիթի, հանրության ու քաղաքական շրջանակներում հայտարարություններով հանդես են գալիս նրան որպես սատարող ուժեր հայտնի մե՛կ ԲՀԿ-ն, մե՛կ էլ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Անցած շաբաթավերջին էր, որ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց, թե խմբակցությունը միացել է ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանն ու իր ստորագրությունն է դրել վերջիններիս կողմից ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված դիմումի տակ, որով նրանք ԱԺ նախագահից խնդրում են խորհրդարանական լսումներ հրավիրել՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցը այդ ձեւաչափով եւս քննարկելու համար: Իհարկե, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Արամ Սաֆարյանը նաեւ հավելել էր. «Ուզում եմ ընդգծել, որ առ այս պահը այդ հարցը չի քննարկվել ո՛չ մեր կուսակցության քաղաքական խորհրդում եւ ո՛չ էլ պատգամավորական խմբակցությունում: Մեր ձգտումը՝ միանալ խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկին, պայմանավորված է մեր ցանկությամբ՝ հասարակության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, լսել կողմ եւ դեմ կարծիքները եւ նոր դրանից հետո հարցը դնել քաղաքական քննարկման»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պատասխանելով aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը ԲՀԿ-ի միանալու փաստը, ասաց, թե ԲՀԿ-ի կողմից դա շիտակ քայլ էր, որովհետեւ դա ոչ թե հատուկ վերաբերմունք է «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի հանդեպ, այլ բխում է այդ կուսակցության ծրագրից: «Լինելով կոալիցիայի մի մասնիկ եւ, առավել քան մենք, ծանոթ լինելով իշխանական խոհանոցին՝ ԲՀԿ-ում գիտեն, թե ինչպես է որոշվում եւ ով է վճռում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ճակատագիրը: Հետեւաբար ԲՀԿ-ում էլ են հասկանում, որ մեծամասնականով, առանց իշխանության կամ ՀՀ նախագահի «դաբրոյի», իրենց թեկնածուներն էլ են պարտված»,- բացատրեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, թե մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերը բոլորի համար են կորսված, եւ անհավասար պայմանները եւս բոլորի համար են, այդ թվում՝ ԲՀԿ-ի, «դրա համար էլ բոլորն ուզում են, որ առնվազն ստարտային պայմանները հավասար լինեն բոլորի համար»:

Իր տեսակետը ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, ըստ էության, երեկ հայտնել է նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, իհարկե, այլ առիթով: Նա նախ հայտարարեց, թե ԲՀԿ-ի հետ իր համագործակցության մասին խոսակցություններն անհիմն չեն, թեեւ այս պահին դեռ որոշում չի ընդունել ԱԺ առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ի համամասնական ցուցակով մասնակցելու մասին, որովհետեւ «վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա», բայցեւ չբացառեց, որ «ներքաղաքական գործընթացներն» իրեն կարող են ստիպել արագացնել այդ որոշումը: Օսկանյանն իր հայտարարության մեջ արձանագրել էր, թե ԲՀԿ-ն քաղաքական ճնշումների է ենթարկվում, ու նաեւ կարծիք էր հայտնել, թե «Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել», հետեւաբար ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մոտեցումը, «այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չկորցնեին եւ այս ընդհանուր մոտեցումը վերածեին քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»:

Նկատի ունենալով Օսկանյանի եւ ԲՀԿ-ի վերոհիշյալ հայտարարությունները՝ Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ արդյոք այս ամենի թիկունքից Ռոբերտ Քոչարյանի ականջները չի՞ տեսնում, եւ արդյոք մտավախություն չունի՞, որ «Ժառանգությունը» ակամա կարող է նպաստել, որ օրինակ՝ դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակված ուժերը նաեւ «Ժառանգության» ձեռքով փորձեն կրակից շագանակներ հանել: «Եթե երրորդ, չորրորդ կամ հինգերորդ կողմերի մոտեցումները համընկնում են «Ժառանգության» օրակարգի հետ, ապա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Մի շատ վուլգար օրինակ բերեմ. եթե իշխանություններին ձեռնտու է մարդահամարի թիվը ուռճացնել ու ցույց տալ այն թիվը, որը ուզում են ցույց տալ, ու եթե իմ շնչելն ու արտաշնչելը դրան նպաստում է, ապա դա չի նշանակում, որ ես պետք է ի հեճուկս նրանց՝ չշնչեմ: Այնպես որ՝ բացարձակապես նման մտահոգություն չունեմ: «Ժառանգությունն» իր քաղաքական օրակարգն ունի եւ շարժվելու է այդ օրակարգով: Թե այդ խնդիրները ով ու ինչ շեշտադրությամբ ու շարժառիթներով է բարձրացնում՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես ո՛չ ուզում եմ հերքել, ո՛չ հաստատել կամ տուրք տալ այդ քննարկումներին եւ ո՛չ էլ բացառել դա: Շատ ավելի կարեւոր է, որ ընտրական պրոցեսում խաղի կանոնները անհավասար պայմաններ չստեղծեն բոլորի համար: «Ժառանգությունը» տեսնում է, որ մյուս ուժերն էլ այս հարցում նույնատիպ շահագրգռություն ունեն: Ինչ վերաբերում է հետագայում Քոչարյանի վերադարձին նպաստելուն, ապա «Ժառանգությունը» ասել ու կրկնում է, որ որեւէ էքս-նախագահ չի կարող թաքնվել մեր կուսակցության թիկունքում, եւ հետեւաբար՝ «Ժառանգությունը» որեւէ էքս-նախագահի սպասարկող ուժ չէ եւ չի էլ լինելու: Եթե մենք գիտենք, թե որն է մեր քաղաքական գիծը ու ցանկություն չունենք շեղվելու այդ գծից, ապա ամենեւին այդպիսի մտահոգություն չպետք է ունենանք եւ չունենք»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031