Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն եռյակը պայմանավորվել է 3 հարցերի շուրջ

Հունվար 31,2012 11:56

 Արձանագրենք, որ սա այս տարվա ընթացքում իշխող կոալիցիայի պաշտոնական առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էին ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանն ու դեռեւս գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հանդիպումն ընթացել է 3 հիմնական հարցի շուրջ քննարկումների ծավալմամբ։ Սերժ Սարգսյանը, որը նախորդ հանդիպման ժամանակ էլ բավականին չոր զրույց էր ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ասել է, որ բոլոր գործողությունները պետք է լինեն տրամաբանության շրջանակներում։ «Գագի՛կ, երբ քննարկվում էր ընտրակարգի հարցը, ինչո՞ւ այն ժամանակ ԲՀԿն չէր ասում, որ կողմնակից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Եթե այդ փուլն արդեն անցած, գնացած է, ինչո՞ւ պետք է նորից շրջանառվի»,- մոտավորապես այսպիսի խոսքերով է ԲՀԿ առաջնորդին դիմել Սերժ Սարգսյանը, որին ի պատասխան՝ Ծառուկյանն ասել է, որ մենք ուզում ենք՝ ժողովուրդն իմանա մեր կարծիքը։ Ըստ մեր աղբյուրների՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենց արտահայտած տեսակետները չպետք է դառնան «կռվի թեմա», ինչի հետ համաձայն են եղել բոլոր ներկաները՝ ասելով, որ այդպիսով ջուր են լցնում իրենց «չուզողների» ջրաղացին։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Կոալիցիոն եռյակը որոշել է պայմանավորվել 3 կարեւորագույն հարցերի շուրջ։

1. Հրապարակային չքննադատել ու չվիրավորել միմյանց։ Ծառուկյանն առաջարկել է դադարեցնել իր կուսակցության դեմ սկսված արշավը եւ ձերբակալությունները։ Սակայն, ըստ մեր տեղեկությունների, նման խոստում առայժմ չի տրվել ԲՀԿ-ին։

2. Կոալիցիոն 3 ուժերը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ միասնական հայտարարությամբ, որով պետք է հրապարակային բացատրություն տան, թե ինչու են առանձին-առանձին մասնակցում ընտրություններին։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պետք է ասվի, որ երկրի կայունության ու զարգացման համար անհրաժեշտ էր ընտրել հենց այս տարբերակը։

3. Պայմանավորվել են նաեւ, որ պետք է հաճախակի հանդիպեն (որոշվել է, որ մինչեւ շաբաթվա վերջ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը պետք է առանձին հանդիպում ունենան):

«Օրինաց երկիր» կուսակցության երկու ներկայացուցիչները հիմնականում լսողի դերում են եղել՝ միայն մերթընդմերթ խոսելով, թե պետք է այնպես անել, որ համախմբված լինենք, լուծենք մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները եւ այլ ամբոխահաճո մտքեր։

Ըստ ՀՀԿ-ական աղբյուրների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի ասած բոլոր մտքերի եւ առաջարկների հետ՝ ասելով, թե «ոնց ասեք»։ Մինչդեռ ԲՀԿ-ական աղբյուրներն այլ կերպ էին մեկնաբանում հանդիպումը. «Դե Ծառուկյանն ասել է, որ չի կարելի բռնել մերոնց, չի կարելի սարքել մարդկանց գլխին, կուսակցության պատճառով մարդկանց ազատել աշխատանքից եւ այլն»։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031