Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն արդեն կայացրել է որոշում, ըստ որի՝ սկսվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ա. Վարդանյանը նիստի օր է նշանակել այս տարվա փետրվարի 17-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք:
Հովհաննես Թամամյանի հետ մեղադրվում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը։ Նրանց առաջադրվել է պաշտոնական լիազորությունների չարաշահում հոդվածը։