Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ լավն էին, ինչ «թարմ էին» ձվերը

Հունվար 31,2012 10:58

Ուրբաթ երեկոյան քաղաքացի Սուսաննա Մարգարյանը խմբագրության էլեկտրոնային հասցեով ուղարկել էր հաղորդագրություն՝ համապատասխան լուսանկարով, ըստ որի՝ կենտրոնի մանրածախ առեւտրի կետերից մեկում հունվարի 27-ին ձեռք է բերել «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձու՝ մակնշված 29.01.12թ.: Ներկայացվածն, ըստ էության, ոչ առաջին, ոչ էլ, վստահ ենք, վերջին դեպքն է սննդամթերքի շուկայում, սակայն շնորհիվ սպառողի հետեւողականության՝ այս պահին սա արձագանք գտավ:

Իբրեւ սպառող՝ առեւտրի ցանցերում գրեթե բոլորս ենք անխտիր բախվել նման երեւույթի թե՛ փաթեթավորված հացամթերքի՝ մասնավորապես, լավաշի, թե՛ կաթնամթերքի տեսականու դեպքում։ Ի դեպ, եթե ձվի եւ հացամթերքի մասով, որպես կանոն, մակնշվում է միայն արտադրության ժամկետը, ապա կաթնամթերքի դեպքում մակնշումը կատարվում է նաեւ պիտանիության մասով, այսինքն՝ երկու տողով։ Եվ եթե հացի ու ձվի դեպքում դեռեւս հաջողվում է մոլորեցնել սպառողին, ապա կաթնամթերքի դեպքում՝ խաբեությունն ակնհայտ է։ Պարզապես, ոչ ոք արտադրողի այս պարզունակ «բլեֆին» ուշադրություն չի դարձնում՝ շատ հաճախ գնելով դեռեւս «չարտադրված», սակայն վաճառքի հանված սնունդ։ Հասկանալի է, որ խնդիրն առկա է հատկապես արագ փչացող սննդամթերքի պարագայում, երբ արտադրողը շահագրգռված է ամեն կերպ երկարաձգել պիտանիության ժամկետը։ Բայց հենց այս մթերքներն են, որոնց ժամկետանց լինելը առանձնակի վտանգ է ներկայացնում առողջությանը։ Այս խնդրի հետքերով գնալու պատճառներից մեկն էլ այն էր, որ հունվարի 29-ով մակնշված ձվերի խմբաքանակը վաճառքի էր հանված 10 դրամով էժան, քան երկու շաբաթվա արտադրության ձվերը, ինչն, առաջին հայացքից, անտրամաբանական էր թվում. թեկուզեւ ժամկետառաջ մակնշմամբ՝ այնուամենայնիվ, թարմ ձուն պետք է ավելի թանկ լիներ եւ ոչ թե՝ հակառակը։

Ինչեւէ, երեկ տեղեկացանք, որ «Երկիր»-ի հետքերով շաբաթ օրը Սննդի անվտանգության պետական տեսչությունը նշյալ մակնշմամբ ձվի նմուշ է ներկայացրել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները, ոչ աշխատանքային օրերով պայմանավորված, երկուշաբթի դեռեւս հայտնի չէին։ Տեսչությունից հայտնեցին, որ ստուգումներ կատարվելու են նաեւ արտադրությունում՝ պարզելու, թե տվյալ դեպքում սխալ մակնշմամբ իրացվել է թա՞րմ, թե՞ հին ձու։ Ըստ այդմ էլ՝ կորոշվի պատժաչափը։ Եթե առկա է ընդամենը մակնշման սխալ, տուգանքի չափ է սահմանվում 100 հազար դրամ։ Մինչդեռ եթե պարզվի, որ թռչնաֆաբրիկան իրացրել է սխալ մակնշմամբ հին ձու, ապա, սահամանված կարգով, արտադրանքի տվյալ խմբաքանակն ամբողջությամբ կոչնչացվի։

Հ.Գ. Երեկ՝ օրվա վերջում, Կոմիտաս փողոցի վրա գտնվող «Զամբյուղ» խանութից անձամբ գնեցի Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրության հավկիթներ՝ մակնշված 31.01.12թ.:

Այնպես որ՝ ընկերության ձվերի առաքման բաժնի պետին ստիպված էինք նորից գանգահարել եւ խորհուրդ տալ նշված խանութում սեփական աչքերով տեսնել մեկ օր հետո «ածվելիք» ձվերը։ Հիշեցնենք, որ «Արաքս» եւ «ԵԹՖ» ընկերությունների գործունեությունն իրականացվում է նույն տնտեսվարողի կողմից եւ, ըստ էության, արտադրությունը նույնն է՝ ապրանքային տարբեր անվանումներով:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031