«Այն, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի առաջարկություններից ոչ մեկն էլ իրականում չի արվել, դրանում ոչ մի խոսք, բայց դա առանձին հարց է: Իրավական տեսանկյունից խնդիրն այն է, որ կոմիտեն արձանագրում է կոնվենցիայի խախտում եւ տալիս առաջարկություններ, որոնց իրականացման պարագայում ենթադրաբար պետք է կանխարգելեն կոնվենցիայի հետագա խախտումները: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կոնվենցիայի խախտումը կոնկրետ գործով կոնկրետ իրավական հետեւանքներ չի առաջացնում: Կոմիտեն հստակ արձանագրել է, որ Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ, իսկ դա նշանակում է, որ այդ խախտումների արդյունքում ձեռք բերված բոլոր փաստաթղթերը պետք է անվավեր ճանաչվեն: Ի վերջո, կոնվենցիան Հայաստանի օրենսդրության մաս է կազմում եւ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենսդրությունը: Օրհուսի կոմիտեն այն միակ կառույցն է, որն իրավասու է գնահատել Օրհուսի կոնվենցիայի խախտման փաստը: Կոմիտեի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Իսկ երբ հաստատվում է այն փաստը, որ օրենքը խախտվել է, նախ եւ առաջ պետք է վերացվեն դրա անմիջական հետեւանքները: Այն է` պետք է անվավեր եւ առոչինչ ճանաչվեն Թեղուտի հանքի շահագործման թույլտվություն նախատեսող փաստաթղթերը»,- Aravot.am-ի հետ զրույցում, ԵԽԽՎ-ում Թեղուտի վերաբերյալ շրջանառության մեջ դրված հռչակագրի մասին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այսօրվա հայտարարությանն անդրադառնալով, ասաց Թեղուտի անտառի պաշտպանության շարժման ակտիվիստ Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնեք, որ նախարարն, այսօր անդրադառնալով ԵԽԽՎ-ում շրջանառվող Թեղուտին վերաբերող փաստաթղթին, ասել էր, որ ընդունել են Օրհուսի բոլոր առաջարկությունները:
Ա. Գրիգորյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու են Թեղուտի պաշտպանությանն ուղղված ակցիաներում նաեւ օտարալեզու կարգախոսներով պայքարում.«Օտարալեզու կարգախոսները մեր սփյուռքահայ բարեկամների, ինչպես նաեւ միջազգային այն կառույցների համար են, որոնք ֆինանսավորում են Հայաստանի բնության ոչնչացումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև