Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իր համագործակցության մասին խոսակցություններն անհիմն չեն, ու թեեւ այս պահին դեռ որոշում չի ընդունել ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ներգրավվելու մասին, որովհետեւ «վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա», բայցեւ չբացառեց, որ «ներքաղաքական գործընթացներն» իրեն ստիպեն արագացնել այդ որոշումը:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԲՀԿ-ի համամասնական ցուցակում Օսկանյանի ընդգրկվելու մեծ հավանականությանը, ձեռնպահ մնաց այդ քայլը գնահատելուց՝ ասելով, թե դրա գնահատականը պիտի տա ոչ թե ինքը, այլ ընտրողը, ու հավելեց. «Դա իր խնդիրն է, իր իրավունքն է: Որեւէ մեկը չի կարող նրան զրկել ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու եւ դրա ձեւն ընտրելու իրավունքից»:
Օսկանյանն իր հայտարարության մեջ նաեւ կարծիք էր հայտնել, թե բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մոտեցումը, «ցանկալի կլիներ, որ այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չկորցնեին եւ այս ընդհանուր մոտեցումը վերածեին քաղաքացիական շարժման՝ կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»:
Նկատի ունենալով Օսկանյանի այս հայտարարությունն ու նաեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկին ԲՀԿ-ի միանալու փաստերը՝ Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ արդյոք այս ամենի թիկունքից Ռոբերտ Քոչարյանի ականջնե՞րը չեն երեւում, եւ արդյոք մտավախություն չունի՞, որ «Ժառանգությունը» ակամա կարող է նպաստել, որ օրինակ՝ դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակված ուժերը նաեւ «Ժառանգության» ձեռքով փորձեն կրակից շագանակներ հանել: «Եթե երրորդ, չորրորդ կամ հինգերորդ կողմերի մոտեցումները համընկնում են «Ժառանգության» օրակարգի հետ, ապա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Մի շատ վուլգար օրինակ բերեմ. եթե իշխանություններին ձեռնտու է մարդահամարի թիվը ուռճացնել ու ցույց տալ այն թիվը, որը ուզում են ցույց տալ, ու եթե իմ շնչելն ու արտաշնչելը դրան նպաստում է, ապա դա չի նշանակում, որ ես պետք է ի հեճուկս նրանց՝չշնչեմ: Այնպես որ՝ բացարձակապես նման մտահոգություն չունեմ: «Ժառանգությունն» իր քաղաքական օրակարգն ունի եւ շարժվելու է այդ օրակարգով: Թե այդ խնդիրները ով ու ինչ շեշտադրությամբ ու շարժառիթներով է բարձրացնում՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես ո՛չ ուզում եմ հերքել, ո՛չ հաստատել կամ տուրք տալ այդ քննարկումներին եւ ո՛չ էլ բացառել դա: Շատ ավելի կարեւոր է, որ ընտրական գործընթացում խաղի կանոնները անհավասար պայմաններ չստեղծեն բոլորի համար: «Ժառանգությունը» տեսնում է, որ մյուս ուժերն էլ այս հարցում նույնատիպ շահագրգռություն ունեն: Ինչ վերաբերում է հետագայում Քոչարյանի վերադարձին նպաստելուն, ապա «Ժառանգությունը» ասել ու կրկնում է, որ որեւէ էքս-նախագահ չի կարող թաքնվել մեր կուսակցության թիկունքում, եւ հետեւաբար՝ «Ժառանգությունը» որեւէ էքս-նախագահի սպասարկող ուժ չէ եւ չի էլ լինելու: Եթե մենք գիտենք, թե որն է մեր քաղաքական գիծը ու ցանկություն չունենք շեղվելու այդ գծից, ապա ամենեւին այդպիսի մտահոգություն չպետք է ունենանք եւ չունենք»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:
Կարդացեք նաև