«Էն ժամանակ թաքուն ընկերություն ասվածը չկար, եթե տղեն հավանում էր աղջկան, ծնողների հետ գնում էր ուզելու: Եթե աղջիկն ու նրա ծնողները տալիս էին իրենց համաձայնությունը, ուրեմն նրանք ապագա ամուսիներ էին, եթե ոչ, ապա տղեն իրավունք չուներ անհանգստացնել աղջկան. կամ պիտի փախցներ, կամ էլ էնքան գնար-գար, որ փոշմանեին աղջկա տնեցիք: Դրանից հետո նոր սկսվում էր բարեկամությունը», -պատմում է 60ամյա Ռուբեն պապը: Հիշում է`կնոջ` Քնարի հետ առաջին անգամ ժամադրվել է սարերում: Իր հետ վերցրել էր մրգեր, իսկ այնտեղից էլ ծաղիկներ քաղել, հենց այդ ժամանակ էլ խոսել են իրենց ամուսնության մասին, ինչպես ինքն է ասում ` հովերում նույնպես ռոմանտիկ է:
Ժամանակները փոխվում են, մարդիկ նույնպես, ինչպես ասում է հայտնի աֆորիզմը, մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագան ու չենք նկատում ինչպես դարձանք անցյալ, բայց ամեն դեպքում` թե ներկայում, և թե ապագայում, միշտ էլ հիշվում ու հիշվելու է առաջին հանդիպումը: Կա այն կարծիքը, որ տղամարդիկ ավելի ուշադիր ու բծախնդիր են, քան աղջիկները` հատկապես առաջին հանդիպման ժամանակ, հոգեբան Աննա Վարդանյանի խոսքով`դա պայմանավորված է նրանց վճռականությամբ.. «Տղամարդը ջանում է իրեն հնարավորինս լավը ներկայացնել, ինչու չէ, նաև իր հանդեպ հարգալից վերաբերմունք է պահանջում: Պետք է թողնել, որ տղամարդը խոսի, որքան ուզում է: Նրան դուր է գալիս, երբ իրեն լսում են, իսկ նա չի սիրում շատախոսների», -ասում է հոգեբանը ու խորհուրդ տալիս տղամարդկանց չպատմել նախկին ընկերուհիների մասին, կամ գոնե չքննադատել նրանց: Նաև սիրում է, երբ զրույցի ընթացքում աղջիկը փորձում է ժեստերով ու խոսելաձևով ընդօրինակել իրեն, բայց ատում է գռեհկությունը:
«Առաջին հանդիպման ժամանակ հագել էի կոստյում, որ վաղուց է, ինչ դուրս չէր եկել պահարանիցս, մի լավ հարդարվել էի, նրան դիմավորեցի ծաղկեփունջով, որը իմ աչքի առաջ նետեց աղբամանը. թե բա պապաս չգիտի, որ տանեմ, ի՞նչ կմտածի, հլը շուտ ա»: Խոստովանում է` մի պահ անգամ հիասթափվել էր նման պահվածքց: 20-ամյա Արմանն էլ հիշում է` իր առաջին հանդիպումը չարաբաստիկ է եղել. «Վաղուց զգացմունքներ էի տածում նրա նկատմամբ, փորձեցի բռնել ձեռքը, թողեց. համոզվեցի` նա էլ նույն էր զգում, բայց հենց ուզեցի համբուրեմ, մի լավ ապտակեց, դա էլ հերիք չէր, պայուսակով հրեց»: Հոգեբանը պնդում է` չպետք է շտապել, մի սխալը կարող է ճակատագրական լինել: Զույգերը կարող են համբուրվել հետո, բացի այդ` միշտ չէ որ համբույրը կարող է սիրո նշան լինել:
Ինչպես շատ տղամարդկանց, այնպես էլ Ալեքսի համար կարևոր է գայթակղիչ տեսք ունենալը. «Առհասարակ բոլոր հանդիպումների ժամանակ էլ հետևում եմ արտաքինիս, բայց կոնկրետ առաջին հանդիպման համար երկարացրել էի մազերս, հագել էի ջինս ու կեդեր, շատ ուշադիր էի, որ հանկարծ ավելորդ բան չխոսեմ», -ասում է նա:
Ասում են` աղջիկները «սիրում են ականջներով», բայց տղամարդկանց ևս դուր են գալիս հաճոյախոսությունները`հատկապես երբ հանդիպման վերջում աղջիկները հաճելի ձայնով ասում են, որ լավ ժամանակ անցկացրեցին կամ նման մի բան:
Բայց ինչպես խորհուրդ է տալիս հոգեբանը, աղջիկներ, երբեք մի ակնարկեք 2-րդ հանդիպման մասին: Եթե դուք նրան դուր եք եկել, ապա նա ինքը կառաջարկի 36 ժամվա ընթացում: Սա է վկայում match.com կայքի անցկացրած հարցումը, ըստ որի ՝ 36 ժամը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում զանգահարում են նոր հանդիպում առաջարկելու կամ ուղղակի հաստատելու, որ հանդիպումն իրենց դուր է եկել:
Նազենի Բաղդասարյան
Հ.Գ. Առաջիկայում կարդացեք` ինչպես են պատրաստվում ժամադրության
աջիկները: