Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական ռեկտորի ղեկավարած բուհում բոլորն ընդդիմադի՞ր են

Հունվար 30,2012 21:31

Այսօր aravot.am-ը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի  ռեկտոր, հանրապետական Հակոբ Զիլֆիմյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իր բուհը նորից որպես նախընտրական շտաբ  կծառայի իշխող կուսակցության համար:  Նշենք, որ դեռևս 2008 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, խախտելով օրենքը,  հենց այս կառույցում տեղակայվեց Սերժ Սարգսյանի շտաբը, որը  գլխավորեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: Օրերս այս փաստը քննադատաբար հիշել էին նաև բուհի շրջանավարտները:

«Առաջին անգամ եմ լսում, որ այս բուհը շտաբ ծառայի, մեր երկրի օպոզիցիայում հայտնվածները արվեստագետներն են, թեև  հիշում եմ, որ նախկին պրեզիդենտի ընտրության ժամանակ կոնսերվատորիայի սենյակներից մեկում նրա շտաբն էր տեղադրվել, եթե չեմ սխալվում տնօրենի կողքի սենյակն էր, բայց դա մեր հետ ոչ մի կապ չունի»,-ասաց տնօրենը:

Նրա պարզաբանմամբ` ինքը տնտեսավարող սուբյեկտ է և քաղաքի կենտրոնում գտնվող դահլիճը տրամադրում է վճարովի հիմունքներով` ով ցանկանա: «Կարող է  ցանկություն հայտնեն դահիճում ժողովներ անցկացնել, 3-4 օր առաջ հարկային ծառայությունը խնդրել էր, հավաքել էր մարզի բոլոր հաշվապահներին, խորհրդակցություն էր անցկացնում, եթե զանգում, ինձ խնդրում են, թե դահլիճը տրամադրեք, տրամադրում ենք: Զանգում ` խնդրում են, թե եկել է  այսպիսի երգչուհի, տրամադրում ենք, գալիս է կուսակցական ներկայացուցիչ, ասում է, ուզում եմ ժողով անցկացնել, մենք տնտեսավարող սուբյեկտ ենք, մի դեպքում օգնում ենք, մի ուրիշ դեպքում շահում ենք, եկել ես` մեր ժամի վճարը էսքան է, վճարիր` ժողովդ անցկացրու, գնա», -պարզաբանեց Հակոբ Զիլֆիմյանը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է հիմա էլ նույն ձևով վարվի, եթե կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խստիվ արգելել է կուսակցական քարոզչությունը բուհերի ներսում, պարոն Զիլֆիմյանն ասաց. «Մեր ինստիտուտում քարոզչություն չի եղել, և չի էլ լինի, ցանկացած շրջանավարտի, ցանկացած ուսանողի հետ զրուցեք, մենք էդ խնդիրը չունենք: Ես էլ 15-16 տարվա հանրապետական եմ` բավականին հին ու մեր ինստիտուտում հանրապետական մարդ ես չգիտեմ: Ընդ որում ես պատահական կուսակցական չեմ, քաղաքային խորհրդի անդամ եմ, ես ունեմ իմ խմբակցությունը, բայց մեր ինստիտուտում ես երկու կամ երեք հոգի հանրապետականի չեմ ճանաչում` ոչ երեխա, ոչ դասախոս»:

Մենք դարձյալ հետաքրքրվեցինք` եթե հանրապետականները գան ու իրենց կուսակից ընկերոջը ընկերական խնդրեն բուհում կուսակցական ժողով անցկացնելու, կընդառաջի՞: «Չեն կարող ընկերական խնդրել, եթե պետք է անցկացնել  խորհրդակցություն, ոչ մի  կուսակցության արգելված չէ, եթե պետությունը թույլ  է տալիս: Սրանից մի քանի տարի առաջ ես դիմեցի նախարարին, նախարարը գրություն ուղարկեց , բացի մշակութային միջոցառումներից դահլիճը ոչ մեկին չտրամադրեք, թուղթը սեղանիս դրված էր,  ով եկել է` ասել եմ` չեմ կարող: Եթե թույլ տվեցին, խնդրեմ թող գան, հեչ կարևոր չէ, թե ով են , որովհետև ես ոչ միայն հանրապետական եմ, այլ քաղաքի մարդ եմ.նույն դաշնակը կարող է լինել մանկությունից ինձ ծանոթ, կամ բարգավաճի անդամը կարող է լինել իմ մոտ ընկերը»:

Ըստ մեր զրուցակցի` դահլիճը տրամադրելիս ինքը չի հետաքրքրվում, թե ներսում`ով ինչով է  զբաղվում: «Եթե գալիս է գեներալ Մանվելը` երկրապահ ազատամարտիկներին պիտի բաժանի մեդալներ, և մարզպետարանից ինձ խնդրում են, որ դահլիճը պիտի տրամադրեք: Հիմի մեդալները բաժանելու ժամանակ  կլինի՞ քարոզչություն, թե չի լինի, կխոսե՞ն քաղաքականությունից, հասկանում եք, դա մեզ չհետաքրքրող է : Ես, լինելով պինդ հանրապետական, ես հանրապետականի առաջին շարքերում էի դեռ էն ժամանակ, երբ քաղաքում քիչ հանրապետականներ կային, երբեք ու երբեք խնդիր չեմ ունեցել բուհում դա անել, ես ունեմ իմ գործունեության տեղն ու գրասենյակը` ուսանողներին որևէ խնդրով չնեղելով: Արվեստագետն էլ օպոզիցայում հայտնված մարդ է, պետության հետ հակառակվողն է:Ո՞ր արվեստագետին կարող ես ստիպել, կանչել, չեմ էլ պատկերացնում մարդուն համոզելով կուսակցական դարձնել», -ասում է մեր զրուցակիցը`վստահեցնելով, որ ինքը ուրախ կլինի,եթե կրթական հաստատություններում ընդհանրապես  արգելեն շտաբների տեղադրումը, որպեսզի կրթական գործընթացը չընդհատվի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031