Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղային ամուսնություններից մինչեւ շախմատային հաղթանակ. Տարվա 1-ին ամսվա ամփ

Հունվար 30,2012 18:33

Վիշապը եկավ մեծ թափով, տարվա սկիզբը բուռն էր երկրային աստղերի համար, համացանցի, մեր իրականության: Տարին սկսվեց աստղային ամուսնությամբ: Քրիստինե Պեպելյանի ամուսնության մասին «աղաղակում էին» լրատվական կայքերը Նոր տարվա հենց առաջին օրերին՝ ամանորյա սեղանը մի կողմ թողած: Սա կարծես ստիպեց մեր հայտնիներից շատերին մտածել ամուսնության մասին: Երգչուհիներ Մայա Մարգարյանի, Լիանայի անունների կողքն էլ ամուսնություն բառը չարչրկվեց: Սիլվա Հակոբյանի հայրն էլ mamul.am-ին հայտնել էր. «Իհարկե, ցանկալի կլինի, որ նրա կյանքում էլ հայտնվի սիրո ասպետը…մենք էլ ուրախ կլինենք….ժամանակն է, որ այդպիսի մի ընկեր ունենա»: Աստղերն ամուսնանու՞մ են, թե բաժանվում, հիմա արդեն կարեւոր չէ,  այժմ եւ ապագայում մեր  մտահոգության առարկան «Եվրատեսիլն» է: Արդեն հայտնի է, որ  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթում  Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում: Ադրբեջանը խոսում է, Հայաստանը լռում՝ հաշվի է առնում այս տարվա մրցույթի առանձնահատկությունը: Ո՞վ կմասնակցի մրցույթին, դեռ հայտնի չէ: Հայաստանը մասնակցի ընտրություն էլ թողել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորած հատուկ հանձնախմբին: Հայաստանը ներկայացնողին ներքին ընտրությամբ են որոշելու: Մինչ բոլորը քննարկում էին՝ Երեւանից Բաքու ուղարկեն տղա երգչի, այն էլ ղարաբաղցի, Ռազմիկ Ամյանին, Անդրեին եւ այլն, «Դորիանս» խումբը չիմանալով` ինչպիսի ընթացք կստանա եվրատեսիլյան թեման՝ պատրաստել է հատուկ  This is our world երգը, դեմ չէր լինի՝ ինքը մասնակցեր մրցույթին:  Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանն է ասել  խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը: Սիրուշոն էլ այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին», ինքն է այդպես ցանկացել, ի պատասխան երկրպագուների մեծ ցանկությանը նրան տեսնել Բաքվի բեմում՝ երգչուհին ֆեյսբուքի իր պատին գրել է. «Անկեղծորեն ուզում եմ հայտնել հիացմունքս եւ շնորհակալությունս ձեր հավատի, սիրո, նվիրումի եւ այն մեծ վստահության համար, որ «Եվրատեսիլ-2012»-ին որպես ներկայացուցիչ, դարձյալ ցանկանում եք տեսնել ինձ: Ձեր այդ հավատն արդեն իսկ մեծ պատիվ է ինձ համար»:

Ֆեյսբուքի իր պատն այս ամսվանից հատկապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն սկսեց ավելի «եռանդով» օգտագործել: Առաջարկն ու հայտարարություններն սոցցանցի նախարարի պատից չեն պակասում, Արմեն Աշոտյանի մտքով անցել է՝ նույնիսկ ասուլիս հրավիրել ֆեյսբուքում:

«Ֆեյսբուքցիներից» շատերի բառապաշարում այս ամիս նոր բառ մտավ՝ «հաճույքաճխտիկ», բառն անպակաս էր սոցցանցի օգտատերերի գրառումներում եւ լրագրողական նյութերում: Սկզբից այն բոլորին զավեշտ պատճառեց՝ Լեզվի պետական տեսչությունը sex բառն է թարգմանել, հետո առաջացավ զայրույթը, բոլորը հասկացան, որ լրատվական դաշտի անկատարության պատճառով բոլորը ապատեղեկատվություն են «մարսել»: Իրականում բլոգեր Էդգար Բաղդասարյանն էր  մի պահ պատկերացրել՝ ինչպես կթարգմաներ sex բառը Լեզվի պետական տեսչությունը եւ անկեղծ գրառել, հաջորդ օրն էլ տեսածից է զարմացել. «Չի կարող պատահել»: «Անհնար է»: Եվ ինչու ոչ՝ «վախ, հորս արև…» Սրանք էին առաջին բառերը, որ մտածեցի առավոտյան համացանց մտնելուց հետո։ Որովհետև աչքերիս առաջ մի «լրատվական» նյութ էր, որի արմատները գոնե ես հաստատ գիտեի»:  Էդգար Բաղդասարյանին ապշեցրել էր՝ լրատվական կայքը՝ առանց առաջին աղբյուրից տեղեկանալու, նյութ էր պատրաստվել՝ հիմնվելով ֆեյսբուքյան գրառման վրա: «Հաճույքաճխտիկից՝ տհաճաճխտիկ մի քայլ է»,- եզրակացրել էր բլոգերը:

Նոր տարվա առաջին ամսվա եւ ընդհանրապես տարվա  կարեւորագույն իրադարձությունը Ֆրանսիայի Սենատի  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն էր: Ֆրանսիան չվախեցավ Թուքիայի սպառնալիքներից, մնում է Նիկոլա Սարկոզիի՝ օրինագծի հաստատումը: Հայերը շնորհակալ են ֆրանսիացիներից, թուրքերը՝ «վառված», հայերն իրենց  երեխաներին են անվանում Սարկոզի, թուքերն էլ իրենց  համակարգչային խաղի հերոս Սարկոզիին ապտակելով են սրտները թեթեւացնում:

Սա հայերի միակ հաղթանակը չէր: Նոր տարվա առաջին ամիսը եզրափակվեց շախմատային հաղթանակով: Հոլանդիայի Վեյկ ան  Զեե  քաղաքում կայացած շախմատային մրցաշարում շախմատիստ Լևոն Արոնյանը նվաճեց 2012 թվականի առաջին սուպերմրցաշարի չեմպիոնական տիտղոսը: Շնորհավորում ենք մեր շախմատիստին եւ մեզ փառավոր հաղթանակի կապակցությամբ, ցանկանում տարին տեսնել հաղթանակներով եւ ձեռքբերումներով:

Իրադարձություններին հետեւող՝ Հռիփսիմե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031