«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատները» եւ «Ժառանգությունը» քննարկում են համագործակցության հեռանկարները: Հ
ԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Կոնգրեսում խանդո՞վ են վերաբերվում ՀԱԿ նախկին անդամների եւ «Ժառանգության» հնարավոր համագործակցությանը, մանավանդ, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ջրերը, մեղմ ասած, նույն առվով երբեք չեն հոսել: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ դաշինքի ղեկավարներից մեկն էր, կարծես, ինչ որ առիթով ասել՝ « Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом»:
Հետաքրքրվեցինք՝ այսինքն ՀԱԿ-ի համար միեւնո՞ւյնն է այս ուժերի հնարավոր համագործակցությունը, պոտենցյալ քաղաքական մրցակիցներ նրանց մեջ չե՞ն տեսնում, Զուրաբյանը հավելեց. «Մեր միակ մրցակիցը ռեժիմն է: Մենք ամեն ինչ դիտարկում ենք այդ կոնտեքստում: Մենք դեմոկրատական ազատ երկրում չենք ապրում, որ բոլոր քաղաքական ուժերին դիտարկենք մրցակից: Այս քաղաքական իրավիճակի ինտրիգը հետեւյալն է՝ գոյություն ունի բռնապետական ռեժիմ եւ գոյություն ունի ժողովուրդ, որը այդ հակապետական ռեժիմի դեմ պայքարում է: Հիմա, այս պարագայում որոշեք՝ եթե իրենց որեւէ քայլը նպաստելու է ռեժիմի քայքայմանը, մենք միայն կողջունենք դա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ