Հաղորդել էինք, որ այսօր Մե՛նք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության ակտիվիստները եւ Երեւանի կանաչ տարածքների ոչնչացմամբ մտահոգներն բողոքի ակցիա էին անցկացրել Երեւանի կենտրոնում: Մաշտոցի պուրակում հավաքվածները պահանջում էին անհապաղ դադարեցնել այգու տարածքում սկսված շինարարությունը: Հիշեցնենք, որ պատկան մարմինները Մարգարյան հիվանդանոցին մոտ այգում որոշել են տեղակայել Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները, ինչին կտրականապես դեմ են մեր համաքաղաքացիները:
Կարդացեք նաև
«Հասկանալի է՝ մարդիկ աշխատանքի կարիք ունեն, բայց մենք էլ հանրությունն ենք, մենք էլ ունենք մեր իրավունքները: Այդ պատճառաբանությունը հիմնավոր չեմ համարում, չեմ կարծում, ասենք որեւէ շենքի առաջին հարկում կամ ոչ հանրային տարածքում չկա տեղ մի քանի խանութ տեղավորելու համար: Այստեղ հարցը մասնավորը վեր հանելն է հանրայինից: Պետության կամ քաղաքային իշխանությունների գործառույթները հենց դրանք են՝ այսպիսի իրավիճակներում կարողանալ գտնել ճիշտ լուծում, իսկ այս դեպքում հանրայինը ստորադասվում է մասնավորից»,- Aravot.am-ին ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գայանե Մելքոմյանը:
Քիչ առաջ քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Նոր փողոցների կառուցման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝ ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի»: Քաղաքապետարանից տեղեկացնում են նաեւ, որ բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին:
Մինչ քաղաքապետարանից համոզում են, որ կանաչ գոտու եւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել, ընթերցողը կարող է մեր լուսանկարներից եւ տեսանյութից հետեւություն անել, թե ինչի հաշվին են Մաշտոցի այգում «բուսնում» Աբովյան փողոցից ապամոնտաժված «բուտիկները»:
Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը Aravot.am-ին քաղաքապետարանի պարզաբանումը մեկ բառով բնորոշեց` «Դեմագոգիա: Եթե դա հանրային օգտագործման տարածք չէ և այգի չէ , ապա ի՞նչ է»:
Նշենք, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գայանե Մելքոմյանը մեզ տեղեկացրել էր, որ նախաձեռնության ակտիվիստները կսպասեն քաղաքապետարանի հաղորդագրությանը եւ եթե իրենց պահանջը չբավարարվի, կշարունակեն պայքարել Մաշտոցի պուրակի պահպանման համար:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ