Լրահոս
Օրվա լրահոսը

Թամամյանը թաքցրել էր գաղտնալսման ամփոփագիրը

Հունվար 30,2012 17:29

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա. Պողոսյանի եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների, 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես եւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար, քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ, Հ. Թամամյանը, տեղյակ լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, որտեղ են հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների առնչությունը հաստատող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը: Թամամյանը ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երեւանում, Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, Ա. Ահարոնյանին եւ Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի բացահայտման ուղղությամբ Արաբկիրի բաժնի օպերատիվ հետախուզական գործողությունները:

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի համաձայն, Վ. Բաղդասարյանին պատասխանատվությունից զերծ պահելու եւ նրա մեղավորությունը հիմնավորող ապացույցները խեղաթյուրված ներկայացնելու նպատակով, Թամամյանը թաքցրել է Վ. Բաղդասարյանի մասնակցությունը եւ միջոցներ չի ձեռնարկել Խ. Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ Խ. Մկրտչյանի սպանության մասով քրեական գործը երկու մեղադրյալի վերաբերյալ դատարան էր ուղարկվել 2011թ. մարտին: Մեղադրյալներ՝ Վռամ Բաղդասարյանը դատապարտվել է երկարատեւ ազատազրկման, իսկ Դ. Սանդալջյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: ՀՀ գլխավոր դատախազությունը միեւնույն ժամանակ հայցում է ԶԼՄ-ների, ընթերցողների եւ Դ. Սանդալջյանի ներողամտությունը, պնդում, որ Սանդալջյանը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 137 հոդվածի 1-ին մասով եւ ոչ թե նախաքննական մարմնի կողմից առաջադրված 38-258 հոդվածի 4-րդ մասով՝ ինչպես տեղեկացվել էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031