Իրենց ժողովրդավար համարող գրեթե բոլոր երկրներում խորհրդարանները պարիսպներից ու ցանկապատներից զերծ են եւ դրանց շրջապատող այգիներն ու կանաչ տարածքները նախատեսված են ոչ միայն պաշտոնյաների, այլեւ շարքային քաղաքացիների համար: Ամեն օր՝ անկախ տարիքից, սեռից, կրթության մակարդակից, կուսակցական, կրոնական պատկանելիությունից, մարդիկ այդ այգիներում զբոսնում են, նստում, անգամ՝ պառկում:
ՀՀ Ազգային Ժողովի այգու գեղեցկությամբ, մեր շարքային քաղաքացիները հիանում են միմիայն ցանկապատի հետեւից եւ տարեկան ընդամենը 2-3 անգամ են առիթ ունենում մուտք գործել ԱԺ տարածք՝ այն էլ խորհրդարանի անվտանգության աշխատակիցների խիստ հսկողության ներքո: Մեր երկրում խորհրդարանի երկաթե դարպասները բացվում են այն ժամանակ, երբ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ երեխաների համար որեւէ մշակութային միջոցառում է այդտեղ կազմակերպվում: Մնացած օրերին «օձն իր պորտով» չի կարող մուտք գործել այգի, այն դեպքում, երբ ԱԺ պուրակը խնամելու ու պահպանելու համար մեծ գումարներ են հատկացվում հենց հարկատուների փողերով գոյացած պետական բյուջեից:
Էլ չենք ասում, որ մայրաքաղաքի կանաչ գոտիները զանգվածային ոչնչացումից հետո, սա այն բացառիկ պուրակներից է, որի տարածքը խեղդված չէ սրճարաններով ու ժամանցի այլ օբյեկտներով:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե տարեկան որքա՞ն գումար են ծախսում այգու տարածքը խնամելու համար եւ ե՞րբ Հայաստանի խորհրդարանն էլ կձերբազատվի պարիսպներից, Ազգային Ժողովից պատասխանեցին, որ մոտ ապագայում ԱԺ այգու ցանկապատից ձերբազատվելու ծրագիր չկա, քանի որ, ըստ ԱԺ պատասխանատուների, այն Ազգային Ժողովի շենքի ճարտարապետական համալիրի անբաժանելի մասն է: Ինչ վերաբերում է այգու խնամքի համար նախատեսված գումարներին, ապա 2011-ին նախատեսված է եղել 5 մլն 653 հազար դրամ, սակայն փաստացի ծախսվել է 3 մլն 654 հազար դրամը: Նույն աղբյուրի համաձայն, այս տարվա համար նույնպես նախատեսված է 5 մլն 653 հազար դրամ:
Ցանկապատները ապամոնտաժել չցանկացող ԱԺ նախագահը, այդուհանդերձ,
պատրաստակամություն է հայտնել ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում, Ազգային Ժողովում, այդ թվում` նաեւ ԱԺ այգում անցկացվող միջոցառումների շարքը ոչ միայն շարունակել, այլեւ ավելի հաճախակի դարձնել դրանք եւ ընդլայնել երեխաների, դպրոցականների, ուսանողների ու ընդհանրապես քաղաքացիների մասնակցության հնարավորությունն այդ միջոցառումներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Ներկայացնում ենք մի քանի երկրների խորհրդարաններից լուսանկարներ, որոնք առանց ցանկապատի էլ ունեն ճարտարապետական անխաթար տեսք: