«Ժամանակին ՀԱԿ–ն աշխատում էր «ինչքան շատ քաղբանտարկյալ՝ այնքան լավ» սկզբունքով, բայց ժամանակը ցույց տվեց, որ որոշ քաղբանտարկյալներ այնքան էլ քաղբանտարկյալ չէին. գոնե այս վերջին զարգացումները դա ցույց տվեցին: Արդյոք ՀԱԿ–ի կողմից ռազմավարական սխա՞լ էր՝ ում պատահի եւ ում ասես քաղբանտարկյալ հռչակել»,- այս հարցն այսօր մամուլի ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին ուղղեց «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողը: ՀԱԿ համակարգողը նախ չհամաձայնեց հարցում առկա որոշ դիտարկումների հետ. «Նախ՝ ՀԱԿ–ը երբեք չի ունեցել՝ «ինչքան շատ քաղբանտարկյալ, այնքան լավ» սկզբունքը: Հակառակն է եղել, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ քաղբանտարկյալների թիվը պակասի: Երկրորդը՝ ես կտրականապես դեմ եմ բոլոր փորձերին, որոշելու համար, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ, ով՝ չի կարող համարվել քաղբանտարկյալ, ելնելով իր վարքագծից: Մենք մի բան պետք է հասկանանք՝ անկախ նրանից, թե քաղբանտարկյալը հետագայում ինչ վարքագիծ է ձեւավորել, գնացել է գործարքի իշխանության հետ, արդեն մենակ այն փաստը, որ նա ենթարկվել է իր քաղաքական հայացքների համար անարդար հետապնդումների եւ բանտարկման, բավարար է, որ այդ մարդը համարվի քաղբանտարկյալ»: Այսպիսով, բոլոր այն մարդիկ, ովքեր բանտարկվել են իրենց քաղաքական հայացքների, ակտիվության, քաղաքական գործողությունների համար՝ Զուրաբյանի համար քաղբանտարկյալներ են: «Այդ մարդկանցից շատերը, չդիմանալով զրկանքների, ներման խնդրագրեր են ներկայացրել Սերժ Սարգսյանին»,- ասաց նա՝ խորհուրդ չտալով «մտնել այդ բաների մեջ», որովհետեւ դասակարգումներն ավելորդ է համարում, բայց Զուրաբյանի համար այդ մարդիկ էլ չեն դադարում քաղբանտարկյալ լինել: «Ես, օրինակ, համարում եմ, որ նրանք զոհ են: Դա նշանակում է, որ բավական չէ նրան անարդար դատել են, մի բան էլ նվաստացրել են, այլ ճնշում են գործադրել, հետեւաբար նրանք խնդրագրեր են գրել: Եվ այսօր, եթե նման մարդիկ փորձում են հայտարարություններ անել իրենց պայքարի ընկերների դեմ, ես այդ մարդկանց չեմ ցանկանում դատապարտել: Իսկ իշխանությանը համարում եմ անբարոյական, բավական չէ այդ մարդկանց նկատմամբ անօրինական հետապնդումներ արեցին, հիմա փորձում են բարոյապես ոչնչացնել: Սա խայտառակ պրոցես է»,- ասաց Զուրաբյանը:
Aravot.am-ի ճշտող հարցին, արդյոք իր ասած «զոհերի» մեջ մտնում է նաեւ Սուրեն Սիրունյանը, Զուրաբյանն ասաց. «Սուրեն Սիրունյանը, իմ ունեցած ինֆորմացիայով, խնդրագրով չի դիմել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ