Հունվարի 30-ին Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում հուղարկավորեցին 19-ամյա Փայլակ Շահնազարյանին: Շրջանառվող լուրերի համաձայն, նրան սպանել են եւ սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես արդեն հաղորդել ենք, լուրերի համաձայն, Փայլակ Շահնազարյանը մարտական դիրքում քնած է եղել, Խաչատուր Սարգսյանը նրա երեսին ատամի մածուկ է քսել, Շահնազարյանն արթնանալով հարցրել է, թե ո՞վ է հեղինակը, Սարգսյանը հանձն է առել, որից հետո, Փայլակ Շահնազարյանը հայհոյանքներ է հասցեագրել զինակցի մոր հասցեին, Խաչատուր Սարգսյանն էլ «պատվախնդրությունից» ելնելով՝ սպանել է ծառայակցին:
Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանն ասաց,որ հունվարի 28-ին Փայլակ Շահնազարյանի դին բերվել է ծննդավայր: Զոհված ակնաղբյուրցին բնութագրվում է որպես համեստ երիտասարդ: Նրա ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Փայլակն օջախի միակ տղան էր , նրանից հետո ընտանիքի զավակներից մնացել է միայն 4-րդ դասարանի աշակերտ քույրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ