Առօրյայում հաճախ ենք լսում «մի նեռվայնացրու, էլի» կամ «ուֆ դե, արդեն նեռվայնացա» արտահայտությունները: Ումի՞ց և ինչի՞ց են նյարդայնում մարդիկ, իրենք էլ չգիտեն: «Եսիմ, պահի տակ ստացվում է»,- ասում է Անին: Րոպեներ հետո փոշմանում է, բայց հասկանում է, որ ուշ է: Նյարդայնանում է, երբ հարցնում են` «քոնը կոմպա, թե՞՝ նոթբուք :D»:
Աշոտի վրա էլ ազդում է ամեն ինչ` հայկական սերիալներից մինչև` հարևանի «ֆազոտած» շունը: «Դրա շանը, որ տեսնեք, հաստատ դուք էլ կնեռվայնանաք»: Աշոտն է ասում: Նյարդայնանում է նաև, երբ քաղաքում տեսնում է «ջակի-ջուկի» հագնված երիտասարդների: Կարծում է` հայ երիտասարդին վայել չէ դա:
Ամենանյարդային գործը վարորդներինն է: Իրենք են ասում: «Այ ազիզ ջան քեզ թվում ա մեր համար հե՞շտ ա: Ում հետ ասես, չենք շփվում»,- ասում է Հրաչը, ով վարորդ է: Ամենաշատը նյարդայնանում է նրանից, որ վերջում նստած ուղևորները «քթի տակ» ասում են կանգառում կկանգնեք, չկանգնելու դեպքում էլ` մունաթ են գալիս: Իսկ Քնարիկն էլ այն մարդկանցից է, որ համարյա թե չի նյարդայնանում: «Ես ինչի՞ նեռվայնանամ, թող ուրիշները նեռվայնան :D»: «Առավոտ երիտասարդական»-ին է ասում: Ըստ նրա, պոզիտիվ լինելը ամենաառջնայինն է կյանքում: Կոչ է անում` խնայել նյարդերը և ապրել հանգիստ:
Արամ Արարատյան