Այսօր կայացած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ-ի խորհրդարանական ընդդիմության առաջարկին միանալու վերաբերյալ ասաց. «Եթե կոալիցիայի ներսում ստեղծված է մի իրավիճակ, երբ կոալիցիայի մի աթոռ չի ցանկանում հնազանդվել հակաժողովրդական, հակաժողովրդավարական գծված այս պլաններին՝ ինչ-ինչ պատճառներով, առայժմ չենք ցանկանում վերլուծել պատճառները, դա արդեն ստեղծում է լրջագույն նախադրյալներ, որ նվազեցվի ՀՀԿ-ի կողմից իրականացվող կեղծիքները: Մենք պատրաստ ենք եւ դա ցույց ենք տվել մեր քայլերվ, համագործակցել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաեւ խորհրդարանական՝ «Ժառանգության», «Դաշնակցության», ինչու չէ՝ այդ թվում նաեւ ԲՀԿ-ի հետ՝ ընտրակեղծիքների հետ ինչ-որ ճակատ կազմելու ուղղությամբ»:
Ըստ Զուրաբյանի, այսօր իսկապես կա աննախադեպ գիտակցում, որ ընտրակեղծիքները սպառնում են մեր ազգին ու նրա ճակատագրին եւ այդ գաղափարի շուրջ համախմբվում են ամենաանսպասելի մարդիկ եւ ուժերը. «Ավելի լավ ընթացք մեզ համար դժվար է պատկերացնել: Անգամ այն ուժերը, որոնց դեմ մենք պայքարում էինք 4 տարի առաջ, հիմա սկսել են գիտակցել արդար ընտրությունների անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք բռնել ընտրակեղծարարների եւ ընտրագողերի ձեռքը»:
Այս համատեքստում անրադառնալով նաեւ Հրազդանի քաղաքապետի առաջիկայում կայանալիք ընտրություններին, ՀԱԿ համակարգողը նկատեց, որ դա լավագույն առիթն է «թալանչիների եւ բանդիտների կուսակցություն ՀՀԿ-ից» ազատվելու գործընթացին հիմք դնելու համար. «Սասունն առանցքային լիդեր է եւ ժողովրդի կողմից սիրված ու ընդունելի, եթե խոշորամաստաբ կեղծիքներ չլինեն, վերջ կտանք այս ՀՀԿ-ական լուծին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ