Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ԲՀԿ-ն հավատարիմ չէ՞ երկրի նախագահին (Տեսանյութ)

Հունվար 30,2012 16:41

Այսօր Aravot.am-ը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել ԲՀԿ անդամների հանրապետականացումը եւ մասնավորապես` Արարատի մարզի ԲՀԿ նախկին ներկայացուցիչ, այժմ Արարատի ոստիկանապետ դարձած Կարեն Խաչատրյանի հայտարարությունը:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, Կարեն Խաչատրյանի հայտարարությունը նպատակ ուներ սեպ խրել երկրի նախագահի եւ ԲՀԿ նախագահի միջեւ, կուսակցությունների միջեւ. «Դա անթույլատրելի է, մանավանդ այն իրավիճակում, երբ անվստահության մթնոլորտը թեւածում է քաղաքական դաշտի վրա: Սա մտահոգիչ է, մի մարդ, որը սադրիչ հայտարարություն է անում, մտադրված է սրել փոխհարաբերությունները երկու ազդեցիկ մարդկանց միջեւ, երբ ԲՀԿն որեւէ առիթ չի տվել կասկածելու, որ առճակատման է գնում երկրի նախագահի դեմ: Իսկ հիմա մի սադրիչ, որը փոխանակ պատժվի երկրի նախագահի կողմից` խրախուսվում է եւ նշանակվում ուժային կառույցի պատասխանատու պաշտոնի, այն դեպքում, երբ հասարակությունը պահանջում է երաշխիքներ, որ ոստիկանությունն ապակուսակցական մոտեցում է ցուցաբերելու ընտրական շրջանում, անկողմնակալ է լինելու, չէ՞ որ ոստիկանությունը պետք է կարգուկանոն պաշտպանի` վերկուսակցական դիրքերից: Իսկ եթե քարոզարշավը դեռ չի սկսվել` ոստիկանության ներկայացուցիչները ներքաշվեն կուսակցական խաղերի մեջ, եւ հանկարծ մտածեն իրենց կարիերան կուսակցական ինտրիգներին մասնակցելն է, ոչ թե ծառայությունը, սա ի՞նչ դաս պետք է լինի այն պայծառ տղերքին, որոնք չնչին կոպեկներով իսկապես ծառայում են: Այս բարոյալքված, կրիմինալ հասարակությունում ծառայությունը սխրագործություն է»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը ապակուսակցականացված կառույց պետք է լինի. «Այս մարդիկ, որոնք տարիներ շարունակ  հեռու են մնում կուսակցական խաղերից, կուսակցական ինտրիգներից, որովհետեւ դա սահմանադրորեն արգելվում է ոստիկանության ծառայողների համար եւ հանկարծ իշխանությունը բերում է իրենց գլխին դնում է պետ` սա կարող է կազմաքանդել ինստիտուտը»:

Մեր հարցին` դա ճնշո՞ւմ է «Բարգավաճի» վրա, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Պատկերացրեք, Կարեն Խաչատրյանը լքում է կուսակցությունը` անելով հայտարարություն, որ ինքը հավատարիմ է երկրի նախագահին, բայց կներեք, իսկ «Բարգավաճ Հայաստանը» հավատարիմ չէ՞ երկրի նախագահին, չէ՞ որ նախագահի կոալիցիոն գործընկերն է, եւ պարտաճանաչ կատարում է իր կոալիցիոն պարտավորությունները, հավատարիմ է այն հուշագրին, որը ստորագրվեց եւ որում ամրագրված է, որ կոալիցիոն կուսակցությունները պարտավոր են մեկը մյուսի դեմ չաշխատել, մեկը մյուսին թուլացնելու քայլեր չանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031