Իր նախորդ ասուլիսում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, որ եթե «Բարգավաճ Հայաստանից» հրավեր ստանա` կցանկանա ընդգրկվել նրանց ցուցակներում եւ լինել Գագիկ Ծառուկյանի կողքին: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե հրավեր ստացե՞լ է: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեռեւս համամասնական ցուցակները չեն քննարկվում, մեծամասնական ընտրակարգի հարցն է դեռ քննարկվում եւ դրա մասին վաղ է խոսել. «Այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, որ իսկապես պետք է ձերբազատվենք մեծամասնական ընտրակարգից եւ անցում կատարել 100% համամասնական ընտրակարգի»:
Մենք փորձեցինք այնուամենայնիվ ճշտել` դուք տեղ կգտնե՞ք «Բարգավաճի» համամասնական ցուցակում. «Ես ենթակա անձ եմ, ենթակա եմ մեր քաղաքացիներին, ընտրողներին: Եթե վաղը մարդիկ ասեն` փասափուսեքդ հավաքիր մեծամասնականով առաջադրվիր` ես դա կանեմ: Եթե ասեն` մենք հակված ենք քեզ տեսնել այնտեղ` ես ականջալուր եմ այսօր հանրային տրամադրություններին: Տեսնենք` ինչպես կլինի, այսօր պահանջ ներկայացնում եմ, որպեսզի մասնակցեմ ընտրություններին, ես դա հաշվի կառնեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ