Լրահոս
Օրվա լրահոսը

Գետը զուգարան է ծառայում

Հունվար 30,2012 16:01

Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչպես է այս զուգարանը կառուցված ուղիղ գետի վրա` առանց կեղտաջրերի համար նախատեսված խողովակների: Զուգարանի կեղտաջրերը անմիջապես թափվում են Կապան քաղաքի միջով, նաեւ կենտրոնական հատվածով հոսող Ողջի գետը:

Այս պատկերին մենք ականատես եղանք Կապանի նախկին լողավազանի տարածքում, որտեղ այս պահին ընթանում է «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշիությանը» սոցիալական ծրագրով կապանցի երիտասարդ ընտանիքների համար կառուցվելիք բնակարանային շենքային համալիրի շինարարությունը: Սա միակ զուգարանը չէր, նմանատիպ մեկ այլ զուգարան էլ կառուցված էր մի փոքր այն կողմ: Ինչպես պարզվեց , շինհրապարակում տեղակայված այս 2 զուգարանները կառուցվել են այստեղ աշխատող շինարարների համար, առանց հաշվի առնելու գետը աղտոտելու եւ էկոլոգիային ու բնակչությանը հասցվելիք հնարավոր վնասի մասին:

Դեռեւս անցած տարվա հուլիսի 6-ին՝ «Շինաշխատանքները դադարեցված են. «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագիրը տապալվում է Ողջի գետի պատճառո՞վ»  հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ծրագրի մեկնարկից 9 ամիս անց երիտասարդ ընտանիքների համար բնակարանների վայրում առայժմ միայն փոս է, ավազակույտեր ու հողակույտեր, ջրածածկ տարածք, որտեղ գորտերն են դարձել տանտեր: Այն ժամանակ շինարարություն իրականացնող «Ինթըրնեյշնլ Դիվելըմփմենթ ընդ Քոնստրաքշն» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը «Առավոտին» փոխանցել էր, որ չէին ենթադրում-նախատեսում, թե գետի մակարդակն ու ջրերը այդքան կբարձրանան, ուստիեւ աշխատանքները ստիպված ժամանակավոր դադարեցրել են՝ մինչեւ ջրերի իջնելը. «Շինարարությունն այստեղ նորից կմեկնարկի հուլիսի վերջերից, քանի որ այդ ժամանակահատվածում է Ողջի գետը սկսում իջնել, իսկ հիմա այնտեղ գետի ջրերն են լցվում, հնարավոր չէ աշխատանքներ կատարել: Շենքի կոնստրուկցիաները փոխվել են, անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի հետագայում խուսափենք նման խնդիրներից: Հուլիսի վերջից աշխատանքները սկսելու դեպքում շենքը ամբողջությամբ կկառուցենքկավարտենք միայն 2013 թվականի սկզբին»:

Փաստորեն՝ ամենաքիչը մեկ տարի Ողջի գետը պետք է զուգարան ծառայի եւ այդ կեղտաջրերը հոսեն Սյունիքի մարզկենտրոնի միջով:

Ողջի գետի աղտոտվածության խնդրին էլ ենք բազմիցս անդրադարձել. («Գետերը կրկին կեղտոտ են», «Կրպակների անորոշ ճակատագիրը», «Կրպակների ճակատագիրը պարզվում է»,«Հայջրմուղկոյուղին» ձգձգո՞ւմ է Կապանի հ/կ-ներից մեկը դատի է տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը` մեղադրելով անգործության մեջ, կոյուղատարի վերածված Ողջի գետի խնդրին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու համար: Բացի այդ, դատի է տվել նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` մեղադրելով, որ կենտաջրերի հեռացումը պատշաճորեն չի իրականացնում եւ նրանց մեղքով կեղտաջրերը թափվում են Ողջի գետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031