Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ճնշում գործադրո՞ւմ է ԲՀԿ-ի վրա, բնականաբար, վստահեցրեց, որ ոչ մի ճնշում էլ չկա ո’չ ԲՀԿ-ի, ոչ էլ որեւէ մեկի վրա: Aravot.am-ի հարցին` այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլի բազմաթիվ հրապարակումները, որ այս օրերին ԲՀԿ-ից լուրջ արտահոսք կա եւ անգամ հանրապետականացվում են բուժհիմնարկների աշխատակիցները, մինչդեռ տրամաբանությունը հուշում է , որ նրանք պետք է սատարեին «Բարգավաճ Հայաստանին»` պարոն Զաքարյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ բուժաշխատողները չպետք է Հանրապետականին պաշտպանեին: Ոչ մեկը չի հանրապետականացրել մարդկանց, չնայած տարեցտարի ՀՀԿ-ն ընդլայնել է իր շարքերը, ներկուսակցական կյանքն ակտիվ զարգացել է: Բայց որեւէ մեկի պարագայում ասել, որ հանրապետականացվել է` նման բան գոյություն չունի: Փորձը ցույց է տալիս, որ կան կուսակցություներ, որոնց հայտարարած թիվը եւ հավաքած ձայները էականորեն միմյանցից տարբերվում են: Ես չեմ կարծում, որ կուսակցականների հետեւից վազող կուսակցությունները հաջողություն կունենան: Մեր կուսակցություն զանգվածների ներգրավումն իրականանում է բոլորովին այլ կերպ»:
Լրագրողների հարցին` իսկ ինչո՞ւ եք կարծում, որ այն մարդիկ, որոնք բռնի ընդգրկվում են ՀՀԿ-ի շարքերը, անպայման քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին` Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ՀՀԿ անդամները ակտիվ մասնակցում են բոլոր քննարկումներին, իրենց դժգոհություններն են հայտնում, որ իրենց մոտ գործում է լայնարձակ կուսակցական թիմ եւ իրենք ոչ միայն համոզված են, որ ՀՀԿ յուրաքանչյուր անդամ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, այլեւ վստահ են, որ նրանք նաեւ ակտիվ քարոզելու են ու բերելու են նոր ընտրազանգվածներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ