Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Կարող եմ գրազ գալ` քաղաքական գործիչները չգիտեն, թե ինչ բան է քաղաքականությունը, որովհետեւ Պլատոն չեն կարդացել»

Հունվար 30,2012 15:26

Այսօր Հայաստանի քաղաքագետների միության «Politlogos» իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբը կազմակերպել էր իր առաջին հանրային լսումները` նախընտրական, ընտրական և հետընտրական զարգացումների հանրային վերահսկողության հիմնահարցերի մասին: Միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամբ` պետք է այդ լսումներով քաղաքական կուսակցությունների ուշադրությունը շեղել տնտեսական, տարածաշրջանային խնդիրների վրա. «Դավոսի ֆորումում մռայլ կանխատեսումներ են անում, իսկ մեր քաղաքական ուժերը դեռեւս պարզում են, թե որն է ամենաարդյունավետ ընտրական համակարգը` մեծամասնակա՞նը, թե՞ համամասնականը: Դրա համար էլ մենք մեր ընտրությունների դառը բաժակը դեռ չենք մարսել, իսկ ամեն ընտրություն, որ պետք է տոն լինի, հենց դառը բաժակ է դառնում»:

Քաղաքագետների միության վարչության անդամ Հենրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ ընտրությունները Հայաստանի բնակչության համար իսկական սոցիալական աղետ են եւ դրա համար նախ պետք է թույլ չտալ նախագահների վերընտրությունը. «Որովհետեւ ավտորիտար համակարգերում վերընտրվում է ոչ թե նախագահը, այլ` վերընտրվում է ամբողջ համակարգը, որը ստեղծվել է նախագահի կողմից, եւ այդ սոցիալական աղետը, արյուն թափելը, գալիս է հենց դրանից: Մենք առաջարկեցինք ընդհանրապես վերընտրությունը վերացնել եւ երկարացնել՝ պաշտոնավարման ժամկետը 7 տարի: Պետք է սրել մեր հիշողությունն ու հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել 20 տարվա մեջ` 1996-ի, 2003-ի ընտրություններին: Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանը ինչքան պետք է քաղաքական ֆուտբոլ խաղա այն թույլ թիմերի նման, թե՞ «Բարսելոնայի» նման»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ հասարակական կարծիք կա, թե ով ընտրվում է` արդեն իսկ իր թոռներով, ծոռներով ապահովվում է, նոր անցնում ժողովրդի դարդերով զբաղվելուն, այդ վտանգը չկա՞, որ նոր մարդու եթե բերեն` հիմա էլ նրա ծոռներին պիտի ապահովեն, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Իսկապես, շատ մարդիկ չեն սիրում քաղաքականություն, բայց որպեսզի իրենց թոռներին, ծոռներին ապահովեն, կամ այսպես ասած` կուտակված հարստությունը պահպանի` դրա համար են գալիս իշխանության: Ըստ Պլատոնի` քաղաքականությունը նրա համար չի, որ ես փող աշխատեմ, այլ` որ ապահովեմ երկրի ընդհանուր բարգավաճումը: Կարող եմ գրազ գալ` քաղաքական գործիչները չգիտեն, թե ինչ բան է քաղաքականությունը, որովհետեւ Պլատոն չեն կարդացել: Կուսակցությունների ծրագրերը որ նայեք, մեկը մյուսից արտագրված է, երբ կենդանի խոսում են ներկայացուցիչները` ոչ մի կոնկրետ պատկերացումներ չունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031