Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործով տուժողի ներկայացուցիչները եւ պաշտպանները դատարան չեն գնա

Հունվար 30,2012 15:09

Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով: Արտագնա նիստերը, որոնք ընթանում էին մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում, հունվարի 19-ին դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ, տեղափոխվել են կրկին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայր: Վաղը դատական նիստ է նշանակվել:Մինչդեռ դատավարության կողմերը մտադիր են դրանք բոյկոտել:

Այսօր այդ կապակցությամբ, ասուլիս էին հրավիրել Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ու Ծովինար Նազարյանը: Նրանց միացել էր պաշտպան Ալվարդ Մնացականյանը, որը դատարանում իրականացնում է միաժամանակ 3 զինծառայողի՝ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի պաշտպանությունը:

Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հեռախոսով տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել ասուլիսին, եւ միանում է տուժողի իրավահաջորդի որոշմանը: Պարզ չէր ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանի դիրքորոշումը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նկատեց, որ մայրաքաղաքում ընթացող դատավարությունը հրապարակային էր, քանի որ մասնակցում էին լրատվամիջոցներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. «Վկաների հարցաքննությունը դատախազի համար անկանխատեսելի սցենարով ընթացավ»: Ըստ փաստաբանի, վկա Արման Մնացականյանի հարցաքննության ժամանակ պարզվեցին շատուշատ հարցեր, որ նրա զորացրումն ավարտվել է, բայց պահվում է զինվորական ոստիկանութունում: Մ. Շուշանյանի կարծիքով, գործը Իջեւան տեղափոխելով, մտադիր են արագ ավարտել դատաքննությունը: Մասնավորապես, կհետեւի այն, որ դատարանը մեղադրական եզրակացության վրա իր կնիքը կդնի, քանի որ վկաները դատարան չեն ներկայանա, իսկ դատարանն էլ մտադիր չէ արդարադատություն իրականացնել:

Պաշտպան Ալվարդ Մնացականյանը հավելեց, որ համակարծիք է տուժողի իրավահաջորդի գնահատականների հետ: Ըստ նրա, իր պաշտպանյալներից ցուցմունքները կորզվել են բռնությամբ ու խոշտանգումներով: Նա մեր հարցին, թե դատարանում հունվարի 18-ի անկարգությունները սկսվեցին վկային իր հարցաքննության ժամանակ, եւ արդյոք նրա նկատմամբ դրանից հետո ճնշում եղե՞լ է, պատասխանեց բացասաբար:

Իրավապաշտան Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այս գործը հիշեցնում է «Մատաղիսի» աղմկահարույց գործը: Ըստ նրա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն առնվազն 15-20 անձինք, որոնք կոծկել են Արտակ Նազարյանի սպանությունը: Նա հիշեց զինդատախազ Գեւոգ Կոստանյանի օրերս տեղի ունեցած ասուլիսում հնչած այն միտքը, թե 2010թ. գործերով թերություններ կան. «Դիտավորյալ սպանության կոծկումը ի՞նչ թերություն»,- հարցրեց նա:

Իսկ Հասմիկ Հովհաննիսյանի կարծիքով, իր որդուն սպանել են մի այլ պատճառով՝ ինչ որ բան իմանալու: Նա ասաց, որ ինքը 10 օր առաջ եղել է ՀՀ նախագահի վերահսկողական վարչության պետ պարոն Հովսեփյանի մոտ, որը խոստացել է դիմումին ընթացք տալ 2 օրից: Սակայն սպանված զինվորի մորը այդպես էլ պատասխան չի տվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031