Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտին» ակումբի նախաձեռնությունն իբր խլխլում են իրարից

Հունվար 30,2012 14:51

ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հաղորդագրություն է տարածել, որով իր «խորը վրդովմունքն է» հայտնում ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության կապակցությամբ, որ հունվարի 31-ին Երեւանում բացվելու է «Պուտին» ակումբ. «Ավաղ, նախանձն ու անարդար մրցակցությունը մղեցին անհասկանալի մարդկանց ու կազմակերպությունների մի խմբակի փորձել ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդից փոխառել ակումբի ստեղծման գաղափարը: «Պուտինի» իսկական ակումբը բացվելու է փետրվարի 2-ին՝ Ռուսական գրքի տանը»: Անդրանիկ Նիկողոսյանն իր հաղորդագրությունն ավարտել է «Զգուշացեք ինքնակոչերից» հորդորով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տարածվել էր հաղորդագրություն, ըստ որի՝ «Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների առաջարկությամբ, Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժման վարչությունը որոշում է կայացրել հունվարի 31-ին Հայաստանում «Պուտին» ակումբի բացման մասին»:

Նախաձեռնությանը աջակցության հայտնածների թվարկումը ենթադրության տեղիք է տալիս, որ սա հաջողված կատակ է: Մասնավորապես նշված են «Ռուսաց արծիվներ» ռազմահայրենասիրական միավորում, «Մեկ Փիղ» կազմակերպությունների դաշինք, «Կոտայքի հաշվապահների միություն» միավորում, «Ազատ ռուսաֆիլներ» նախաձեռնություն անվանումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել