Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ էր այս կրպակները մնային Աբովյան փողոցում» (Տեսանյութ)

Հունվար 30,2012 15:27

«Սա այլանդակություն է, այլասերվածություն, ուրիշ բառ չեմ կարող գտնել: Ամեն անգամ ստացվում է, որ այն ինչ արվում է՝ հինն ավելի լավն է լինում: Մեր իշխանությունների համար էական չի՝ նրանք ինչ են կառուցում, ինչով են զբաղվում, երեւի մի խումբ շինարարների ցավը տվել են մեր իշխանություններին, նրանց սպասարկելը դարձել է հանրային շահ: Եթե պետք է այսպես արվեր, ավելի լավ էր այս կրպակները մնային Աբովյան փողոցում, այնտեղ գոնե մայթ կար: Չնայած դեմ չեմ ապամոնտաժմանը, արժեր վերացնել դրանք, բայց ոչ կանաչի հաշվին: Դիմացի մասում ծննդատուն է, փոխանակ կանանց, ծննդաբերողների համար ստեղծվի, բարենպաստ, կանաչ գոտի, նրանք այս այլանդակությունն են անում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տերյան 23 շենքի բնակիչ Գերավետյան Վարդանը: 

Նշենք, որ շինարարության վայրում որեւէ տեղեկատվություն չկար, թե ով է իրականացնում շինարարությունը եւ ինչ նպատակով: Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը կարծում է. «Իշխանությունները գաղտնի, արագ կերպով, առանց քննարկման, տեղեկատվության, հասարակական այգին վերածում են չգիտեմ ինչի: Տոնավաճառի չէի ասի՝ ավելի վատ բառ կասեի: Եթե չդադարեցնեն շինարարությունը, կբերենք ոստիկանների, թող բերեն փաստաթղթերը ցույց տան»:

Aravot.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Մե՛նք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության ակտիվիստները եւ Երեւանի կանաչ տարածքների ոչնչացմամբ մտահոգներն այսօր բողոքի ակցիա պետք է անեն՝ ընդդեմ Մաշտոցի պուրակում՝ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղադրման: Այսօր նախաձեռնության անդամները հաղորդագրություն էին տարածել, որտեղ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում էին անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները: Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: «Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում»,- նշել էին նրանք: Չնայած ակցիայի մասնակիցներն ակնկալում էին նաեւ քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցչի ներկայությունը, բայց քաղաքապետարանից որեւէ մեկը հանդես չեկավ: 

Aravot.am-ը խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ մոտ մեկ ժամից իրենք պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆԻ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031