Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակիչները` խաբեության զոհ

Հունվար 30,2012 12:53

Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սա մեր իրականությունում եզակի նախաձեռնություն էր, երբ քաղաքային իշխանությունները հանրային շահը վեր դասեցին մասնավորից և ընդհանուր օգտագործման տարածքը վերադարձրեցին Երևանի բոլոր բնակիչների օգտագործմանը: Բոլորիս սիրելի Աբովյան փողոցն ստացավ իր նախկին տեսքը, ինչի առիթով նորընտիր քաղաքապետի հասցեին հնչեցին բազմաթիվ շնորհակալական խոսքեր, և այս ամենը լայնորեն լուսաբանվեց մամուլով:

Սակայն, երկու օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Անմիջապես այցելեցինք տարածք և տեղում հավաստիացանք տեղեկության իսկության մեջ: Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երևանի կանաչ գոտիների և զբոսայգիների ոչնչացումը: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում:

Հիշեցնում ենք, որ Արամի և Բյուզանի փողոցների միջնամասում գտնվող նշված այգին հանրային զբոսայգի է՝ հանգստյան գոտի: Այգում որևէ նման շինության տեղակայումը հակաօրինական է և ոտնահարում է Երևանի բնակիչների առողջ միջավայրում ապրելու և հանգստի սահմանադրական իրավունքները: Այս որոշմամբ ևս մեկ անգամ մասնավոր շահը վեր է դասվել հանրայինից: Փոխանակ արդեն իսկ խարխուլ վիճակում գտնվող այգին բարեկարգվի և ապամոնտաժվեն գոյոթյուն ունեցող շինությունները՝ այգու մի զգալի հատվածը ոչնչացվում է և վերածվում առևտրի գոտու:

Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները: Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում:

Ս.թ. հունվարի 30-ին` ժամը 13:00-ին այգում տեղի է ունենալու բողոքի միջոցառում, որին սույնով հրավիրում ենք նաև քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցչին:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031