Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը

Հունվար 30,2012 11:32

Տաթեւ Մատինյան

Հայկ Դավթյան

27-ամյա Տաթեւ Մատինյանը երիտասարդ փաստաբան է: Այս տարվա հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը մտահոգությունների առաջ է կանգնեցրել նրան: Արդեն քանի տարի նա համակարգում է «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավական գործերը:

Օրենքը մտել է ուժի մեջ, սակայն, Տաթեւի համար մի շարք հարցեր մնացել են անհասկանալի: «Կան մի շարք չկարգավորված հարցեր: Օրենքն ինձ չի արգելում, որ ՀՔԱՎ-ն ինձ ամսական աշխատավարձով վարձի որպես փաստաբան` իր անունից դատարաններում ներկայացուցչություն անելու համար: Մյուս կողմից` հարկային դաշտն ինձ պարտավորեցնում է վճարել հարկեր` իմ արած ներկայացուցչությունների համար»,- բացատրում է նա:

Օրենքի փոփոխությամբ այժմ իրավաբանական ցանկացած գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ փաստաբանի որակավորում:

«Դատարաններում որակյալ մասնագետներ են անհրաժեշտ, որպեսզի կարողանան պաշտպանել մարդու իրավունքները, որակի բարձրացման հարցն է, հնարավոր է նաեւ հարկերից խուսափող իրավաբաններին իրավական դաշտ բերելու նպատակ կա»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ, իրավաբան Հայկ Դավթյանը: Նա օրենքի փոփոխության մեջ անհանգստանալու առիթ չի տեսնում: Դավթյանի համոզմամբ ցանկացած նոր օրենք ընդունման սկզբնական փուլում դժվարություններ միշտ էլ առաջացնում է: «Լուրջ ուսումնասիրություններ, լուրջ խորացում է պահանջում: Եթե օրենքը փոփոխել են, ուրեմն լուրջ նախադեպեր են եղել»,-բացատրում է նա:

Շահերի պաշտպանության եւ աջակցության Լոռու մարզի կենտրոնի համակարգող, իրավաբան Արման Գինոսյանն էլ օրենքի փոփոխության մեջ խնդիր չի տեսնում: Ըստ նրա` եթե իրավաբանը ցանկանում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, կարող է ստանալ համապատասախան արտոնագիր ու զբաղվել փաստաբանությամբ: «Դատարան դիմելու մատչելիությունն էլ չի խախտվում, քանի որ,ըստ օրենքի, անվճարունակ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ստանձնում է Հանրային պաշտպանի գրասենյակը»:

Հակառակ սրան` Տաթեւ Մատինյանը նշում է, որ հետեւած քայլով խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը: «Անվճարունակ քաղաքացին, որն ի վիճակի չէ փաստաբան վարձելու եւ դատարանում իր շահերը պրոֆեսիոնալ ներկայացնելու, այլընտրանք չունի, քան դիմելու հանրային պաշտպանի: Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլ ծանրաբեեռնված է աշխատում, եթե քաղաքացիական ու վարչական գործերն էլ ավելանան, աշխատանքի որակի վրա անպայմանորեն կազդի»,-ասում է Տաթեւ Մատինյանը:

Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Գուրգեն Հարություննանն էլ պնդում է, որ թեեւ իրենց ծանրաբեռնվածությունը կավելանա, սակայն, դա չի կարող ազդել աշխատանքի արդյունավետության վրա: «Աշխատանքի որակը ոչ մի դեպքում չի տուժի, կաշխատենք ուժերի ողջ ծավալով»,-ասում է Գուրգեն Հարությունյանը:

ՀՔԱՎ-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, դեմ է ընդունված փոփոխություներին, քանի որ, ըստ նրա, փոփոխված օրենքը բացասական ազդեցություն է ունենալու ոչ միայն փաստաբանության ինստիտուտի վրա, այլ նաեւ առաջացնելու է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների սահմնափակում. «Փաստաբանության գործունեության մասին օրենքի փոփոխությունները հանրային լուրջ քննարկումներ չունեցան, գնահատակաները հաշվի չառան: Սա փաստաբանական պալատի նախագահի ակնհայտ լոբբինգն էր` իր դիրքը ուժեղացնելու եւ փաստաբանական մենիշխանություն ունենալու փաստաբանության դաշտում: Նրա համար բիզնես շահերն ավելի կարեւոր են, քան մարդու իրավունքների պաշտպանության հարցը»:

Ըստ Սաքունցի` «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը իրականում պետք է անդրադառնար ոչ թե փաստաբանական պալատին, այլ փաստաբանների փաստաբանական գործունեության համար արտոնագրերի տրամադրման խնդիրներին: «Փաստաբանության գործունեության մասին օրենքում պիտի խոսք գնա միմիայն լիցենզավորման եւ արտոնագրերի վերահսկողության մասին»,-ասում է Արթուր Սաքունցը եւ ավելացնում, որ այս օրենքով վերացվում է մրցակցության ինստիտուտը, ինչի արդյունքում կընկնի փաստաբանական ծառայությունների որակը: «Թե չէ ստացվում է երկու տիպի փաստաբան` հանրային պաշտպան եւ այլ փաստաբան, որը վճարովի է: Արհեստական սահմանազատում է դրվում, ինչը խտրականություն է առաջացնում»,-բացատրում է Սաքունցը:

«Օրենքի փոփոխություներով որոշակի սահմանափակումներ են ստեղծվում կազմակերպություն դիմած քաղաքացիների համար` իրավական աջակցություն ստանալու տեսակետից: Մասնավորապես, մենք կարող էինք որպես տուժողի շահերի պաշտպան կամ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի շահերի պաշտպանությամբ հանդես գալու դատարաններում: Ընդունված օրենքով, սակայն, մեզ համար, որպես իրավապաշտպան կազմակերպություն, խնդիր է առաջանում, ինչը օրենքով որեւէ կերպ չի կարգավորվում»,-ասում է Տաթեւ Մատինյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031