Ուսում արտասահմանում. շատերի համար անիրականալի երազանք, ոմանց համար նպատակ ու ցանկություն: Ի՞նչն է ստիպում հայ երիտասարդներին ուսումը արտասահմանում շարունակել: «Արտասահմանում ավելի բարձր է ուսման մակարդակը, ավելի շատ գիտելիք ես ստանում: Հետո էլ՝ Հայաստանում քո համար ավելի շատ դռներ կբացվեն», – կարծում է Սոնան: Սոնան Մանկավարժական համալսարանի 3- րդ կուրսի ուսանողուհի է, ապագա հոգեբան: Հիմա անգլերեն է սովորում: Ասում է`առանց օտար լեզվի գերազանց իմացության հնարավոր չէ: Նարեկ Հարությունյանը երաժիշտ է, ուսումը ստացել է Գերմանիայի Կարլսրուե քաղաքի կոնսերվատորիայում: Համացանցով հավաքել է անհրաժեշտ ինֆորմացիան, ուղարկել է իր ռեզյումեն, որից հետո ստացել է հրավեր՝ մասնակցելու քննություններին, որոնք էլ հաջող հանձնել է. «Գերմանիայում կրթական համակարգը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Հայաստանում»: Շատերը արտասահմանում սովորելը համարում են անհնար, իսկ Նարեկը հերքում է. «Պարզ ա, որ հեշտ չի, բայց եթե ուսանողը սովորող լինի ու լավ պարապի, գլուխը դատարկ չլինի, շատ հավանական ա, որ կընդունվի: Իսկ սովորելը ոչ մի տեղ էլ հեշտ չի, բայց ինչ-որ գերդժվար բան չկա»: Այսօր Հայաստանում գործում են շատ կրթական ծրագրեր, որոնք հայ ուսանողի համար ստեղծում են պայմաններ՝ ուսումը արտերկրում շարունակելու համար: Ահարոնը իր առջև նպատակ է դրել՝ ուսում ստանալ եվրոպական որևէ բուհում: Ինչպես ինքն է ասում՝ նորմալ կրթություն կստանա ու աշխատանք կունենա. «Այնտեղ սովորելով՝ դու գիտես, որ ավարտելուց հետո մի քանի ամիս գործ չես փնտրի: Գիտես, որ գիտելիք ես ստանում: Չգիտեմ՝ կվերադառնա՞մ հետո, թե՞` ոչ: Ես ուզում եմ լավ մասնագետ դառնալ: Հայաստանում ավելի քիչ հավանական է, որ կկատարեմ ցանկությունս»:
Արտասահմանում սովորելու գաղափարը, ինչ խոսք, հրապուրիչ է: Կարծում է 22-ամյա Վարդանը, ում մեծագույն ցանկությունն էլ էլ արտասահմանում իրավաբանի կրթություն ստանալը: «Այն իրագործելու համար անհրաժեշտ են շատ գիտելիքներ, մեծ կամքի ուժ և աշխատասիրություն: Պետք է ձգտենք լավագույնին, դառնանք բանիմաց և որակյալ մասնագետներ ու ամենակարևորը՝ վերադառնանք Հայաստան, քանի որ մեր երկիրը խելացի երիտասարդ մասնագետների կարիք շատ ունի»,- ասում է նա:
Լիլիթ Սարգսյան