Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ-ն պարգեւատրել է զինվորականներին

Հունվար 29,2012 17:39

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առիթով:

Ինչպես Aravot.am-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից, պատարագից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան է հանձնել գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանին, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, գնդապետ Սուրեն Հարությունյանին և ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին:

Տոնի առիթով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի» հոբելյանական մեդալ է հանձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:

Ապա ընդունելության համար Վեհափառ Հայրապետին շնորհակալություն է հայտնել և տոնի առիթով շնորհավորել է ՀՀ Պաշտպանության նախարարը: Պրն. Օհանյանը բարձր է գնահատել հոգեւոր սպասավորության դերը հայ ժողովրդի գոյության պահպանման գործում: «Խորհրդանշող պահ ապրեցինք` ստանալով խաչը որպես ուղղորդող Զինված ուժերի և անձնակազմի համար», – ասել է պրն. Օհանյանը: Անդրադառնալով Աշոտ Բ Երկաթ թագավորի կերպարին և գործունեությանը` նա կոչ արեց նմանվել նախնիներին, ովքեր իրենց հմուտ քաղաքականության շնորհիվ խոշոր հաղթանակներ են ապահովել հայ ժողովրդին: ՀՀ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ Տիրոջ խաչափայտի մասունքը կրող նորաօծ Ս. Խաչը կանցկացվի բոլոր զորամասերով և ՀՀ սահմաններով, որպեսզի հայ զինվորը հնարավորություն ունենա հաղորդ դառնալ Ս. Նշանի օրհնաբեր զորությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել