Շեֆիլդում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչի կարճ եւ ազատ ծրագրերում պիտերցի Եվգենի Պլյուշչենկոն հանդես եկավ ծնկի լուրջ վնասվածքով: Նա սահադաշտ մտնում էր ծնկին ցավազրկող ներարկված: Ավելին, ԶԼՄ-ներն ավելի ուշ տեղեկացրին, որ նրան շտապ վիրահատություն անել էր հարկավոր: Բայց չնայած դրան, լեգենդար մարզիկը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան՝ մարզական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ լավագույնը դառնալով Եվրոպայում:
Հաղթանակից հետո Պլյուշչենկոն լրատվամիջոցներին հայտարարել է. «Պետք է նայել ճշմարտության աչքերին: Վիրահատությունը նշանակված է փետրվարի 21-ին: Դրանից հետո մեկ ամիս անհրաժեշտ է վերականգնվելու համար, իսկ դա գրեթե համընկնում է աշխարհի առաջնության մեկնարկին եւ ես անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել չեմ հասցնի: Բացի դա, առողջությունս կործանելու իմաստ չեմ տեսնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ