Վերջերս «Pop հանրագիտարան» հեռուստանախագիծը մեր շոու-բիզնեսի վատագույն երգիչների, ամենավատ երգերի ու տեսահոլովակների մրցանակաբաշխություն էր կազմակերպել, որտեղ վատագույն երգ էր ճանաչվել Հայկ Կասպարովի «Այ, այ, այ» երգը: Մրցանակաբաշխության կազմակերպիչները bravo.am-ին ասել էին, որ «վատ» մրցանակակիր բոլոր երգիչները սիրով վերցրել են մրցանակը, բացի Հայկից:
Aravot.am-ը երգիչից հետաքրքրվեց` ծա՞նր ես տարել այդ մրցանակը, որ չես վերցրել: Նա վստահեցրեց, որ ոչ. «Ծանր չեմ տարել, ուղղակի 2011-ին այնքան շատ մրցանակներ եմ ստացել, որ այդ մրցանակի կարիքը չէի էլ զգում: Հաստատ ծանր չեմ տարել, մանավանդ, որ մրցանակը հանձնողն իմ մտերիմ ընկերներից էր:
2011-ին «Քո կողքին եմ ես» երգի համար ստացել եմ «Լավագույն երգ» մրցանակ, մասնակցել եմ միջազգային փառատոնի, ստացել տարվա լավագույն ոճային երգիչ մրցանակ, այդքանն ինձ թվում է հերիք էր»:
Հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի օր առաջ երգչուհի Արմինկան մեզ հետ զրույցում ասել էր, որ մրցանակ ստանալու, նախագծերում երեւալու համար մեջք ու զանգող է պետք, մենք Հայկին հարցրեցինք, եթե այդքան մրցանակներ ես ստացել, ուրեմն լավ մե՞ջք ունես. «Ես մեջք չունեմ, ավելի ճիշտ` ունեմ. իմ մեջքը ես եմ ու իմ ընտանիքն է, որը ինձ աջակցում է, ունեմ լավ ընկերներ, ովքեր ոչ ֆինանսապես, բայց փորձում են ինձ օգտակար լինել: Փառք Աստծո, ունեմ աշխատանք ակումբում, այնտեղ գումար եմ վաստակում, հաճախակի լինում եմ նաեւ արտերկրում: Ես Հայաստանում ընդհանրապես գումար չեմ աշխատում, իմ բոլոր աշխատած գումարը լինում է արտերկրի իմ համերգներից, իսկ ակումբում, այսպես ասած, օրվա հացի փող եմ աշխատում»:
Երգիչների եկամտի զգալի մասը կազմում է հարսանիքներին երգելը: Հայկն ասաց, որ ինքն ընդամենը 2 հարսանիքի է մասնակցել. մեկը` Հայաստանում, մյուսը` Ռուսաստանում. «Պատկերացրեք, որ մի երգի համար իմ համար նորմալ վճարել են: Չեմ ուզում ասել, թե ինչքան են վճարել կոնկրետ, բայց ասեմ, որ երեք զրոյով թիվ է` ԱՄՆ դոլար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ