Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն ծնողազուրկ երեխաներ խնամող ընտանիքներին

Հունվար 28,2012 17:05

  

Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքը նախկինում հայտնի հանգստյան գոտի էր: Երկրաշարժից հետո այն վերածվեց տնակային ավանի: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածքում, ուր ձմռան ամիսներին նույնիսկ մեքենաներ չեն երթևեկում, բնակվում են սոցիալական ծայրահեղ պայմաններում և հիմնականում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներ: Վարդ-Բաղ կոչվող տարածքի մեծ մասը ներկայումս բաժանված է գյումրեցի մի քանի մեծահարուստների միջև:

Այսօր «Շիրակ կենտրոնն» այցելեց այդ տարածքում ապրող ծնողազուրկ երեխաներ խնամող երկու ընտանիքների: 25-ամյա Աննա Սիմոնյանն իր 7 և 3 տարեկան մանկահասակ երեխաների հետ երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով իր ազգականները մի քանի ամիս առաջ, կեղծ գործարք կատարելով, տիրացել են հայրական տանը և իրենց ստիպողաբար դուրս են արել տանից: Այս ընտանիքը որևէ տեղ փաստացի հաշվառում չունենալու պատճառով զրկված է սոցիալական նպաստից և եկամտի այլ աղբյուր չունենալով մատնված է սովի և աղքատության: Աննայի 7-ամյա դուստրը` Լաուրան թեև բավականին կենսուրախ և խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում է Գյումրու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված օժանդակ գիշերօթիկ դպրոց:

33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանն ունի երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեծը` 12-ամյա Նաիրան, ով փոքր հասակում սրտի վիրահատություն է տարել, սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն մեր այցելության ժամանակ տանն էր, մի շաբաթ է, ինչ դպրոց չէր հաճախում: 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է:    Այս ընտանիքը կրկին որևէ հասցեում գրանցում չունենալու պատճառով երկար ժամանակ է զրկված է սոցիալական նպաստից:

Այս սոցիալապես ծանր պայմաններում գտնվող և ծնողազուրկ երեխաներ խնամող մայրերին այսօր փոխանցեցինք Մոսկվայում բնակվող մեր հայրենակցի կողմից վառելափայտի և սնունդի համար ուղարկված գումարը, ինչպես նաև մանկական հագուստ և գրենական պիտույքներ:

«Շիրակ կենտրոն»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031