Ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը:
– Պարո՛ն Սաքունց, ինչ կարծիքի եք այսօր Հայաստանում գործող զանգվածային լրատվության միջոցների անկախության մասին:
– Հեռուստատեսային լրատվական դաշտում գոյություն չունի որեւիցե անկախ լրատվական միջոց, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որն իրականացնում է մրցույթ հեռուստահաղորդումների հեռարձակման համար, կատարում է միայն քաղաքական իշխանությունների պատվերը՝ ում թույլատրել, որ հեռուստատեսությանը եւ որտեղ:
– Ամբո՞ղջ հեռուստատեսային դաշտն է վերահսկվում, նաեւ մասնավո՞ր ոլորտը:
Կարդացեք նաև
– Հեռուստատեսությունը երկու մասի է բաժանվում՝ Հանրային եւ մնացած հեռուստաընկերությունները: Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի, տիպիկ այսօրվա քաղաքական իշխանության պրոպագանդիստական լրատվամիջոց է: Մյուս հեռուստաընկերությունները բիզնես են: Բայց քանի որ մոնոպոլացված մեկ բիզնես դաշտ կա երկրում, նրանք էլ են արդեն միանշանակ քաղաքական իշխանության ազդեցության տակ, քանի որ հեռարձակման մրցույթը կանխորոշված է:
– Լրատվամիջոցներին վերահսկելու ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ կան:
– Օրենքով հեռուստատեսության գործունեության կանոնների մեջ, եթերաժամանակի բաշխվածությունը, որ այսքան տոկոս պետք է լուր լինի, այսքան՝ սեփական արտադրություն, այսքան՝ զվարճանք, այնպես է դրված, որ որեւէ հեռուստաընկերություն չի կարող ապահովել դա, եթե ուզենա էլ՝ չի կարող: Եվ ցանկացած հեռուստաընկերություն զուտ եթերաժամի կառուցվածքի ապահովման տեսակետից խոցելի է: Մնում է՝ ենթարկվի հրահանգներին, որպեսզի այդ խոցելիությունը չօգտագործվի իր դեմ եւ որպես ճնշման հիմք չդառնա: Թերթերից ոչ մեկը սեփական եկամուտներով, նկատի ունեմ գովազդով, բաժանորդագրությամբ չի կարող գոյատեւել: Ակնհայտ է, որ այստեղ կան, այսպես ասած, «թաքնված» կամ գաղտնի հովանավորողներ: Ով որ հովանավորում է, նա էլ թելադրում է լրատվական նյութերի ուղղվածությունը:
– Ի՞նչ է պետք լրատվամիջոցին անկախ լինելու համար:
– Անկախ՝ նշանակում է գովազդ, անկախ գովազդ: Բոլոր նորմալ ժողովրդավարական երկրներում շուկայական ազատ տնտեսության պայմաններում գովազդը լրատվական միջոցի հիմնական եկամուտն է, որովհետեւ տնտեսության մեջ մրցակցություն կա, ինքն էլ ուզում է իր գործունեությունը, իր ապրանքներն ավելի շատ գովազդվեն ընթերցողների, դիտողների, լսողների միջոցով՝ որպես իր սպառողներ: Մեզ մոտ տնտեսությունը մոնոպոլացված է, նշանակում է՝ մրցակցություն չկա, նշանակում է՝ գովազդային շուկան որեւիցե ազդեցություն չունի, գովազդային շուկան էլ է կառավարվում եւ’ թերթերի, եւ’ հատկապես հեռուստատեսային լրատվական միջոցների:
– Հայաստանում ընդհանրապե՞ս չկա անկախ լրատվամիջոց:
– Ընդհանրապես որեւէ լրատվական միջոց Հայաստանում անկախ լինել չի կարող:
ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ