Լրահոս
Օրվա լրահոսը

«WebԾիրան» առցանց փառատոնի խութերն ու պտուղները

Հունվար 28,2012 13:59

Գլխավոր մրցանակակիր Դիանա Կարդումյանը

Երեկ ամփոփվեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am հեռուստատեսության նախաձեռնությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ կայացած համահայկական առցանց «WebԾիրան» կինոփառատոնի արդյունքները: Անցյալ տարվա նոյեմբերի 15-ից մեկնարկած «WebԾիրանի» ընթացքում ցուցադրվեց տարբեր ժանրի 49 ֆիլմ: Մրցանակակիրները որոշվելու էին ինտերնետ քվեարկության արդյունքում: Հիմնադիրների որոշմամբ, սակայն, մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվեց. webtv.am-ը արձանագրել էր, որ ծրագրավորման տեխնիկական միջոցներով տեղի են ունեցել միջամտություններ քվեարկության գործընթացին: Էական խախտումներ հայտնաբերելով՝ փառատոնի կազմակերպիչները չեղյալ հայտարարեցին քվեարկության արդյունքները եւ կազմեցին մասնագիտական ժյուրի՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանի գլխավորությամբ, որն էլ որոշեց հաղթողներին:

Գլխավոր մրցանակը եւ 1000 դոլարին համարժեք դրամ շնորհվեց «Աշնան արեւ» ֆիլմի ռեժիսոր Դիանա Կարդումյանին, հատուկ մրցանակը եւ 500 դոլարին համարժեք դրամը՝ The Dead angle ֆիլմի ռեժիսոր Արսեն Այրապետյանին: Խրախուսական մրցնակները 5-ն էին` «Թեթեւ հպում» (ռեժիսոր՝ Նարե Մկրտչյան), «Նախշոյի դպրոցը» (ռեժիսոր՝ Գոհար Խաչատրյան), «Էն ուրիշ Ֆրունզիկը» (ռեժիսորներ՝ Հովհաննես Պապիկյան, Շուշան Սահակյան), «Օգնիր նրանց հիմա» (ռեժիսոր՝ ԱրտՆերսես) եւ «Bye-Bye» (ռեժիսորներ՝ Արեգ Մկրտչյան, Հրայր Լազյան, Աշոտ Հարությունյան): Ժյուրիի գնահատականները եւ ընդհանուր արդյունքները կարելի է տեսնել նաեւ webtv.am կայքում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը կոչ արեց բոլոր այն ռեժիսորներին, ովքեր նկարում են անգամ փոքր տեսախցիկներով, հեռախոսով եւ ինչով պատահի՝ մասնակցել այս եւ հետագայում կազմակերպվելիք փառատոներին: «Կինոն ճարպիկ բաներ սիրում է, բայց այս անգամ ցուցաբերված ճարպկությունը՝ ինտերնետային քվեարկության ժամանակ արդար չէր, եղան մարդիկ, որ այդ ճանապարհով 15000-20000 ձայն հավաքեցին, հենց դրա համար էլ ստեղծեցինք պրոֆեսիոնալ ժյուրի»,- պարզաբանեց նա:

«Զարգացող աշխարհում անխուսափելի է ժամանակակից տեխնոլոգիաների ներթափանցումը նաեւ մշակույթի բնագավառ, ինչը ողջունելի է եւ խրախուսում է տաղանդի բացահայտմանը: Տեխնոլոգիական լուծումների կիրառումը, տվյալ պարագայում ինտերնետը ստեղծագործողին թույլ է տալիս առանց նյութական մեծ ռեսուրսների իր ասելիքը հասցնել լայն հասարակությանը: Չափազանց կարեւոր գործոն, ինչի կարիքն ունեն կինոարվեստն ու սկսնակ ստեղծագործողները»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում կարեւորեց «WebԾիրան» փառատոնի անցկացումը, այն անվանելով ալտերնատիվ հարթակ: «Ընդհանրապես webtv-ին այս մեկ տարվա գործունեության ընթացքում ցույց տվեց, որ շատ ֆիլմեր, հաղորդումներ եւ թեմաներ, որոնք այսօր վտարված են ավանդական հեռուստատեսություններից, ունեն մեծ լսարան ու բազմաթիվ մարդիկ են նայում: Մշակութային այն դաշտը, որին անդրադառնում ենք՝ լինի մոդեռն արվեստ, կինո, թե գրականություն, ալտերնատիվ դաշտ է, ու հասարակությունը ունի դրա պահանջը: Ինչ վերաբերում է «WebԾիրանին», այն խթան հանդիսացավ, որ մեր միջոցներով կազմակերպենք նոր փառատոներ՝ «Ռետրոֆեստ», «Էկոֆեստ» եւ «Դեբյուտֆեստ»,- հավելեց նա:

Մրցույթի ժյուրիի նախագահ Միքայել Ստամբոլցյանը «WebԾիրանը» հեռանկարային է համարում. «Գնալով ավելի շատ հանդիսատես է ինտերնետով ֆիլմեր նայում, քան նույնիսկ կինոթատրոններում, եւ մի տեսակ զատվում են կինոթատրոնի ֆիլմերը, այսպես կոչված՝ «բոյեւիկները» եւ այլն, ու արվեստի ֆիլմերը իրենց տեղը գտնում են ավելի շատ ինտերնետում: Կարծում եմ՝ արժի շարունակել այս գործը, ինչքան էլ առաջին փորձը ինչ-ինչ տեխնոլոգիական խութերի հանդիպեց: Ճիշտ կլինի, որ այսուհետեւ հանդիսատեսի քվեարկությամբ հանձնենք «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, իսկ գլխավոր եւ հատուկ մրցանակները սահմանի մասնագիտական ժյուրին»:

«Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի հեղինակներից Շուշան Սահակյանն «Առավոտին» ասաց, որ մրցանակը սպասված անակնկալ էր իրենց համար. «Ամեն դեպքում, երբ ներկայանում ես մրցանակաբաշխության, հույս ունես, որ պիտի շահես»:

«Bye-Bye»-ի ռեժիսոր Արեգ Մկրտչյանը նշեց, որ գնահատում է իրենց տրված մրցանակը եւ կարծում, որ այն իսկապես արժանի է որոշակի գնահատականի: Նրա գործընկեր Հրայր Լազյանն էլ գոհ է փառատոնից, քանի որ այդպիսով հնարավորություն է ընձեռվել, որ շատ մարդիկ դիտեն իրենց ֆիլմը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031