Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում թերահավատ են ԲՀԿ-ի կեցվածքի նկատմամբ

Հունվար 28,2012 13:45

Իսկ ՀՅԴ-ում եւ «Ժառանգությունում» համարում են, որ ԲՀԿ-ն այդ քայլն անում է՝ ոչինչ չկորցնելով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, նախորդ օրն արժանանալով ՀՀԿ-ի կշտամբանքին, հայտարարեց, որ միացել է խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ: ԲՀԿ-ականները բացատրում են, որ իրենց կուսակցության ծրագրում է ամրագրված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, հետեւաբար դա իրենց հոգեհարազատ է: Բայց քաղաքական իրողությունն այժմ Հայաստանում այն է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնելու գաղափարի շուրջ համախմբվել է ողջ ընդդիմադիր դաշտը, այժմ՝ մասամբ նաեւ կոալիցիոն ԲՀԿ-ն, ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում 11 մեծամասնական մանդատ ունի: Իսկ Հանրապետականը՝ կոալիցիոն ՕԵԿ-ի հետ, կառչած է 41 մեծամասնական տեղերից:

Ինչպե՞ս են գնահատում ԲՀԿ-ի այս կեցվածքը ընդդիմադիր ուժերը: Արդյոք այսպիսով ԲՀԿ-ն փորձում է իշխանությանն «ատա՞մ ցույց տալ»: Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց. «Տա Աստված, որ ԲՀԿ-ն այսպիսով փորձի ոչ թե «ատամ ցույց տալ» իշխանությանը, այլ անկեղծ լինել իր մղումներում եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ինչը, բնականաբար, կծառայի երկրում սահմանադրական կարգը հաստատելու գործընթացի արագացմանը»: Քանի որ «Ժողովրդավարական հայրենիքն» ի սկզբանե բացասաբար էր արտահայտվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին արված ռեւերանսներին, Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ եթե ԲՀԿ-ն այնուհանդերձ համալրի ընդդիմադիր դաշտը՝ իր ղեկավարած կուսակցությունը կլքի՞ ՀԱԿ-ը: Պատասխանը եղավ. «Դրանք իրար հետ կապ չունեն: Մենք մեր մտահոգությունն ու տարակարծությունը հայտնել ենք՝ հավելելով, որ ԲՀԿ-ում, բնականաբար, կգտնվեն մտահոգ մարդիկ, եւ եթե կուսակցությունը որոշի իր բոլոր այդ անցած խաղերով ու ճանապարհներով ետդարձ կատարել դեպի ժողովուրդը, կարծում եմ՝ որեւէ խնդիր չի առաջանա: Մեր կուսակցությունը նման հարց չի քննարկի: Բայց՝ տա Աստված՝ ԲՀԿ-ն նման որոշում ընդունի»:

Արդյոք խորհրդարանական ընդդիմության առաջարկին միանալով՝ ԲՀԿ-ն փորձում է իշխանությանն «ատա՞մ ցույց տալ»՝ հարցին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Ես հարցն այդպես չէի դնի: Քաղաքական այս ժամանակահատվածում որեւէ՝ օրենքով չարգելված մեթոդ կիրառելի է»: Տիկին Ալավերդյանը ԲՀԿ-ի այդ քայլը պայմանավորում է նրանով, որ ԲՀԿ խմբակցությունը մեծամասամբ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից է կազմված: Նաեւ. «Այս տարիների ընթացքում ԲՀԿ-ն մերժելի կամ ոչ մերժելի մեթոդներով՝ կապ չունի, մտել է լայն հասարակության գիտակցության մեջ՝ որպես թիմ, որպես խումբ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Այսինքն՝ նրանք որեւէ առումով բան չեն կորցնում, եթե մեծամասնականի դեմ են դուրս գալիս եւ գնում են միայն ցուցակով: Դա կուսակցության ապագա արդյունքների համար ռիսկ չպարունակող քայլ է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031