Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նամակը ԱԺ-ում տեղ-տեղ է տեղ հասել

Հունվար 28,2012 13:41

ՀՅԴ-ն ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով իր նախաձեռնությունն ավարտված չի համարում

«Առավոտը» երեկ արդեն հաղորդել էր , որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դեռ անցյալ տարեվերջին ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ՍԴ-ին ներկայացվելիք դիմումի նախագիծ է պատրաստել եւ կից գրությամբ պաշտոնական նամակով ներկայացրել ԱԺ բոլոր խմբակցություններին ու նաեւ անկախ պատգամավորներին: Այս նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ դեկտեմբերի 8-ին խորհրդարանն իր իշխանական մեծամասնությամբ՝ 48 «դեմ», 4 «ձեռնպահ» եւ 13 «կողմ» քվեարկությամբ մերժեց ՀՅԴ խմբակցության՝ հրատապ հարցի ռեժիմով քննարկված ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու համար ՀՀ նախագահին դիմելու նախաձեռնությունը: Հիմա դաշնակցականները, ինչպես նախօրոք էին հայտարարել, մտադիր են պատգամավորների անհրաժեշտ թվով՝ 27 ստորագրություն հավաքել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ՍԴ-ում քննելու համար:

ՀՅԴ-ի պատրաստած դիմումի նախագծում, որին ենթադրաբար պիտի միանային պատգամավորները, ՍԴ-ին առաջարկվում է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 16-րդ հոդվածների եւ «ՀՀ կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ նախագահի ՆՀ-174-Ն հրամանագրի դրույթները երկրի Սահմանադրությանը (մասնակի) հակասող եւ անվավեր ճանաչել: Ի դեպ, խոսքը 2007թ.-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած՝ «ՀՀ կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» հրամանագրի մասին է:

Դիմումում շեշտված է, թե այնտեղ արծարծված հարցերն ունեն սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն, եւ դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում՝ «ա/ հստակեցնել, որ Սահմանադրությամբ նախատեսված «կառավարության ծրագիր» եզրույթը ունի կոնկրետ սահմանադրաիրավական բովանդակություն, ենթակա է պարտադիր կատարման, եւ այն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելը, անկախ պատճառից, հանգեցնում է կոնկրետ իրավական հետեւանքի, բ/ ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր կառավարության ծրագիրը փոփոխելու, ինչպես նաեւ ծրագիրը չկատարելու դեպքում կառավարության պատասխանատվությունը ամրագրելու համար, գ/ փաստել, որ սույն մասի ա) եւ բ) կետերում նշված հարցերի առնչությամբ ՀՀ իրավական համակարգում առկա է իրավակարգավորման բաց, ինչը խեղաթյուրում է իշխանությունների բաժանման (տարանջատման) եւ հավասարակշռման (փոխադարձ զսպումների) սահմանադրական սկզբունքը, խոչընդոտում է քաղաքացիների (ընտրողների)՝ Սահմանադրության 30-րդ հոդվածով նախատեսված պետական կառավարմանը մասնակցելու իրավունքի, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանության ոլորտում պետության գործառույթի իրականացմանը»:

Մանրամասն վերլուծության ենթարկելով եւ համադրելով ՀՀ նախագահի վերոհիշյալ հրամանագրի ու ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթները, ըստ ՀՅԴ-ի ներկայացրած դիմումի նախագծի, պատգամավորները ՍԴ-ին պետք է խնդրեն՝ նկատի ունենալով այն, որ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 16-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ նախագահի ՆՀ-174-Ն հրամանագրի դրույթները «չեն պարունակում այնպիսի նորմեր, որոնց համաձայն՝ կառավարությունը պարտավոր է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն, ինչպես նաեւ, երբ ակնհայտ է կամ ողջամտորեն կանխատեսվում է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ կամ մասնակի չի կատարվելու, ապա կառավարության գործունեությունը ծրագրին համապատասխանեցնելու համար պետք է փոփոխի եւ Ազգային ժողովի հավանությանը ներկայացնի կառավարության փոփոխված ծրագիրը, ինչպես նաեւ այն, որ այդ դրույթների չկատարումը առաջացնում է կոնկրետ իրավական հետեւանքներ (այդ թվում՝ կառավարության լիազորությունների դադարեցման համար), օրենքի եւ Նախագահի ՆՀ174-Ն հրամանագրի հիշյալ դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 2, 5, 6, 30 եւ 85 հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր»:

ՍԴ-ին դիմելիք հայցում նաեւ այսպիսի դիտարկում կա. «Մեր կարծիքով՝ վերը նշված նորմերը փաստում են, որ Սահմանադրության համաձայն՝ իշխանության կրողը ժողովուրդն է, որն այն իրականացնում է անմիջականորեն եւ ներկայացուցչական հիմունքներով: Եթե անմիջականի դեպքում իշխանության կրողն ինքն է իրականացնում իր իշխանությունը (ազատ ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով), ապա ներկայացուցչականի դեպքում իշխանությունն իրականացվում է մասնավորաբար Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի եւ ընտրովի նախագահի միջոցով: Այլ կերպ ասած՝ ժողովուրդն այս դեպքում իր կամքն արտահայտում է ոչ թե ուղղակիորեն, այլ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, որոնց հանձնարարում է իր լիազորությունների իրականացումը՝ որոշակի ժամկետով: Հետեւաբար Ազգային ժողովն ու նախագահը պետք է արտահայտեն ժողովրդի կամքը եւ շահերը: Այս համատեքստում է ձեւավորվում եւ գործում ՀՀ կառավարությունը, որը Սահմանադրության 74-րդ հոդվածի ուժով՝ կազմավորումից հետո 20 օրվա ընթացքում, իր ծրագիրն է ներկայացնում ԱԺ հավանությանը: Ծրագրային, այլ ոչ թե անձնավորված կառավարության հիմնական գործառույթներից է հավանության արժանացած ծրագրով առաջնորդվելն ու այն իրականացնելը: Ծրագրային կառավարության գործունեության նկատմամբ իշխանության միակ կրողի՝ ժողովրդի հսկողությունն իրականացվում է նախագահի եւ խորհրդարանի միջոցով: Սրանով է հենց պայմանավորված կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու այս 2 ինստիտուտների սահմանադրական իրավունքը:

Մեր համոզմամբ՝ ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր ծրագրի իրականացումը պետք է զուգակցվի կատարման ընթացքի մասին հաշվետվության եւ գնահատումների ներկայացմամբ: Ծրագրային կառավարության պարագայում այն առավել քան կարեւոր է, քանի որ նախ՝ այդ ծրագիրը վերաբերում է Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու եւ ՀՀ քաղաքացու գրեթե բոլոր իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաեւ պետության ստանձնած պարտավորություններին»:

Ահավասիկ, ՀՅԴ-ի այս նախաձեռնությանը սկզբունքորեն միանալու է, թերեւս, միայն «Ժառանգություն» խմբակցությունը, որի մասին aravot.am-ի հետ զրույցում արդեն իսկ հայտարարել էր խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է իշխանական խմբակցություններին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Առավոտին» ասաց, թե մտադիր էլ չեն որեւէ կերպ՝ առավել եւս գրավոր, պատասխանել ՀՅԴ-ականների նամակին, որով վերջիններս խնդրել էին պաշտոնապես դիրքորոշում հայտնել ՍԴ-ին ուղղվելիք իրենց դիմումի նախագծի եւ դրան միանալու առնչությամբ: «Այդ հարցը խորհրդարանում քննարկվել է, եւ մենք պատասխանն անմիջապես տվել ենք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ նկատի ունենալով դեկտեմբերի 8-ի քվեարկության արդյունքները: Մեր հարցին, թե՝ սա նշանակում է, որ պաշտոնական գրությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը հավելյալ անգամ հայտնելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, խմբակցության ղեկավար Սահակյանը լակոնիկ պատասխանեց՝ բնականաբար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասաց. «Մենք նման նամակ չենք ստացել, մեզ մոտ նման քննարկում չի եղել: Նման նամակ իմ ձեռքը վստահաբար չի ընկել»: Իսկ եթե նամակը ստացած լինեիք, քննարկելո՞ւ էիք, թե՞ ԲՀԿ-ի որոշումն արդեն արտացոլված է դեկտեմբերի 8-ին ԱԺ նիստում տեղի ունեցած քվեարկությամբ: «Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ նամակը չեմ տեսել, դրա մասին չեմ զեկուցել, եւ մեր քաղաքական խորհրդում կամ պատգամավորական խմբակցությունում չենք քննարկել»,- մեր ճշտող հարցին ի պատասխան՝ հայտարարեց ԲՀԿ քարտուղարը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք մինչեւ այս շաբաթավերջ կամփոփեն իրենց նախաձեռնության արդյունքներն ու դիրքորոշում կհայտնեն: ՀՅԴ խմբակցությունն իր այս նախաձեռնությունը տապալվելու դեպքում մտադիր է դիմել ՄԻՊ-ին: Թե դրանից ինչ կփոխվի կամ կփոխվի արդյոք՝ դժվար է ասել:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031