Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ համեմատել հայաստանյան եւ արեւմտյան նվագախմբերը

Հունվար 28,2012 13:20

Յուրի Դավթյան

Aravot.am-ի «Լոնդոնի սիմֆոնիկի երաժիշտները մե՛կ անգամ են մրցույթ անցնում» հոդվածում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը փաստել էր, որ իրենց մոտ երաժիշտը մրցույթով ընդունվում է աշխատանքի եւ աշխատատեղը պահելու նպատակով այլեւս մրցույթների ու լսումների չի մասնակցում: Հրապարակմանը արձագանքել են հայ դիրիժորական արվեստի երախտավոր Յուրի Դավթյանը, Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ըստ Յուրի Դավթյանի, մի քանի տարին մեկ նվագախմբերում անցկացվող մրցույթներն ու լսումները մեզանում ոչ միայն ձեւական բնույթ են կրում, այլեւ առիթ են դառնում անառողջ խոսակցությունների: «Ժամանակին Թավրիզյանն էլ չէր ընդունում մրցույթների ու լսումների անցկացումը, բայց պարտավոր էր ենթարկվել խորհրդային օրենքներին: Ի վերջո, մենք այսօր էլ չենք կարող համեմատվել արեւմտյան նվագախմբերի նիստուկացի հետ. այնտեղ յուրաքանչյուր երաժիշտ ամեն օր պարապում է, իսկ մեզ մոտ միայն մրցույթից մրցույթ, ունկնդրումից ունկնդրում են պարապում՝ պահպանելու համար համապատասխան մակարդակը»,- նշեց պարոն Դավթյանը: Նա անդրադարձավ նաեւ Ֆիլադելֆիայի եւ Դետրոյթի՝ վերջին տարիներին կազմալուծված ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերին. «Միամիտ կլինի մտածել, թե պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր՝ այնտեղ երաժիշտները բարձր էին վարձատրվում: Պատճառը այլ էր՝ հովանավորների եւ նվագախմբերի կառավարիչների միջեւ ֆինանսական անհամաձայնությունը»:

Կարեն Դուրգարյան

Կարեն Դուրգարյանը կարծում է, որ նվագախմբային քաղաքականությունը մեզանում արժե վերանայել. «Հայաստանյան նվագախմբի արտիստը մի քանի հազար դրամ ավելի վաստակելու համար մի աշխատավայրից տեղափոխվում է մյուսը՝ անտեսելով սեփական ժանրային նախասիրությունը: Եկեք չհամեմատվենք լոնդոնների հետ: Անգլիայի փոքր քաղաքն անգամ ունի մի քանի նվագախումբ, ինչը չես կարող ասել Հայաստանի մասին: Պետք է հարգենք ու ամեն գնով աջակցենք մեր երաժիշտներին: Այ, եթե ընդունվի օրենք այն մասին, որ մշակույթ հովանավորողը ինչ-որ չափով ազատվում է հարկերից, ահագին բան կփոխվի: Նաեւ պետք է սերտացնել կապը կոնսերվատորիայի հետ, իմանալու համար, թե ինչպիսի կադրեր են ավարտում: Ինչ վերաբերում է մրցույթներին ու լսումներին, ես դրանց կողմ եմ»:

Էդուարդ Թոփչյան

Էդուարդ Թոփչյանի խոսքով էլ՝ երեք տարի առաջ Ֆիլհարմոնիկում մրցույթ էր անցկացվում ու հրաժարվում էին որոշ երաժիշտներից, հիմա նման խնդիր չունեն. «Ամեն գնով ուզում ենք պահել երաժշտին, չենք ուզում՝ որեւէ մեկը հեռանա: Ինչ վերաբերում է Ֆիլհարմոնիկում տարին 2 անգամ անցկացվող լսումներին, նպատակը մեկն է՝ որպեսզի երաժիշտները հանդես գան կամերային կազմով: Այս դեպքում առանց դիրիժորի նրանք միմյանց ավելի լավ են լսում, լուծում գեղարվեստական խնդիրներ եւ այլն: Ինչ վերաբերում է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կարգին, ապա մեկ թափուր տեղի համար հնարավոր է՝ բառացիորեն մի քանի հարյուր հայտ ներկայացվի: Բնականաբար, լավագույններից լավագույնն է ընտրվում: Նրանց պայմանագրում նշված է, որ լարային գործիքների երաժիշտները՝ 62 տարեկանից, իսկ փողայինները ավելի շուտ են անցնում թոշակի, թեկուզ գտնվեն ամենալավ «մարզավիճակում»: Այնպես որ, չեմ կարծում, թե մեր եւ արեւմտյան նվագախմբերը համեմատելը ճիշտ է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031