Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՋՐԵՐ

Հունվար 28,2012 13:07

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնվեցերորդ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՋՐԵՐ

Քաղաքացի Կորեյկոյի կյանքի հետագա ընթացքի մասին ավելի ու ավելի մտածելով՝ ավելի ու ավելի եմ համոզվում, որ քաղաքացի Կորեյկոն որտեղ էլ աշխատեր, սովետական ազնիվ ու օրինակելի քաղաքացի էր հանդիսանալու՝ ոչ միայն էն պատճառով, որ ինքը փողատեր լինելով ու փողի անպետքությունն ամեն վայրկյան զգալով՝ դրամաշորթությամբ ու խաբեությամբ չէր զբաղվելու, այլեւ էն պատճառով, որ ինքը սովետական քաղաքացուն վայել ու սազական բոլոր հատկանիշներն ուներ, եւ հիմա որ իր ուղղությամբ ավելի ու ավելի եմ խորանում, սկսում եմ հասկանալ նաեւ, որ եթե սովետական քաղաքացիներս Կորեյկոյի հատկանիշներն ու Կորեյկոյի չափ փող ունենայինք, Սովետը երբեւէ չէր փլվի, եւ կոմունիզմն էլ անպայման կտեսնեինք, որովհետեւ, ըստ գիտական կոմունիզմի տեսաբանների ու անձամբ Նիկիտա Սերգեյիչի, կոմունիզմի օրոք սովետական բոլոր քաղաքացիները քաղաքացի Կորեյկոյի պես զգալու ու հասկանալու էին փողի ավելորդությունն ու անպետքությունը, իսկ ինչ վերաբերում է քաղաքացի Բենդերին ու նրա կյանքի հետագա ընթացքին, ենթադրելով կարող եմ ասել, որ Օստապ Իբրահիմովիչն էլ քաղաքացի Կորեյկոյի պես վերջապես զգալով ու հասկանալով փողի ավելորդությունն ու անպետքությունը՝ շուտով ճիշտ ճանապարհի վրա էր հայտնվելու. ավելին. Օստապ Իբրահիմովիչը չափազանց մոտիկից եւ նույնիսկ շոշափելով զգալով փողի եւ թանկարժեք համարվող այլեւայլ բաների ավելորդությունն ու անպետքությունը՝ ավելի շուտ ճիշտ ճանապարհի վրա հայտնվեց, քան՝ մենք կենթադրեինք. ինքը, բոլորիս աչքի առաջ, ֆիլմի ամենավերջում ու ճիշտ ճանապարհի ամենասկզբում թոթափելով դեպքերի ու սխալ ճանապարհների փոշին՝ ընկած տեղից վեր կացավ, կանգնեց զույգ ոտքերի ու ճիշտ ճանապարհի վրա եւ իր ապագայի մասին փիքր անելով ենթադրեց, որ իր կյանքի շարունակությունը տնային կառավարչությունում է ընթանալու ու տեղի ունենալու, եւ չնայած իր կյանքի շարունակությունն ու հետագան անձամբ մեր աչքով չտեսանք, այդուհանդերձ, իր ենթադրությանը հավատացինք, որովհետեւ տեսել էինք ու գիտեինք, որ Օստապ Իբրահիմովիչը, ի տարբերություն Պանիկովսկու ու Շուրա Բալագանովի, հեչ էլ պորտաբույծ չէր. ավելին. ինքն ամբողջ ժամանակ աշխատանքի մեջ էր եւ ամբողջ ժամանակ ստեղծագործաբար ու քրտնաջան էր աշխատում եւ հարկ եղած դեպքում Կորեյկոյի պես ի վիճակի էր սովետական օրինակելի քաղաքացու տիպար հանդիսանալ, եւ քանի որ ինքը, ի տարբերություն քաղաքացի Կորեյկոյի, անհամեմատ ակտիվ ու անհամեմատ նախաձեռնող էր, սովետական հասարակարգում ու համակարգում ի վիճակի էր նույնիսկ ղեկավար պաշտոնների հասնել, եւ շատ հնարավոր է՝ հենց էդպես էլ եղած լինի, եւ եթե հենց էդպես եղած լինի, շատ հնարավոր է՝ նույնիսկ Իլֆն ու Պետրովն էդ մասին իմացած չլինեն, ճիշտ այնպես, ինչպես որ էսօրվա դրությամբ ինքս իմ հերոսներից շատերի մասին որեւէ տեղեկություն չունեմ, բայց, այսուհանդերձ, Իլֆի ու Պետրովի հետ համեմատվելս անհեթեթություն է՝ ոչ թե էն պատճառով, որ իմ հերոսներն ի վիճակի չեն էդքան մեծ փողերից հրաժարվել, այլ էն առումով, որ ես, ի տարբերություն Իլֆի ու Պետրովի, ոչ միայն ի վիճակի չեմ էդպես ընկերովի ու կիսովի գիրք գրել, այլեւ չեմ էլ պատկերացնում՝ ինչպես է էդ գործն արվում, եւ եթե շատ ուզեմ պատկերացնել, էլի չի ստացվի, որովհետեւ, իմ պատկերացմամբ, գիրք գրելը չափազանց անհատական եւ չափազանց անձնական զբաղմունք է, եւ եթե փորձեմ պատկերացնել՝ ինչպես են Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը նստել ու միասնաբար գրել աշխարհի լավագույն գրքերից էդ մի քանիսը, ոչ մի կերպ չի ստացվի, որովհետեւ ես գրողներին ու մանավանդ հայ գրողներին բավական մոտիկից ճանաչելով՝ հեչ չեմ պատկերացնում, որ դրանցից երկուսը միասին նստեին եւ միասնաբար որեւէ գիրք գրեին, եւ եթե Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում սովորած չլինեի ու էդ ինստիտուտի հանրակացարանում էլ երկու տարի ապրած չլինեի, երեւի մտածեի, որ ռուս կամ այլազգի գրողների դեպքում դա հնարավոր է, բայց քանի որ էդ ինստիտուտում երկու տարի սովորել ու էդ ինստիտուտի հանրակացարանում էլ երկու տարի ապրել եմ, կարող եմ ձեզ հավատացնել ու հավաստիացնել, որ այլազգի ու մանավանդ ռուս գրողների դեպքում էլ է էդ բանն անհնարին պատկերացնել, որովհետեւ եթե երկու ռուս գրող առանձնանում են, սովորաբար ոչ թե գրականության ու գրելու մասին են մտածում, այլ՝ բացառապես արաղի, եւ եթե նույնիսկ պատկերացնենք, որ էդ երկուսն էլ խմող չեն եւ, որ ավելի հնարավոր է, խմելուց վերջնականապես բուժվել են, էդ դեպքում էլ է դրանց համատեղ վեպ գրելն անհնարին, որովհետեւ եթե երկու ռուս չխմող կամ խմելուց բուժված գրող առանձնանում կամ պարապ են մնում, ոչ թե գրականության ու գրելու մասին են մտածում, այլ խելք-խելքի տալով՝ ռուս ազգի թշնամյաց սեւ ցուցակներն են մոգոնելով ստեղծում ու կազմում, եւ եթե էդ տիպի ցուցակներով առաջնորդվելով ենթադրենք, որ Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը հրեաներ են եղել, էլի համոզիչ չի լինի, որովհետեւ եթե երկու հրեաներ առանձնանում ու պարապ են մնում, ոչ թե գրականության ու գրելու մասին են մտածում, այլ՝ աշխարհի գրավման. այսինքն, Իլֆի ու Պետրովի դեպքում հրեական տարբերակից էլ վազն անցնելով՝ ստիպված ենք ենթադրել, որ էդ երկուսից մեկը հրեա է եղել, մյուսը՝ ռուս, ընդ որում՝ առաջինը հրեա է եղել, եւ երկրորդը՝ ռուս, որովհետեւ Պետրով ազգանունը կրող ռուս պատկերացնելն անհամեմատ հեշտ է, եւ, դրանից էլ բացի, հրեան ռուսին հեշտությամբ կհամոզեր ու իր ազգանունը ռուսինից առաջ կգրեր, եւ Իլֆն էդպես էլ արել է, եւ ռուս Պետրովը գործի շահերից ելնելով՝ համաձայնվել է իր ազգանունը Իլֆից հետո գրել, չնայած, շատ հնարավոր է, գործի առյուծի բաժինն անձամբ իրենը եղած լինի, բայց գործի շահերից ելնելով՝ մտքի մեջ ասել է՝ թքա՛ծ,- եւ էս առթիվ չեմ կարող չհիշել ու չնշել սրտաբան Կարոյի ասածը՝ «հրեաներն ընդհանուր առմամբ ծույլ են, բայց ուրիշների արածը յուրացնելու գործում բոլորից աշխատասեր են», եւ ահա Կարոյի ասածը Իլֆի ու Պետրովի կապակցությամբ հիշելով՝ հիմա սկսում եմ մտածել, որ էդ գործի առյուծի բաժինը պիտի որ հենց Պետրովի վրա եղած լինի, եւ Իլֆն, ըստ ամենայնի, հիմնականում կազմակերպչական հարցերով է զբաղված եղել, բայց էս ասածս երեւի մասամբ է իրականությանը համապատասխանում, որովհետեւ իրենց գրածներին ու իրենց գրածներից մանավանդ «Ոսկե հորթին» առնչվելուց հետո համոզվում ես, որ էդ գործին, այնուամենայնիվ, հրեայի գրիչ լավ էլ կպել է, որովհետեւ ռուս մարդն ու մանավանդ ռուս գրողը դժվար թե էդքան անսիրտ վերաբերվեր ակնհայտ ռուս Շուրա Բալագանովին, եւ եթե էդ վեպն ուշադրությամբ եք կարդացել ու էդ ֆիլմն էլ ուշադիր եք դիտել, դուք էլ երեւի նկատած կլինեք, որ էդ Շուրան էդ վեպի գլխավոր հերոսներից միակն է, որ ազգությամբ ռուս է եւ մյուսներից էականորեն է տարբերվում՝ իր անմիջականությամբ, միամտությամբ, պրիմիտիվությամբ, պարզամտությամբ ու տեղ-տեղ էլ՝ բթամտությամբ. այսինքն, պարզից էլ պարզ է, որ առնվազն Շուրայի կերպարին հրեայի գրիչ է կպել, ընդ որում՝ միանգամայն դիպուկ ու միանգամայն անվրեպ է կպել, իսկ ինչ վերաբերում է էդ վեպի ու էդ ֆիլմի մյուս գլխավոր հերոսներին, դրանց մեծ մասն, ըստ ամենայնի, հրեաներ են, եւ եթե հրեաներ էլ չեն, առնվազն ռուսներ չեն, եւ էդ հրեաներն ու կասկածելի ազգությունների կրողները հիմնականում աֆերիստներ ու ավանտյուրիստներ են, եւ էս ասածիցս ենթադրվում է, որ դրանց բոլորին ազգությամբ ռուս Եվգենի Պետրովի գրիչն է կպել. այսինքն, եւս մի ապացույց, որ չնայած Իլյա Իլֆի անունն ու ազգանունը գրքերի կազմերին ու ֆիլմերի տիտրերում առաջինն է նշվում, այդուհանդերձ, էդ քերթվածքների վրա Եվգենի Պետրովը պիտի որ ավելի շատ տքնած ու չարչարված լինի, իսկ ինչ վերաբերում է անձամբ Օստապ Իբրահիմովիչ Բենդերին, վերջինս թեպետ թուրքահպատակի որդի է ներկայացվում, իրականում ազգային պատկանելությունից զուրկ բացարձակ, բացահայտ ու ակնհայտ պոետ է եւ նույնիսկ հայ ընթերցողի ու կինոդիտողի համակրանքն է վայելում. ավելին. հատկապես հայ կինոդիտողի համակրանքն է վայելում, մանավանդ որ՝ «Ոսկե հորթի» հայերեն տարբերակը Խորիկի ու մյուսների շնորհիվ էապես է ռուսերեն տարբերակին գերազանցում՝ ինչպես որ «Համլետի» հայերեն կրկնօրինակն է ռուսերեն տարբերակին էապես գերազանցում, եւ հավանաբար էդ հանգամանքն էլ է պատճառ, որ մեզանում Համլետներն ու Օֆելյաներն անհամեմատ շատ են, քան Անգլիայում, Ռուսաստանում եւ այլուր, եւ չնայած էս հարցում Մասեհյանի դերակատարությունն էլ է շատ մեծ, պիտի խոստովանենք, որ Խորեն Աբրահամյանի կրկնօրինակումից հետո մեզանում Համլետներն էապես շատացան՝ ինչպես անձրեւից հետո սնկերն են շատանում, եւ չնայած հայ կինոդիտողն Օստապ Իբրահիմովիչ Բենդերին Համլետից պակաս չսիրեց, եւ չնայած «Ոսկե հորթի» դեպքում էլ էին Խորիկն ու էդ ֆիլմի թարգմանիչ Վարոս Հովակիմյանը համապատասխան բարձրության վրա, այդուհանդերձ, հայ կինոդիտողն առ էսօր իր որդիներին Բենդեր կամ Օստապ չի անվանում, եւ էսքանով ուզում եմ իմ էս ինքնուս գրականագիտությունն ու կինոքննադատությունն ավարտել՝ ոչ միայն էն պատճառով, որ ես ոչ բոլոր հարցերի պատասխաններն ունեմ, այլեւ էն պատճառով, որ չեմ ուզում Մուրադյան Դավիթի հացին վայիս լինել, մանավանդ որ՝ վերջինս մի քանի օր առաջ փոխնախարարի պաշտոնից հրաժարվելով՝ որոշել է վերջնականապես ու ամբողջովին նվիրվել գրականությանն ու կինոքննադատությանը, եւ, բացի այդ, եթե ինքնուս գրականագետի ու կինոքննադատի էս իմաստակություններս շարունակեմ, ավելի շատ ու ավելի մեծ հիմարություններ դուրս կտամ, որովհետեւ ես ոչ թե փիլիսոփա եմ, այլ՝ պոետ, եւ պոեզիան էլ, ինչպես համաձայնվեցինք, բանաստեղծություն գրելու կամ չգրելու հետ որեւէ կապ չունի, եւ քանի որ համաձայնվեցինք նաեւ, որ պոեզիան նույնիսկ փիլիսոփայությանն է կենդանություն հաղորդում, ես իմ էս գրականագիտական ու շարժանկարային իմաստակությունները դադարեցնելով՝ ուզում եմ վերադառնալ պոեզիայի դաշտ, եւ քանի որ արդեն համաձայնության ենք եկել, որ մաքուր ու իսկական պոեզիան մեր անցյալն ու մեր հիշողություններն են, պիտի վերջնականապես համաձայնվենք նաեւ, որ բանաստեղծություն գրելը յոթ տարի առաջ բարեհաջող ու վերջնականապես թարգելով՝ ես ավելի ու ավելի եմ առնչվում բուն պոեզիային, քան՝ սրանից յոթ ու ավելի տարիներ առաջ, երբ Աստծո ամեն առավոտ նստում եւ մտքերս ու զգացմունքներս էի հանգավորում, եւ հիմա, երբ բանաստեղծություն գրելը բարեհաջող թարգելս հիշեցի, հիշում եմ նաեւ, որ էդ ուղղությամբ առանձնապես մեծ ջանքեր չգործադրեցի. այսինքն, բանաստեղծությունը թարգելն իմ դեպքում միանգամայն բնական ու անբռնազբոս ստացվեց, եւ բանաստեղծությունը թարգելով՝ սահուն քայլերով ու աննշմար անցում կատարեցի արձակին, եւ ընդամենը մի քանի պատմվածք գրելուց հետո հասկացա, որ ես ոչ թե բանաստեղծություն գրելն եմ թարգել, այլ՝ մտքերս ու զգացմունքներս չափավորելու ու հանգավորելու գործը, եւ չնայած էսօրվա օրով շատերն են փարիսեցիաբար ասում թե՝ բանաստեղծություններս շատ լավն էին, ես ամենից ավելի բանաստեղծություններս հետին թվով գովաբանողների էս գովեստներին չեմ հավատում, որովհետեւ էդ ժամկետանց գովերգակներն էն մարդիկ են՝ ովքեր առ էսօր գլխի չեն ընկել, որ ես ոչ թե բանաստեղծությունն եմ թարգել, այլ՝ մտքերիս եւ զգացմունքներիս չափավորման ու հանգավորման գործը, ու էդ հանգավորումներս հետին թվով ու էսքան ուշացումով գովաբանողները հիմնականում նրանք են՝ ովքեր ժամանակին էդ հանգավորումներս հնարավորինս փնովում էին, եւ հիմա ուշացումով ու էսքան անտեղի դրանք գովաբանելով՝ ընդամենն ուզում են ինձ հասկացնել, որ արձակի ու մանավանդ վեպի ասպարեզում անելիք չունեմ եւ իզուր եմ էսպես անվերջ ու շարունակաբար կոտորում ինձ. այսինքն, էս մարդիկ էն մարդկանցից են, որոնք էս կյանքում որեւէ անելիք չունեն, եւ որոնց անելիքն էս կյանքում որեւէ բան անողների տրամադրությունը գցելն ու որեւէ բան անողների դեմն առնելն է, բայց իմ ու էս վեպիս առումով դեռեւս լուրջ ու շոշափելի հաջողությունների չեն հասնում, որովհետեւ էս վեպիս կապակցությամբ ինձ ոգեւորողներն էապես գերազանցում են ինձ կոտրողներին, եւ հատկապես ու առանձնապես իրենց անձնական արժանիքներով են գերազանցում, ու էս ոգեւորողների շնորհիվ է, որ չեմ կոտրվում ու չեմ դադարեցնում էս սկսածս, որի ավարտը միայն ու միայն Աստծուց է կախված, իսկ ինչ վերաբերում է մյուս ոգեւորողներին ու խրախուսողներին, հուրախություն ու ի զարմանս ինձ՝ դրանց քանակն օրեցօր ավելանում եւ ոչ թե պակասում է, եւ, որ ամենակարեւորն է, էդ ավելացողները նրանք են, ովքեր առանց իմ բացատրության՝ միանգամայն ինքնուրույն են հասկացել, որ ես էս անվերջանալին սկսելով՝ ոչ թե պոեզիան եմ թարգել, այլ, ընդհակառակը, նոր-նոր եմ մուտք գործել պոեզիա, իսկ ինչ վերաբերում է որեւէ բան թարգելուն, վերջերս միայն ու միայն բուքմեյքերական տվայտանքներս թարգելու ուղղությամբ եմ օրուգիշեր մտածում ու մտմտում, որովհետեւ ինչ հնարավոր էր՝ կորզեցի ու ստացա բուքմեյքերական էդ սպանդանոցներից, եւ ստացածս էլ ոչ թե նյութական ու շոշափելի ինչ-որ բան էր, այլ հիմնականում՝ հոգեւոր, ավելի ստույգ՝ հոգեկան, եւ չնայած բուքմեյքերական էդ անմարդկային ու համամարդկային զբաղմունքս էս վեպիս համար ահագին թեմա ու նյութ հանդիսացավ, էսքանից ավելը երեւի արդեն հարամ է՝ ե՛ւ թեմայի, ե՛ւ մանավանդ ապրելու ու խաղալու իմաստով, ընդ որում՝ նախ եւ առաջ խաղալը պիտի կտրուկ թարգվի, հետո նոր՝ էդ խաղերի ու խաղադրույքների մասին գրելը, ընդ որում՝ պիտի ոչ միայն խաղալը թարգվի, այլեւ՝ բուքմեյքերական էդ տարածքներ ոտք դնելը, որովհետեւ հակառակ տարբերակը փորձել եմ եւ, փաստորեն, ոչնչի չեմ հասել, եւ չնայած սկզբնական շրջանում թվում էր թե՝ որոշակի հաջողության, այնուամենայնիվ, հասել եմ, էդ որոշակի հաջողությունն ընդամենը հինգ ու վեց ամիս տեւեց. այսինքն, հինգ ու վեց ամիս էդ բուքմեյքերական տարածքներից ոտքս չկտրելով ու էդ տարածքները ելումուտ անելով՝ հինգ ու վեց ամիս որեւէ խաղադրույք չդրի, եւ հինգ ու վեց ամիս շարունակ էդ խաղադրույքների մեջ խրված նախկին խաղընկերներիս նախանձի առարկան էի, ու երեւի էս ասածիցս ու տրամադրությունիցս կռահեցիք, որ ինքս էլ եմ նորից ու վերստին խրված, ընդ որում՝ ոտովգլխով ու եղածչեղածովս, ինչպես նաեւ՝ ունեցածչունեցածովս, եւ եթե ձեզ թվում է թե՝ բուքմեյքերականների ու խաղադրույքների թեման էս վեպիս տարածքում չափից ավելի եմ արծարծում ու չարաշահում, ինձ միանգամայն հակառակն է թվում. ինձ թվում է, որ իմ բաժին կյանքի եւ իմ բաժին ժամանակի տարածքում եմ էդ խաղամոլությունն ու մոլագարությունը չարաշահում, եւ հիմա վերստին ողջ հոգովս ու մտքովս էդ մոլագարությունը թարգելս եմ տենչում ու երազում, եւ արդեն գիտեմ, որ մոլագարությունս թարգելու համար նախ ոտքս պիտի էդ տարածքներից ու էդ մթնոլորտից կտրեմ, բայց էս հասարակ բանը հստակ գիտակցելով՝ հիմա արդեն բույքմեյքերական այլ մոլագարների պես հստակ գիտակցում եմ, որ էս տեղերից ոտքս կտրելու համար նախ պիտի այլ զբաղմունք ու ժամանցի այլ վայր գտնեմ, որովհետեւ էսքան էս ու այլ բաների մասին գրելով՝ օրվա երկրորդ կեսն ամբողջովին ազատ ու պարապ եմ մնում, ու էն մարդկանցից էլ չեմ, որ առավոտից իրիկուն հեռուստացույցի առաջ ու տնեցիների շնչին նստեմ. այսինքն, եթե նույնիսկ շատ ուզեմ, էս վերջին տարբերակն էլ է անիրական ու անհավանական՝ ինչքան մյուս անիրականներն ու անհավանականները, որոնցից մեկն էլ Օրթախ Աբոյի, Հայկունի, Սերոբի եւ ճշգրիտ գիտությունների այլ ներկայացուցիչների հետ ամեն իրիկվա ութից տասնմեկը «Տրիումֆ» սրճարանում նստելն է, եւ չնայած էս տարբերակն անձամբ ինձ համար առավել պատկերացնելի է, քան՝ նույն էդ ժամերը «Կետիկնոցում» գրողների ու բանաստեղծների հետ մսխելը, այդուհանդերձ, «Տրիումֆի» տարբերակն էլ առանձնապես խելքին մոտիկ չի, որովհետեւ էսօրվա «Տրիումֆում» կամ թեկուզ «Պապլավոկում» ամեն իրիկուն մի քանի հոգով մի ժամից ավել նստելու ու ժամանակ մսխելու համար առնվազն հինգ հազար դրամ նկատի պիտի ունենաս, բայց որպեսզի մի քիչ երկար նստեք եւ էդ օրվա բացականերին ավելի երկար ու ավելի բազմակողմանի բամբասեք, պիտի եւս հինգ հազար նկատի ունենաք, այլապես մատուցողն ու մատուցողուհին րոպեն մեկ կանգնելու են շնչներիդ՝ ուրի՞շ ինչ եք ուզում,- եւ դրանց էդ պերմանենտ հարցն ուղղակի հոգիդ հանում է, մանավանդ՝ եթե իսկապես արդեն ոչ սուրճ ես ուզում ու ոչ էլ դրանց էդ թանկարժեք ու սովորական խմելու ջրերից, բայց ճարահատյալ էլի ես սուրճ ու սովորական էդ խմելու ջրից պատվիրում, որովհետեւ էդ պերմանենտ սրճերն ու կիսաթանկարժեք էդ խմելու սովորական ջրերն առողջությանն էնքան վտանգավոր չեն, ինչքան՝ բացակաների վերաբերյալ բամբասանքը կիսատ թողնելը, բայց բամբասանքի թեման միանգամայն ուրույն թեմա է, որին էսպես թռուցիկ անդրադառնալն ուղղակի սրբապղծություն է, եւ բամբասանքի էս ուրույն ու նվիրական թեման ժամանակավորապես դադարեցնելով եւ ավելի հարմար ու ավելի պատեհ պահի հետաձգելով՝ պիտի վերադառնամ սրճարանային ու բուքմեյքերական կյանքերի ու կենցաղների համեմատությանը. էս թռուցիկ համեմատությունիցս հետո երեւի դուք էլ արդեն հասկացաք, որ բացարձակապես ու բացառապես էս վեպի հոնորարներով ապրողի համար ամեն օր բուքմեյքերական հաճախելը ֆինանսական վնասի իմաստով գրեթե նույնն է՝ ինչ ամեն իրիկուն «Տրիումֆում» կամ հարակից լճափի սրճարանում ժամուկեսից երկու ժամ նստելը, եւ էս համեմատությունից «Կետիկնոցը» դուրս եմ թողնում, որովհետեւ «Կետիկնոցն» իսկապես անհամեմատելի է՝ թեկուզեւ էն իմաստով, որ «Կետիկնոցում» աջուձախ ոչ միայն չկայացած գրողներ ու բանաստեղծներ են վխտում, այլեւ՝ չկայացած քաղաքական գործիչներ, որոնք նույնիսկ չկայացած գրողներից ու բանաստեղծներից են վտանգավոր, որովհետեւ չկայացած գրողներն ու բանաստեղծներն իրենց երեւակայությանը զոռ տալով՝ կարող են իրենք իրենց եւ նույնիսկ իրենց շրջապատին համոզելով հավատացնել թե՝ միանգամայն կայացած են, մինչդեռ չկայացած քաղաքական գործիչներն էդ հնարավորությունը չունեն, որովհետեւ եթե էս վերջին երկու տասնամյակներում դեպուտատ կամ առնվազն դեպուտատության թեկնածու չես եղել, անկախ Հայաստանում քեզ ոչ ոք լուրջ քաղաքական գործիչ չի համարի, եւ չնայած «Կետիկնոցում» սուրճն ու էդ սովորական անգազ ջուրը լճափի սրճարանի ու մանավանդ «Տրիումֆի» սուրճից ու ջրերից անհամեմատ էժան են, «Կետիկնոցում» մի քանի ժամ նստելու ու բացականերից մի քանի ժամ բամբասելու հաշվին էլ կարելի է ցանկացածդ բուքմեյքերականում չափազանց հետաքրքիր խաղադրույքներ դնել, եւ, ինչպես երեւի կռահեցիք, ես, չնայած գների էական տարբերությանը, նախապատվությունը միանշանակ «Տրիումֆին» ու լճափի սրճարանին եմ տալիս՝ հիմնականում չկայացած գրողների ու չկայացած քաղաքական գործիչների քչության պատճառով, եւ եթե սրան գումարենք նաեւ էն հանգամանքը, որ «Կետիկնոցում» ոչ միայն չկայացած գրողներն ու գործիչներն են հերթապահում, այլեւ՝ կայացածները, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ կայացածները չկայացածներից պակաս վտանգավոր չեն, վերջնականապես հասկանալի կդառնա՝ ինչու եմ նախապատվությունը «Տրիումֆին» ու լճափի սրճարանին տալիս, բայց նախապատվությունը «Տրիումֆին» ու լճափի սրճարանին տալով՝ էդ տեղերից էլ եմ հնարավորինս խուսափում, որովհետեւ ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել էն մտքի հետ, որ մի քանի բաժակ սուրճի ու մանավանդ սովորական ու անգազ խմելու ջրի համար կարելի է օրական հինգ հազար դրամ ջուրը գցել. այսինքն, արդեն իսկ իրականություն է դառել էն, ինչը կապիտալիզմի առաջին տարիներին կատակով ենթադրում էինք. եթե հիշում եք, կատակով ասում էինք, որ եթե էսպես շարունակվի, շուտով խմելու ջուրն էլ փողով կդառնա. եւ ահա խմելու ջուրը փողով է՝ տանն ու մանավանդ սրճարաններում, եւ էս իրողության հետ ճարահատյալ հաշտվելով՝ ես, այնուամենայնիվ, նախապատվությունը «Տրիումֆին» ու լճափի սրճարանին եմ տալիս՝ ոչ միայն չկայացած ու կայացած գրողների ու քաղաքական գործիչների քչության պատճառով, այլեւ էն պատճառով, որ էս երկու տեղերում էլ հաշիվը փակելու գործը Շուրիկի, Հայկունի, Վարոյի եւ հիմնականում Օրթախ Աբոյի վրա է, եւ, որ ամենակարեւորն է, նրանք էդ սուրճերի ու ջրերի հաշիվը հաճույքով են փակում, եւ մանավանդ Օրթախն է էդ գործը հաճույքով անում, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ Օրթախ Աբոն «Տրիումֆում» ու լճափի սրճարանում յուրայինների հետ նստելուց մոտավորապես էն հաճույքն է ստանում, որը ես բուքմեյքերականներից ու խաղադրույքներից եմ ստանում, դրան էլ գումարած՝ էդ օրվա բացակա ընկերներից բամբասելու հաճույքը, բայց եթե ասեմ թե՝ Օրթախը բացականերից բամբասելուց ավելի է հաճույք ստանում, քան՝ մյուսներս, սխալ ու անարդար կլինեի:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031