Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը

Հունվար 28,2012 12:20

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր` հունվարի 28-ին, շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբոլյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու խնդությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորանքները` քաջարի մեր զինվորներին ու զորավարներին եւ համայն մեր ժողովրդին:

Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ եւ աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի եւ ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը եւ պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի:

Փառք եւ գոհություն Աստծուն, որ մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաեւ` ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժողովրդի հոգում: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց բանակի կազմավորման եւ զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր զորաց եւ զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց բանակի:

Աղոթում ենք, որ Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի եւ արգասավորի մեր ջանքերը ի սեր մեր երկրի, մեր լուսավոր գալիքի հույսերի: Թող Տերը երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգեւի մարտերում մարտիրոսացած մեր զավակներին եւ Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի մեր բանակի զորավարներին ու մարտիկներին` արի ոգով եւ հաղթական բազուկով: Թող մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել