Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր չափանիշներ

Հունվար 28,2012 12:52

Խոսել բանակի 20-ամյա հոբելյանի մասին պաշտոնական վերամբարձ տոնով եւ աչք փակել թերությունների վրա, ազնիվ ու անկեղծ չէ: Այսօր մեր հասարակությունը, վստահ եմ, մի կողմից՝ հպարտանում է մեր բանակով եւ նրա անցած ճանապարհով, իսկ մյուս կողմից էլ՝ այս կայացած կառույցի նկատմամբ ավելի պահանջկոտ է, քան ցանկացած այլ գերատեսչության հանդեպ: Որովհետեւ, եթե հարկային տեսուչն է կաշառակեր, դա դիտվում է որպես տվյալ ոլորտին հատուկ թերություն, բայց եթե հրամանատարն է այդպիսին, դա ընկալվում է որպես ոչ միայն որպես արատ, այլեւ որպես մեր պետությանը սպառնացող վտանգ: Երբ սովորական, «քաղաքացիական» օլիգարխն է հարստահարում իր տարածքի ժողովրդին՝ մեկ-մեկ ինչ-որ «բարեգործական» ոսկորներ շպրտելով նրան, մարդիկ նման «թագավոր-ախպորը» պարզապես ատում են, երբ նույնը անում է գեներալի ուսադիրներով օլիգարխը, նրա ամեն մի քայլը ներքին ընդվզում է առաջացնում: Եթե քաղաքացիական կյանքում են սպանությունը պարտակում, դա գնահատվում է որպես «մենթերի» կամ դատախազների հանցագործություն, երբ բանակում է դա արվում, ծառայող զինվորի ամեն մի մայր տագնապով է լցվում:

Այդպիսով, չափանիշները, որոնք կիրառվում են բանակի նկատմամբ, ավելի բարձր են: Այդպես էլ պետք է լինի. մարդիկ այս պետությունից, ըստ էության, քիչ բան են ուզում՝ առաջին հերթին, կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմաններ: Իսկ ամենակարեւոր պահանջը հետեւյալն է. այն տղան, որը կանգնած է մեր պետության սահմանին, պետք է իրեն ապահովված զգա թիկունքից, պաշտպանված լինի քրեական հակումներ ունեցող զինվորներից եւ «սամադուր» սպաներից: Իսկ որ դա՝ պաշտպանված լինելը, հնարավոր է՝ դրա գրավականը հենց մեր բանակի 20 տարում անցած փառապանծ ճանապարհն է:

Այս օրերին լրատվամիջոցներում ներկայացվում է Հայոց բանակի տարեգրությունը: Բայց մի հանգամանքի մասին, կարծես, առանձնապես չի խոսվում: Մեր բանակը ստեղծվել է 88-ի ոգուց, երբ բոլորն իրար սիրում էին, երբ բոլորը հպարտ էին, որ հայ են, երբ բոլորը վստահ էին, որ մեր ազգին փայլուն ապագա է սպասվում: Այդպիսի հիմքով կառուցված բանակը չի կարող պարտվել պատերազմում՝ անկախ հակառակորդի զինուժի քանակից եւ սպառազինության հզորությունից: Մեզ այսօր շատ բան է պակասում, բայց այդ բոլոր թերություններից ամենամեծն այն է, որ մենք այսօր չունենք ընդհանուր նպատակ: Կամ՝ գուցե այդ նպատակը կա, բայց մենք չենք կարող այն ձեւակերպել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031