Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ իրար է խառնվել Տեր-Պետրոսյանի տանը

Հունվար 28,2012 10:58

Ինչպես դասականը կասեր՝ ամեն ինչ իրար է խառնվել Տեր-Պետրոսյանի տանը։ Խոսքը, անշուշտ, ՀԱԿ-ի մասին է։ Իբր քիչ է, որ կոնգրեսի համամասնական ցուցակի այս կամ այն տեղը գրավելու համար իրար միս են ուտում, թունդ վեճուկռիվ է սկսվել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների ու «նախկին քաղբանտարկյալների» միջեւ։

Օրեցօր ծավալվող եւ նոր երանգներ ստացող ՀԱԿ… օտարված յուրայիններ հակամարտության հիմնական զարգացումներին արդեն անդրադարձել ենք, ուստի նոր մանրամասներին անցնելուց առաջ ուղղակի հպանցիկ հիշեցնենք դեպքերի ընթացքը։
Ժամանակին Վ.Սիրադեղյանի թիկնազորի առանցքային դեմքերից Սուրեն Սիրունյանը («Ճուտ»), որ մեղադրվել էր «յոթի գործով», հայտարարեց Եվրադատարան ուղարկված իր գանգատը հետ կանչելու մասին` նշելով, որ չի ցանկանում այսուհետ գործիք լինել ՀԱԿ-ի ձեռքին։ Նա հայտնեց, որ տասնյակից ավելի այլ «նախկին քաղբանտարկյալներ» եւսմտադիր են հետեւել իր օրինակին կամ արդեն հետ են կանչել ՄԻԵԴ ուղարկած դիմումները։

ՀԱԿ-ը շատ արագ ու ագրեսիվ հակադարձեց: Ի շարս այլոց, մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ վիճելի դատողություններով, թե ում են իրենք համարում քաղբանտարկյալ, ում՝ ոչ։ Նրա հայտարարություններից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նաեւ «քաղբանտարկյալներին» է տեսակավորում։

Դրան հաջորդեց արդեն ՀՀՇ անդամ (թերեւս՝ նախկին), նույնպես «նախկին քաղբանտարկյալ» Սամվել Աբովյանի հայտարարություն-բաց նամակը (տես՝ «Հայոց Աշխարհ», 26-ը հունվարի, «ՀԱԿ-ը գործում է մաֆիայի օրենքներով»)։ Ս.Աբովյանն էլ փորձեց, ի լրումն ամենի, պաշտպանել Ս.Սիրունյանին` միաժամանակ բացահայտելով ՀԱԿ-ի մաֆիական գործելակերպը։
ՀԱԿ-ի արձագանքն այս անգամ արդեն ընդհանրապես տարօրինակ ու ծիծաղելի էր։ Համոզվեք ինքներդ. ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանը թերթերից մեկում հայտարարեց, թե՝ «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ու նրա գործը` կարճվել, քանի որ նա ծառայություններ է մատուցել ռեժիմին։ Ավելի կոնկրետ. նա ցուցմունքներ էր տվել համաժողովրդական շարժման դեմ: Այդ պահից սկսած կոնգրեսը դադարել է նրան համարել քաղբանտարկյալ կամ քաղաքական հալածյալ։ Կարծում եմ, սրանով արդեն ամեն ինչ ասված է»։

Լրագրողների համար առանձնապես բարդ չէր բռնացնել ՀԱԿ-ի հերթական ստախոսությունը։ Մասնավորապես, «Առավոտ» կայքը ոչ միայն պարզեց, այլեւ ներկայացրեց կոնկրետ փաստեր, առ այն, որ «դադարված» Սամվել Աբովյանը, առնվազն մինչեւ երեկ, նշված է ՀԱԿ-ի «քաղբանտարկյալների եւ հալածյալների ցուցակ»-ում, այսպես ասած՝ «Ա խմբում», նշումով, որ նրա նկատմամբ «ներկայացված են շինծու մեղադրանքներ, եւ ում նկատմամբ շարունակվում է քննությունը կամ դատական պրոցեսը, սակայն փոխված է խափանման միջոցը»:

Իսկ «իրավապաշտպան» Վարդան Հարությունյանը, ՀԱԿ-ի ու «նախկին քաղբանտարկյալների» հակամարտությանն անդրադառնալով, մեկ էլ հայտարարում է. «Վստահ եմ, որ այս ամենն իշխանությունների մշակած սադրանքի արդյունք է: Ոմանք ակամա դառնում են այս սադրանքի մասնակիցը»:

Այ քեզ բա՜ն։ Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, բանից պարզվում է, այդ «իշխանությունների սադրանքն» է, որ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը սորտավորում է «քաղբանտարկյալներին»։ Կամ՝ երեւի իշխանությունների սադրա՞նքն է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացահայտ սուտ է ասում՝ հայտարարելով, թե՝ «այսինչին քաղբանտարկյալ չենք համարում…», այնինչ մարդը լավ էլ հիշատակված է այնտեղ, որտեղ «համարվողներն» են։

Իսկ միգուցե Վարդան Հարությունյանն իրավացի է, եւ այդ ամենն «իշխանության սադրանքի արդյո՞ւնք» է։ Բայց այդ դեպքում արդեն հարց է ծագում, թե ո՞վ է ընդհանրապես ղեկավարում կոնգրեսը, եթե նրա քայլերը ներկայացվում են որպես «իշխանական սադրանք»։ Ի՞նչ իմանաս, գուցե իրավացի են Տեր-Պետրոսյանի ներկայիս զինակիցների ջանքերով օտարված նրա այն նախկին զինակիցնե՞րը, որոնք խոսում են ՀԱԿ-իշխանություն գործարքի մասին։

Ի դեպ, արժե թերեւս մեջբերել եւս մեկ «նախկին քաղբանտարկյալ» Սարգիս Հացպանյանի հայտարարությունը, որ երեկ շրջանառվում էր սոցցանցերում. «Եթե Գագիկ Ջհանգիրյանն է բնորոշում մարդու քաղբանտարկյալ լինել կամ չլինելը, պետք է ողբամ պարզապես»:

Վրեժ Ահարոնյան

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031