ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ, թանկագին հյուրեր
Այսօր ուրախությամբ ու հպարտությամբ լի այն օրերից է, երբ բոլորս շնորհավորում ենք միմյանց ու մերթ ժպիտով, մերթ արցունքով հիշում շուրջ երկու տասնամյակների վաղեմության շատ ու շատ իրադարձություններ, որոնք դարձան մեր հայրենիքի ու նորանկախ պետականության պաշտպանության հերոսական պատմության տարբեր դրվագները: Դրանք սկիզբ են առնում ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ թանկ ու հարազատ հասկացությունից, որի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս:
Կարդացեք նաև
Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Ռազմատենչ, նվաճող ածականները երբեք չեն բնութագրել հային, սակայն հանուն իր հողի, հավատի ու արժանապատվության` միշտ էլ անվարան սուր է վերցրել ձեռքը և այն բանեցրել ոչ պակաս հմտությամբ: Վկան` բազում նշանավոր հաղթանակները, որոնք մեկընդմիշտ ամրագրված են համաշխարհային ռազմարվեստում: Ասել է թե` հայոց բանակը և՛ հին է, և՛ նոր, և՛ դարերի փորձառությամբ թրծված, և՛ պատանեկան աշխույժով լի:
Այսօր մեր մեծ ժամանակակցի` Հայոց նոր բանակի տոնն է: Համաշխարհային պատմության էջերը երկար թերթելու դեպքում էլ թերևս չենք գտնի դեպքեր, երբ ազգային բանակը ստեղծվում է պետական-քաղաքական համակարգի փոփոխության, դաժան պատերազմի, աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման ու շրջափակման պայմաններում: Մեր զինված ուժերը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարել ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ դժվարին քննությանը դիմանալով, այսօր իր գոյության 3-րդ տասնամյակ է ոտք դնում մեր նախնիների և պատմության հանդեպ պարտքը մասամբ մարած, պատմական անարդարությունը վերականգնած:
Իսկապես: Հինավուրց հայ ազգին մոռացած աշխարհը մեր բանակի փայլուն, թվում էր, թե անհնարին հաղթանակից հետո էր, որ նորից հարգանքով մեզ նայեց: Բոլորի քննարկման առարկան ժամանակի հերոսն էր` հայոց բանակը:
Մեզ պարտադրված պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգաբար փոխանցված և հակառակորդից մեզ անցած սպառազինությամբ: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զինատեսակների սեփական արտադրություն:
Այո՛, մեր բանակն այլևս կայացած է, և հիմա արդեն հեշտությամբ են լուծվում բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք առաջ վիթխարի դժվարություն էին ներկայացնում: Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ այսպիսի բանակ ստեղծել, և փառք Աստծո, որ ունեցավ այդ կամքը, ուժն ու իմաստությունը, և փառք Աստծո, որ հայը տեսակով այդպիսին է: Այսօր մեր բանակի հարաճուն զարգացման հիմքում էլ ժողովրդի աշխատանքն է, ժողովրդի ըմբռնումը, ինչի շնորհիվ անձամբ Նախագահը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կարողանում են պետական միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը:
Անխոս, համազգային նման մոտեցման շնորհիվ են բանակում իրականացվող մեծածավալ աշխատանքները, այն, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները համալրվում են նորագույն ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, պաշտպանական գոտիներում և տեղամասերում կատարելագործվում են ամրաշինական կառույցները, տարեցտարի բարելավվում են զինծառայողների ծառայության, կենցաղի, հանգստի և ժամանցի պայմանները, ուշադրություն է դարձվում զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների և նրանց ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրների լուծմանը, իրականացվում են աննախադեպ ծավալների կապիտալ և վերանորոգման շինարարական աշխատանքներ:
Այս բոլոր միջոցառումների շնորհիվ օրեցօր ավելանում են մեր մարտական կարողությունները, ավելի է մեծանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և կարողանում ենք համոզված ասել, որ մեր բանակն իրոք մրցունակ է, անընդհատ կատարելագործվող, բարեփոխվող և բռնել է զարգացման ուղին: Այս իմաստով` շատ կարևոր են միջազգային ռազմական համագործակցության ուղղությամբ մեր աշխատանքները` հետապնդելով երկու հիմնական նպատակ` առաջինը` միջազգային ներգրավում` ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար. երկրորդը` միջազգային փորձի ներդրմամբ բարեփոխումների միջոցով ՀՀ պաշտպանության համակարգի արդիականացում: Ռուսաստանի հետ երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանության համատեղ չափորոշիչների ուղղությամբ իրականացվող ջանքերը նպաստում են Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը, իսկ ՆԱՏՕ-ի և մեր այլ գործընկերների հետ համագործակցությունն ուղղում ենք նոր կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը: Հայոց բանակը պատվով է կատարում նաև իր միջազգային պարտավորությունները, և Իրաքում, Կոսովոյում ու Աֆղանստանում տեղակայված իր խաղաղապահ զորախմբերի միջոցով օգնել և օգնում է կառուցել ազատ և ժողովրդավար հասարակություններ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարողացավ աշխարհին ներկայանալ նաև իր ճկունությամբ և բարեփոխվելու իր ունակությամբ: 2008-2011 թթ. ժամանակահատվածում իրականացվեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, որի արդյունքների իրականացմանն ուղղված գործողությունները միավորվեցին մեկ միասնական փաստաթղթում` ՀՀ զինված ուժերի զարգացման պլանում: Այն կոչված է հուսալի պաշտպանական կարողության, վերակառուցման, արդիականացման և ռազմական ներգրավման միջոցով ապահովել պաշտպանության ոլորտի երկարաժամկետ և կայուն զարգացումը:
Պաշտպանության նախարարության վերջին տարիների գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, այդ թվում նախազորակոչային տարիքի պատանիների, դպրոցականների, ուսանողների հայրենասիրական դաստիարակությանն ակտիվորեն աջակցելը: Կարևոր դեր խաղաց բանակի դռները հասարակության առջև բացելը, որը զինվորի առօրյային ծանոթանալու հնարավորություն ստանալով, իրական պատկերացում կազմեց զինծառայության մասին: Առաջիկայում էլ ձգտելու ենք է՛լ ավելի թափանցիկ լինել, կատարելագործել և արդյունավետ դարձնել բանակի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով մարդու իրավունքների պաշտպանությանը:
Բանակը ժողովրդինն է` ստեղծված նրան ծառայելու միակ առաքելությամբ: Շատ կարևոր է այն, որ ժողովուրդն իրապես զգում է բանակի ուժը, հավատում, որ պաշտպանված է հուսալիորեն: Սեփական բանակի նկատմամբ հպարտությունը, խանդավառ տրամադրությունը և միասնականությունը, որ իշխում էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսի օրերին, իսկապես անգնահատելի էր, և պետք է ձգտել այն պահպանել ընդմիշտ: Մենք մեր ժողովրդին պարտք ունենք տալու. այնպես պիտի անենք, որ 20 տարին բոլորած հայոց բանակն ապացուցի իր` արդեն հասուն ու առավել կայացած լինելը:
Այսօր այս դահլիճում ներկա են զինծառայողներ, ովքեր ճիշտ մեր բանակի տարեկիցներն են` ծնված 1992 թվականի հունվարի 28-ին: Այն ժամանակ նրանց ծնողները չէին էլ պատկերացնում, թե մեր ազգի համար ինչ կարևոր հոբելյանական օր են ծնվել իրենց զավակները: Այսօր իրողություն է այն, որ այս երիտասարդները իրենց ծառայությունը կատարում են կայացած և ողջ աշխարհում հեղինակություն վաստակած հայոց բանակում: Նրանք հպարտությամբ կարող են ասել, որ իրենք ծնվել են այնպիսի բանակի կազմավորման օրը, որն աշխարհում լավագույններից է. լավագույններից է իր մարտունակությամբ, որն ապացուցվում է հենց մարտական հերթապահության ժամանակ, լավագույններից է պահեստազորային ռեսուրսի մշտական բարձր պատրաստվածությամբ: Անկախ հայրենիքում ծնված ու ողջ գիտակցական կյանքում հաղթանակած բանակ ունեցող այս տղաներն այլևս անպարտելի են, նրանք, վստահ եմ, իրենց ճակատագրի տերն են լինելու և հայ ժողովրդին տանելու են լուսավոր և ուղիղ ճամփաներով: Ինչպես սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ նշեց ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը. «Ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է»:
Սիրելի՛ հայրենակիցներ, տոնական այս դահլիճում են շատ-շատերը, ովքեր իրենց ուսերին են կրել բանակի ստեղծման, կայացման պատասխանատու գործը և այսօր էլ սատարում են բանակին: ՀՀ ԶՈՒ անձնակազմի անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորին իրենց հայրենանվեր գործունեության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նրանց, այն տղաներին, ովքեր մարտական հերթապահության պայմաններում երկամյա ծառայությունը պատվով կատարելով, իրենց ավանդն են ներդրել հայոց բանակի զարգացման գործում ու այսօր պահեստազորում են` որպես հուսալի և օգնության պատրաստ ուժ:
Բանակի տոնը առաջին հերթին հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նվիրյալների, Ազատամարտի վետերանների տոնն է: Տոնական այս պահին մենք գլուխ ենք խոնարհում Արցախյան պատերազմի ժամանակ և հրադադարից հետո իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակի առջև: Մենք հոգու և խղճի պարտք ունենք տալու նրանց. պիտի ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների ընտանիքների բոլոր խնդիրները և ամեն քայլով պիտի հաստատենք նրանց սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու մեր պատրաստակամությունը: Պետք է շարունակենք նաև մշտական ուշադրության արժանացնել Հայրենական պատերազմի և Արցախյան պայքարի վետերաններին` նրանց պայքարի խորհուրդը և մարտական փառքի ավանդույթները փոխանցելով երիտասարդ սերնդին:
Այս տարի ևս ՀՀ զինված ուժերն առաջնորդվելու է «ՀՀ ԶՈՒ պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով: Մեր առաջիկա գործունեության գերակա խնդիրներն են լինելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության, անկախության և քաղաքակիրթ կեցության երաշխավորումը, զինված ուժերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը ու մարտական հերթապահության կատարելագործումը, ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի իրականացումը, ռազմական կրթության չափանիշների ներդրումը: Մենք շարունակելու ենք կարգապահության ամրապնդմանն ու արտակարգ դեպքերի բացառմանն ուղղված մեր հետևողական աշխատանքը, որի շնորհիվ 2011 թվականին մենք հասանք զինված ուժերի պատմության մեջ աննախադեպ լավ ցուցանիշի:
Պարո՛ն Նախագահ, հարգելի՛ հայրենակիցներ
Աշխարհի լավագույն բանակների շարքերում գտնվելուց նահանջ չի լինելու, նահանջ չի լինելու նաև մեր տարածաշրջանում անվտանգության, հավասարակշռության և արդարության ապահովման երաշխավորի դիրքից: Հանդիսավոր այս պահին Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցում և ժողովրդին վստահեցնում եմ` հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսան տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ, ոչ մի վայրկյան չի թուլացնելու զգոնությունը` հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը և ժողովրդի խաղաղությունը բոլոր տեսակի ոտնձգություններից: Մենք չենք գոհանալու եղած ձեռքբերումներով, քանզի միայն անխոնջ աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ կարող ենք կերտել մեր ազգի ու պետության փայլուն ապագան:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայոց ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:
Աստված պահապան` մեր համաժողովրդական իղձերի իրականացման ճանապարհին:
Հավե՛րժ փառք Հայոց բանակի նվիրյալներին: